Apple Music Classical հավելվածն այժմ հասանելի է Android սարքերի համար

31 մայիսի, 2023  11:04

Apple Music երաժշտության հոսքային ծառայության բաժանորդները, որոնք ունեն նաև Android սարքեր, այժմ կկարողանան Google Play-ից իրենց սարքերում ներբեռնել Apple Music Classical հավելվածը: Ուշագրավ է, որ iPad-ի և Mac-ի սեփականատերերը դեռ չեն ստացել Apple Music Classical-ի տարբերակները:

2021-ին Apple-ը հայտարարեց Primephonic-ի՝ դասական երաժշտության հոսքային ծառայությունը գնելու մասին, որը, ըստ ընկերության, մինչև 2022-ի վերջ պետք է նոր հավելվածի միջոցով միանար Apple Music-ին, տեղեկացնում է The Verge-ը:

Apple Music Classical հավելվածի iOS տարբերակը թողարկվել է մի քանի ամիս ուշացումով՝ մարտի 27-ին։ Այն թույլ է տալիս օգտվողներին որոնել դասական երաժշտություն, որը չի տրամադրում Apple Music-ի ինտերֆեյսը: Երեքշաբթի օրվանից այս հնարավորությունից կարող են արդեն օգտվել նաև Android սարքերի սեփականատերերը:

iOS-ի հավելվածի նման Apple Music Classical-ի Android տարբերակը որոնման ժամանակ չի ցուցադրում Apple Music-ի ամբողջ կատալոգը, այլ սահմանափակվում է միայն դասական երաժշտությամբ: Մշակողները նաև բարելավել են որոնումը` օպտիմալացնելով այն դասական երաժշտության համար․ այժմ արդեն հնարավոր է երաժշտությունը որոնել ըստ կոմպոզիտորի, ստեղծագործության կամ կատարողի անվան:

Apple Music Classical կարելի է մուտք գործել Apple Music-ի կամ Apple One-ի բաժանորդագրության միջոցով: Հավելվածն ապահովում է դասական երաժշտության առանց գովազդի ունկնդրում Apple Lossless ձևաչափով (մինչև 192 կՀց/24 բիթ), ինչպես նաև հազարավոր ձայնագրություններ՝ Spatial Audio-ի աջակցությամբ: Բացի դրանից, հավելվածը հասանելիություն ունի Primephonic-ի մանրամասն երաժշտական ​​մետատվյալներին, ինչը հեշտացնում է դրա հսկայական գրադարանի դիտումը։


 
 
 
 
  • Արխիվ