SpaceX-ը տիեզերանավ է արձակել՝ զբոսաշրջիկներով. նրանք 8 օր կանցկացնեն ՄՏԿ-ում (տեսանյութ)

22 մայիսի, 2023  12:08

SpaceX-ը տիեզերք է դուրս բերել տիեզերանավ, որում չորս զբոսաշրջիկ կա, այդ թվում՝ մի կին, որն առաջինն է Սաուդյան Արաբիայից, որը թռչում է տիեզերք։

Ինչպես տեղեկացնում է Space.com-ը, Ֆլորիդայում NASA-ի Քենեդի տիեզերական կենտրոնի 39A հարթակից SpaceX Falcon 9 հրթիռի թռիչքը մեկնարկել է մայիսի 21-ին, ժամը 17:37-ին EDT (Երևանի ժամանակով մայիսի 22-ին ժամը 01:37-ին), այն տիեզերք է դուրս բերել Հյուսթոնում հիմնված Axiom Space ընկերության Ax-2 առաքելությունը:

Հաջող արձակումից հետո հրթիռի առաջին փուլը զարգացրել է անհրաժեշտ արագություն, ինչից հետո այն անջատվել է և վերադարձել է SpaceX-1 վայրէջքի վայր, որը գտնվում է 39A հարթակի մոտ։ Հրթիռն ապահով վայրէջք է կատարել գործարկումից մոտ 7 րոպե 45 վայրկյան անց: Մեկնարկից մոտ 12 րոպե անց Freedom անունը կրող SpaceX-ի Ax-2 Dragon տիեզերանավն առանձնացել է Falcon 9 երկրորդ փուլի հրթիռից և շարունակել թռիչքը: 

Տիեզերանավի հրամանատարը NASA-ի նախկին տիեզերագնաց և Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) առաջին կին հրամանատար Փեգի Ուիթսոնն է: Հայտնի է, որ նա տիեզերքում անցկացրել է 665 օր՝ ավելի շատ ժամանակ, քան ցանկացած այլ ամերիկացի կամ ցանկացած այլ կին:

Նրա հետ են Ալի Ալ-Կարնին և Ռայանա Բարնաուին՝ Սաուդյան Արաբիայից առաջին տիեզերագնացները, որոնք այցելում են ՄՏԿ, ընդորում՝ Բարնաուին առաջին սաուդացի կինն է, որը երբևէ մեկնել է տիեզերք: Ax-2 առաքելությանը ներգրավված է նաև գործարար և STEAM-ի աջակից Ջոն Շոֆները, որը վճարովի տեղ է զբաղեցնում տիեզերանավում: Սա Շոֆների առաջին թռիչքն է դեպի տիեզերք, ինչը նրա ամենամեծ երազանքն է: SpaceX-ի տվյալներով՝ Շոֆները, որը ծնվել է Ալյասկայում, դարձել է այդ նահանգից առաջին մարդը, որը դուրս է եկել ուղեծիր:

Տիեզերանավը ուղղություն է վերցրել դեպի ՄՏԿ, որտեղ ժամանումը նախատեսված է Երևանի ժամանակով 16:24-ին։ Անձնակազմի անդամները տիեզերակայանում կանցկացնեն 8 օր, որի ընթացքում կապրեն և կաշխատեն յոթ տիեզերագնացների կողքին, որոնք ներկայումս բնակվում են ՄՏԿ-ում։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ