Հայ գիտնականը երկրաշարժերի «ախտորոշման» մեթոդ է առաջարկում

14 հոկտեմբերի, 2022  12:01

Երկրաշարժերի կանխատեսման վերաբերյալ այսօր սեյսմոլոգիայում գերիշխող տեսակետն այն է, որ կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ կանխատեսել երկրաշարժը: Այսինքն՝ հնարավոր չէ բավարար ճշգրտությամբ որոշել երկրաշարժի վայրը, ժամանակը և ուժգնությունը։ Երկրաբան Արմեն Ղազարյանը, որը երկար ժամանակ աշխատել է Նորվեգիայում, Կանադայում և Անգոլայում, իսկ այժմ վերադարձել է Հայաստան, պնդում է, որ երկրաշարժը կարելի է «ախտորոշել», և դա շատ կարևոր է Հայաստանի համար՝ որպես աշխարհի ամենասեյսմավտանգ երկրներից մեկը։

NEWS.am Tech-ը մեկնաբանություն է խնդրել մասնագետից՝ հաշվի առնելով վերջին օրերին տարածաշրջանում աճող սեյսմիկ ակտիվությունը։ Այսպես, հոկտեմբերի 5-ին և 10-ին Իրանում գրանցվել է երեք երկրաշարժ՝ 5.5, 5.1 և 4.8 մագնիտուդով, իսկ հոկտեմբերի 11-ին 4.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ 2011 թ․ փետրվարին նմանատիպ ակտիվությունը նկատվել է Հայաստանում՝ փետրվարի 5-ին և 13-ին տեղի են ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժեր, որոնց հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ։

Armen Ghazaryan

Հայաստանը՝ սեյսմավտանգ երկիր

Ինչպես պարզաբանեց գիտնականը, Հայաստանը համարվում է սեյսմիկ վտանգավոր երկիր այն պատճառով, որ երկրի ողջ բնակչությունն է սեյսմիկ վտանգի տակ, և նրա ողջ տարածքում շինարարությունը բավարար սեյսմակայուն չէ։ Բացի դրանից, ուժեղ երկրաշարժերն այստեղ այնքան հաճախ չեն լինում, որքան, ասենք, Ճապոնիայում, և, հետևաբար, հաջորդ սերնդի համար դրանք դառնում են անցած-գնացած մի բան, պատմություն, որը բթացնում է զգոնությունը և նվազեցնում աղետին դիմակայելու, պատրաստ լինելու մակարդակը։ Ի տարբերություն Ճապոնիայի, որը ցանկացած պահի պատրաստ է երկրաշարժերի, և նրա ողջ բնակչությունը գիտի, թե ինչ պետք է անել այդ պահին։

Արմեն Ղազարյանը շարունակել է 1978 թ․ Հայաստանի երկրաբանական գիտությունների ինստիտուտի և Մոսկվայի Ա. Վ. Ի. Վերնադսկու անվան երկրաքիմիայի եւ վերլուծական քիմիայի ինստիտուտի գիտնականների խմբի սկսած համատեղ հետազոտությունները եւ դրա հիման վրա առաջարկել երկրաշարժի «ախտորոշման» նոր մեթոդ: Մեթոդը փորձարկելու համար նրան անհրաժեշտ են որոշակի սարքավորումներ, լավ թիմ և մի քանի տարվա աշխատանք։ Չնայած այն հանգամանքին, որ աշխարհում խորապես արմատացած է երկրաշարժերի կանխատեսման անհնարինության մասին կարծրատիպը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ղեկավարությունը որոշել է գիտնականին իր մեթոդը փորձարկելու տեղ և հնարավորություն տալ:

Գերիշխող տեսակետ

Արմեն Ղազարյանը պարզաբանեց, որ այն տեսակետի կողմնակիցների պնդումները, թե հնարավոր չէ կանխատեսել երկրաշարժերը (իսկ դրա ջատագովը Ռոբերտ Գելլերն է) հիմնված են այն բանի վրա, որ երկրաշարժի օջախի նախապատրաստման գործընթացն ունի պատահականության մեծ հավանականություն և կրում է բազմաթիվ արտաքին գործոնների ազդեցություն: Ուստի Գելլերն այս գործընթացը համարում է հնարավորինս մոտ քաոսային գործընթացներին։ Այսինքն, ըստ նրա, երկրաշարժի ուժգնությունը կախված չէ երկրաշարժ առաջացնող ուժից, և, հետևաբար, դա հնարավոր չէ կանխատեսել։ Գելլերի ամփոփումը հետևյալն է. ուժեղ երկրաշարժը չդադարող թույլ երկրաշարժն է: Եվ քանի որ թույլ երկրաշարժերը շատ են, անհնար է ասել, թե դրանցից որն է վերածվելու ուժեղի։

Ինչի՞ վրա է հիմնված Արմեն Ղազարյանի առաջարկած մեթոդը

Սովորաբար երկրաշարժերը կանխատեսելիս ելնում են նրանից, որ ապագա երկրաշարժը պետք է ինչ-որ նախանշան ունենա։ Այն փնտրում են ինչ-որ անոմալիայի, ցուցանիշների աճի տեսքով և, որպես կանոն, աղետից անմիջապես առաջ։ Արմեն Ղազարյանը, համեմատելով Հայաստանի երեք հորատանցքերից (Արարատ, Քաջարան, Սուրենավան) վերցված ջրերի երկրաքիմիական ցուցանիշների տվյալները, պարզել է, որ նախանշանը ոչ թե ցուցանիշների ցայտքումն է, այլ հակառակը՝ հանդարտեցումը, և այն տեղի է ունենում դեպքից 4,5 ամիս առաջ։ Սովորաբար, ըստ նրա, ջրի ցուցանիշները օրական փոխվում են, իսկ արդեն 4,5 ամիս առաջ դրանք դադարում են փոխվել։ Ստացվում է, որ ջրի մեջ սպասվող երկրաշարժի ազդանշան կա։ Երբ անդորրը սկսվում է, և այն համընկնում է ջրում հելիումի լոկալ պարունակության առավելագույնի հետ, կարելի է պնդել, որ 4,5 ամսից սեյսմիկ վտանգի ժամանակաշրջան կլինի։

«Այսինքն՝ սա ոչ թե անոմալիա է երկրաշարժից անմիջապես առաջ, այլ՝ անդորր փոթորկից առաջ», - ասաց նա։

Երկրաբանն ուսումնասիրել է մի քանի ուժեղ երկրաշարժեր, որոնք տեղի են ունեցել տարածաշրջանում տարբեր տարիներին՝ Նարման (Թուրքիա, 1983), Սպիտակ (Հայաստան, 1988) և Ռուդբար (Իրան, 1992), և պարզել, որ բոլոր երեք դեպքերում էլ նույն բանն է տեղի ունեցել։

«Սրանք տարբեր երկրաշարժեր են, տարբեր մագնիտուդներով, բայց երկրաշարժերը կանխատեսող նշանը ստացվում են միեւնույն ժամանակ: Եվ դա բեկում է, քանի որ դա նշանակում է, որ բնությունը կրկնվում է: Այսինքն՝ եթե ցանց ստեղծենք, ապա 135 օր առաջ կկարողանանք պարզել, թե երբ, որտեղ և ինչ ուժով տեղի կունենա երկրաշարժը։ Եվ այս ընթացքում կարելի է ամբողջ քաղաքը վերափոխել», - ասաց նա։

Այս տվյալները ստանալուց հետո գիտնականը երկրաշարժերի դիտարկման ողջ շրջանի համար կազմել է գրաֆիկ՝ կախված ցնցումների ժամից։ Գծապատկերում կային մի քանի պիկեր՝ մեկը ժամը 12.00-ի սահմաններում: Պարզվեց, որ սեյսմիկ ակտիվությունն ունի պարբերականություն և այն կապված է ոչ թե երկրակեղևային, այլ երկնային երևույթների հետ։ Այսինքն՝ ուժեղ երկրաշարժերը կարող են կապված լինել լուսնային և արևային ցիկլերի հետ։

Տվյալների հետագա վերլուծությունը, ըստ գիտնականի, ցույց է տվել, որ երկրաշարժը հարաճող գործընթաց է, իսկ էպիկենտրոնի վրա ազդող ուժը քառակուսային է (ոչ գծային, ինչպես պնդում է Գելլերը)։

«Այն գաղափարը, որ ուժեղ երկրաշարժերը պատահականորեն զարգացած թույլերն են, չի դիմանում քննության: Ուժեղ երկրաշարժը տարբերվում է թույլից նրանով, որ երկար կյանք ունի։ Այնպես որ, նախապես կարող ենք գտնել», - ասաց Արմեն Ղազարյանը։

Նա նշեց, որ երկրաշարժը որոշակի գործընթացի ավարտն է, և եթե մենք հետևենք ամբողջ գործընթացին, կհասկանանք, թե երբ այն կավարտվի։ Խոսքը նույնիսկ երկրաշարժի կանխատեսման մասին չէ, այլ ախտորոշման՝ երկրաշարժ կլինի, թե ոչ։

«Եթե մենք հորատանցքերի ցանց ստեղծենք և 2,5 տարվա ընթացքում մի քանի չափման կետերում տվյալների հիման վրա հավաքենք վիճակագրություն, կարող ենք հաշվարկել տեղի ունենալիք երկրաշարժի ժամանակը (մի քանի օրվա ճշգրտությամբ), գտնվելու վայրը (մի քանի կիլոմետր ճշգրտությամբ) և ուժը», - ասաց նա։

Armen Ghazaryan

Ի՞նչ է անհրաժեշտ նախագիծն սկսելու համար

Արմեն Ղազարյանի խոսքով, Հայաստանում գոյություն ունեցող հորատանցքերի վրա պետք է տեղադրել լավ ավտոմատիկայով առնվազն 12 կայան (երկու ցանց՝ յուրաքանչյուրը 6-ական կայանով՝ միմյանց կրկնօրինակելու համար), որոնք տեղեկատվություն կփոխանցեն տվյալների մշակման կենտրոնին։

Նա իր ձեռքով հավաքում է այդ կայանները՝ տարբեր երկրներում ապրող իր ընկերների աջակցությամբ։ Այժմ կայանների մի մասն արդեն պատրաստ է, և դրանք կարող են տեղադրվել, սակայն, ըստ Արմեն Ղազարյանի, այս ցանցը պետք է լինի պետական, որպեսզի դրա տվյալներին վստահեն։ Երկրաբանական գիտությունների ինստիտուտը նրան աշխատանքի տեղ է հատկացրել, իսկ հորատանցքերի հսկողությունը պետք է իրականացնի Հայաստանի ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը։ Այժմ Արմեն Ղազարյանը համագործակցություն է հաստատում ինստիտուտի, Սեյսմիկ պաշտպանության ծառայության և այլ կառույցների միջև, որոնք պետք է ներգրավվեն ծրագրի իրականացման գործընթացում։ «Կա ըմբռնում, որ մենք պետք է համախմբվենք և դա անենք: Ի վերջո, եթե ուժեղ երկրաշարժ լինի, բոլորս կարող ենք մահանալ»,- ասաց նա։

Հնարավոր երկրաշարժի ժամանակ գործողությունների պլանը

Արմեն Ղազարյանը նշեց, որ մի բան է երկրաշարժ կանխատեսելը, մեկ այլ բան՝ գործողությունների պլան մշակելը, թե ինչպես պետք է դրան արձագանքի կառավարությունը: Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, և երկրաշարժերի կանխատեսումը պետք է համարել պետության ​​առաջնահերթություններից մեկը. դա ազգային անվտանգության խնդիր է:

Եթե ​​նրան հաջողվի ապացուցել, որ իր մեթոդն աշխատում է, ապա հաջորդ խնդիրը քաղաքացիական պաշտպանությունն է։ Ախտորոշման հիման վրա հնարավոր կլինի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ սննդամթերք, ջուր և դեղամիջոցներ կուտակել, կացարաններ և ժամանակավոր ճամբարներ պատրաստել, բուժհաստատություններ և բժիշկներ պատրաստել, համալրել արյան պաշարները, կրթել բնակչությանը, չեղարկել զանգվածային միջոցառումները, փակել ուսումնական հաստատությունները, ազատել ճանապարհները, քաղաքից հանել շինարարական տեխնիկան, որպեսզի երկրաշարժից անմիջապես հետո ձեռնամուխ լինեն դրա հետեւանքների վերացմանը։

Տարածաշրջանային ցանց

Ի դեպ, Արմեն Ղազարյանն իր գաղափարի մասին խոսել է նաեւ Թբիլիսիում, պատմել վրացի գործընկերներին, որոնք մեծ հետաքրքրություն են ցուցաբերել դրա նկատմամբ։ Եթե ​​հնարավոր լինի նույն կայանները տեղադրել Վրաստանում, և փորձել այդ աշխատանքներին ներգրավել նաև Իրանը, ապա հնարավոր է տարածաշրջանային ցանց կառուցել, նշեց նա։ 


 
 
 
 
  • Արխիվ