Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2022-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը. նախարար

30 մայիսի, 2023  17:19

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունը 2022-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, ԱԺ-ում 2022-ի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկմանը հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։

«Ընդհանուր աննախադեպ աճ ենք ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների կամ բարձր  տեխնոլոգիաների ոլորտում։ Ոլորտի շրջանառությունը հաշվելու համար տարբեր գնահատականներ, տարբեր մեթոդաբանություն կա՝ կախված նրանից, թե որ դասիչներն ենք մենք ներառում […] բայց չենք սխալվի, եթե ասենք, որ ոլորտի ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 1 մլրդ դոլարը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ոլորտում աշխատողների թիվը 20,000-ից ավելի է եղել անցած տարի։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022-ի հունվար-դեկտեմբեր ամիսների տեղեկատվական ոլորտի շրջանառությունը կազմել է 294,6 մլրդ դրամ (մոտ 770 մլն դոլար)։

data IT turnover.JPG (36 KB)

Ռոբերտ Խաչատրյանը հիշեցրեց, որ Հայաստանում շարունակում է գործել ՏՏ նոր ընկերությունների արտոնությունների մասին օրենքը, սակայն ո՛չ այս, ո՛չ այլ արտոնություններ չեն տարածվում առցանց խաղերի վրա։ Թեև դրանք պաշտոնապես համարվում են ՏՏ ընկերություններ, սակայն աջակցության շրջանակը, ըստ տնտեսական գործունեության տեսակների, որոշվում է այնպես, որ խաղային ոլորտի ընկերությունները չստանան այն:

Հավելենք, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով ՏՏ ոլորտի փոքր ընկերությունները, որոնք նոր են սկսել իրենց գործունեությունը, ազատվում են բոլոր հարկերից, բացառությամբ եկամտային հարկի։ 2015-ին ուժի մեջ մտած օրենքի գործողության ժամկետը սպառվել է, սակայն երկարացվել է մինչև 2023-ի վերջ։ Օրենքի նոր տարբերակով պետությունը մտադիր է նույն աջակցությունն առաջարկել ոչ միայն ՏՏ ոլորտի մասնագետներին, այլև բարձր տեխնոլոգիաների ոլորտի այլ ոլորտների (օրինակ՝ էլեկտրոնիկայի) ընկերություններին։


 
 
 
 
  • Արխիվ