5 խորհուրդ, որ Բիլ Գեյթսը կցանկանար տալ ինքն իրեն երիտասարդ հասակում

17 մայիսի, 2023  22:09

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը «իսկական բարձրագույն կրթություն» չի ստացել և ավարտական դիպլոմների տրամադրման արարողություն որպես այդպիսին չի եղել նրա կյանքում։ Բայց երեք անգամ նա ստիպված է եղել ելույթ ունենալ համալսարանի շրջանավարտների համար. առաջին անգամ նա դա արել է 2007-ին Հարվարդում, որը նա երբեք չի ավարտել, ապա 2014-ին՝ Սթենֆորդում: Իր երրորդ ելույթը նա ունեցել է Հյուսիսային Արիզոնայի համալսարանն ավարտած ապագա ինժեներներին և անտառտնտեսության մասնագետների առաջ:

Եվ իր խոսքում նա պատմել է այն մասին, թե ինչ կցանկանար լսել ավարտական այդ միջոցառման ​​ժամանակ, եթե այն իր կյանքում տեղի ունենար։

Նախ, նրա խոսքով՝ պետք է հիշել, որ կյանքը մեկ գործողությամբ պիես չէ։ Իսկ դա նշանակում է, որ այսօր ընդունված որոշումները կարող են մեծ նշանակություն ունենալ։ Բայց այն, ինչ դուք կանեք վաղը կամ հաջորդ տասը տարիների ընթացքում, այնպես չէ, որ դրանով կզբաղվեք մշտապես։

Երկրորդ՝ անհնար է չափազանց խելացի լինել։

«Երբ ավարտեցի քոլեջը, կարծում էի, թե գիտեմ այն ամենը, ինչ պետք է իմանայի: Բայց նոր բան սովորելու առաջին քայլը ընդունելն է այն, ինչը չգիտես: Ձեր կարիերայի ինչ-որ պահի դուք կբախվեք մի խնդրի, որը չեք կարող ինքնուրույն լուծել։ Երբ դա տեղի ունենա, խուճապի մի՛ մատնվեք: Շո՛ւնչ քաշեք։ Ստիպե՛ք ինքներդ ձեզ մտածել բոլոր դետալների մասին: Եվ հետո գտե՛ք խելացի մարդկանց, որոնցից կարող եք սովորել»,- ասել է նա:  

Երրորդ՝ Գեյթսը խորհուրդ է տալիս ընտրել այնպիսի աշխատանք, որն ինչ-որ կարևոր խնդիր է լուծում։

«Լավ նորությունն այն է, որ դուք ուսումն ավարտում եք այն ժամանակ, երբ շատ կարևոր հարցեր պետք է լուծվեն: (…) Օրինակ՝ ձեզանից շատերը կդառնան անտառապահներ: Ձեր դասախոսները պատմել են ձեզ այնպիսի առաջադեմ գործիքների մասին, ինչպիսիք են դրոնները, որոնք LIDAR-ն օգտագործում է անտառային ճշգրիտ քարտեզներ ստեղծելու համար: Կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար դուք կարող եք այս տեխնոլոգիան օգտագործելու նոր ուղիներ գտնել: Ձեզանից ոմանք պատրաստվում են ծրագրավորողի կարիերա սկսել: Դուք կարող եք օգտագործել ձեր տաղանդները, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան օգուտ քաղել արհեստական ​​բանականությունից, կամ օգնել՝ վերացնելու արհեստական բանականության հետ կապված նախապաշարմունքները»,- նշել է նա:

Չորրորդ խորհուրդը հիշեցնում է ընկերության ուժի մասին: Գեյթսը պատմում է, թե ինչպես է ընկերացել դպրոցում դասարանցիներից մեկի հետ, որը կիսում էր նրա հետաքրքրություններից շատերը և սիրում էր գիտաֆանտաստիկ վեպեր ու համակարգչային ամսագրեր: Այդ ընկերոջ անունը Փոլ Ալեն էր, և նրանք միասին հիմնեցին Microsoft-ը:

Գեյթսը շրջանավարտներին ասել է, որ իրենց դասընկերներն ավելին են, քան զուտ դասընկերը։ «Նրանք ձեր ցանցն են, ձեր ապագա համահիմնադիրներն ու գործընկերները։ Ձեր աջակցության, տեղեկատվության և խորհուրդների լավագույն աղբյուրները: Միակ ավելի արժեքավոր բանը ոչ թե այն է, թե ում հետ եք կանգնած այս բեմին, այլ այն, թե ում հետ եք այն լքում»,- ասել է նա:

Գեյթսի հինգերորդ խորհուրդը. դուք ծույլ չեք, եթե թույլ տաք ձեզ մի փոքր հանգստանալ:

«Երբ ես ձեր տարիքին էի, չէի հավատում արձակուրդներին: Ես չէի հավատում հանգստյան օրերին: Ինձ շրջապատող բոլորին ստիպում էի իսկապես քրտնաջան աշխատել: Microsoft-ի ստեղծման սկզբնական փուլում իմ գրասենյակի պատուհանը նայում էր ավտոկայանատեղիին, և ես հետևում էի, թե ով է շուտ գնում, ով է երկար մնում աշխատավայրում: Բայց երբ մեծացա, և հատկապես երբ հայր դարձա, հասկացա, որ կյանքն ավելին է, քան աշխատանքը: Ինձ նման այդքան երկար մի՛ սպասեք, որպեսզի սերտեք այդ դասը: Ընդմիջե՛ք, երբ պետք է»,- ասել է նա:   


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ