Սարսափելու աստիճան իրական. հեղինակը ցուցադրել է իր վիդեոխաղի թիզերը՝ ստեղծելով անձնական վիդեոռեգիստրատորի իմիտացիա

14 հոկտեմբերի, 2022  13:44

Տեխնիկական նկարիչ և խաղերի մշակող Ալեքսանդր Շպինդլերը (Ֆրանսիա), որը հայտնի է նաև esankiy կեղծանունով, Twitter-ի իր միկրոբլոգում ցուցադրել է շութեր ժանրի խաղից կադրեր, որի վրա այժմ աշխատում է։ Հեղինակը խաղում իմիտացիոն լուծում է տվել՝ տպավորություն է ստեղծվում, թե խաղի ընթացքում պատկերը մարդը տեսնում է կրծքավանդակին ամրացված վիդեոռեգիստրատորի տեսախցիկի օբյեկտիվով, ինչը շատ օգտատերերի կարծիքով՝ չափազանց իրատեսական է և նույնիսկ սարսափեցնող:

Տեսանյութում ցուցադրվում են դեռևս անանուն խաղի ընթացքից կադրեր. գլխավոր հերոսը քայլում է լքված շենքում և ատրճանակով կրակում թշնամիների վրա: Այս ամենն այնքան իրատեսական է երևում, որ թվում է, թե նյութն իրականում նկարահանված է վիդեոռեգիստրատորի տեսախցիկով:

Մյուս կողմից, անհնար է ուշադրություն չդարձնել այն մանրամասներին, որոնք ցույց են տալիս, որ ամեն դեպքում գործ ունենք խաղի հետ․ շարժման անիմացիան շատ կտրուկ է, իսկ կրակելու ժամանակ արձակվող բոցը՝ չափազանց «խաղային»։

Արտաքինից խաղը մի փոքր նման է օրիգինալ DOOM-ին, որտեղ առաջին դեմքից բացվող տեսարանը նույնպես կրծքավանդակին ամրացված տեսախցիկի յուրովի նմանակում է։

esankiy new shooter game

Շատ օգտատերեր esankiy-ի առաջիկա խաղը համարում են «սարսափեցնող»: ApplefatGov օգտատերը, մասնավորապես, գրել է.

«Ինձ սխալ չհասկանաս, բայց սա նման է նրան, երբ 90-ականների քաղաքական գործիչները կանվանեին մարդասպանի սիմուլյատոր: Այնքան սարսափելի է, որ նույնիսկ ինչ-որ կերպ անհարմար ես զգում»:

Մշակողը դեռևս ոչ մի տեղեկություն չի հայտնել շութերի մասին։ Ըստ նրա պրոֆիլի, սակայն, կարելի է ենթադրել, որ խաղը ստեղծվում է Unreal Engine-ի վրա՝ 4 կամ 5 տարբերակի։ Ինչևէ, նախագիծը շատ հետաքրքիր է թվում, և եթե «ապրի» մինչև թողարկումը, անշուշտ մեծ ուշադրություն կգրավի։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ