Ամերիկյան Microchip Technology-ն գնել է հայկական «Ինստիգեյթ Կիսահաղորդիչներ» ընկերությունը

31 մայիսի, 2023  17:06

Հայկական «Ինստիգեյթ» ՓԲԸ ընկերությունների խումբը պայմանագիր է ստորագրել միկրոէլեկտրոնիկա արտադրող հսկա, ամերիկյան Microchip Technology Inc. ընկերության հետ՝ վերջինիս կողմից «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերության ձեռքբերման և այդ հիմքով Microchip ընկերության հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ՝ ազդարարելով իր մուտքը հայաստանյան ՏՏ շուկա։ Այդ առիթով ընկերությունն իր պաշտոնական հարթակներում թողարկել է նաև համագործակցությունը նկարագրող կարճ ֆիլմ։

Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռ երկու տարի առաջ։ Ստեղծվել էր «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» ընկերությունը, որն «Ինստիգեյթ» ընկերությունների խմբի անդամ է և հիմնական գործունեության շրջանակը Microchip ընկերության պատվերով EDA ոլորտի նախագծերի իրականացումն է։ Վերջինս հեռահար ծրագրեր ուներ` աճեցնելու մեծ թիմ, փոխանցելու ամբողջ փորձն ու գիտելիքը՝ օգտվելով «Ինստիգեյթ»-ում գործող կրթական և գիտահետազոտական ինստիտուտներից, որպեսզի սկսի աշխատանքները՝ արտապատվիրման տեսքով, իսկ հետագայում, Հայաստանում բացի իր մասնաճյուղը։

«Համագործակցության շրջանակը պետք է լիներ էլեկտրոնային նախագծման ավտոմատացման EDA ոլորտը՝ գլխավորապես FPGA֊ների նախագծումն ու մշակումը։ Մարտահրավերն ընդունվեց 2020-ի օգոստոսի 3-ին պաշտոնապես ձևակերպվեց և հիմնվեց «Ինստիգեյթ կիսահաղորդիչներ» (Instigate Semiconductor) ընկերությունը՝ ժառանգելով ինստիգեյթական արժեհամակարգը, մշակույթը և գործելաոճը»,- ասել է Microchip-ի հայաստանյան գրասենյակի ինժեներական թիմի ղեկավար Անի Սաֆարյանը։

Երկու տարի առաջ սկսված գործընթացը հաջողության հասավ, ընկերությունն իր սեփական մասնաճյուղերը բացեց մարզերում՝ Վանաձորում, Գյումրիում և Իջևանում և այս ընթացքում աշխատակազմը 8-ից հասցրեց 47, որոնցից 5-ը աշխատանքային պայմանագրեր ունեցող Իրական դպրոցի աշակերտներ են, իսկ ղեկավար անձնակազմի 80%-ը` «Ինստիգեյթ»-ի կրթական ծրագրերով նախապատրաստված աշխատակցիներ։

Իսկ այժմ՝ կնքված պայմանագրով, բաժնետոմսերի 100%-ը ձեռք բերվեց Microchip ընկերության կողմից։

«Ինստիգեյթը, իր ռիսկով, իր կապերով, իր միջոցներով ստեղծել է դուստր ընկերություն, թիմ է հավաքել, կարգավորել ենթակառուցվածքները, կազմակերպել թիմային աշխատանքը, ապա նախապես սահմանված ժամկետից հետո տրանսֆեր իրականացրել և փոխանցել բաժնետոմսերը ներդրողին»,- ասել է «Ինստիգեյթ» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Կորիուն Դավթյանը։ 

Առջևում ընդլայնման հեռանկարն է։ Մոտակա տարիներին Microchip֊ը պլանավորում է ընդլայնվել Application Engineering, Customer Support, Embedded Systems Programming, IP Verification ուղղություններով։

Microchip Technology-ն միկրոէլետրոնիկա արտադրող խոշոր ընկերություն է, որի շուկայական կապիտալիզացիան ավելի քան 40 մլրդ դոլար է։ Տարեսկզբին ընկերությունը հայտարարել էր ռեկորդային ֆինանսական արդյունքների մասին։


 
 
 
 
  • Արխիվ