Ո՞ր դեպքերում կարող է ջնջվել Google-ի ձեր օգտահաշիվը

17 մայիսի, 2023  14:05

Googleթարմացրել է անվճար և հին օգտահաշիվների վերաբերյալ իր քաղաքականությունը. 2023-ի դեկտեմբերից ընկերությունը կջնջի երկու և երկու տարուց ավելի չօգտագործված օգտահաշիվները։

Նախքան օգտահաշիվը մեկընդմիշտ ջնջելը, Google-ը մի քանի ամիս շարունակ նախազգուշացումներ կուղարկի օգտահաշվի էլփոստի հասցեին, ինչպես նաև տվյալ օգտահաշվի վերականգնման համար նախատեսված էլփոստի հասցեին (եթե այդպիսին ներկայացվել է տվյալ էլփոստը բացելիս):

Օգտահաշվի ջնջվելուց հետո օգտատերերն այլևս չեն կարող մուտք գործել Gmail-ի իրենց էլփոստ։ Ընդորում, ջնջվելու են Gmail-ի բոլոր հաղորդագրությունները, Google օրացույցի իրադարձությունները, Google Drive ծառայության, Docs-ի և Workspace-ի  ֆայլերը, ինչպես նաև Google Photos-ի պահուստային օրինակները:

Հին ու չօգտագործվող օգտահաշիվները ջնջելու նոր քաղաքականությունը նախատեսվում է իրականացնել դանդաղ և զգույշ: Առաջինը կջնջվեն այն օգտահաշվիները, որոնք ստեղծվելու պահից հետո չեն օգտագործվել: Եթե ​​չեք ցանկանում, որ ձեր օգտահաշիվը ջնջվի, ապա պետք է ժամանակ առ ժամանակ մուտք գործեք այնտեղ, ստուգեք ձեր էլփոստը, օգտագործել Google Drive-ը, դիտել YouTube տեսանյութեր, ներբեռնել հավելվածներ Google Play-ում կամ գոնե ինչ-որ բան որոնել Google-ում:

Հարկ է նշել, որ նոր քաղաքականությունը վերաբերում է միայն սովորական՝ անվճար օգտահաշիվներին. կորպորատիվ կամ կրթական օգտահաշիվների վրա այն չի ազդի: Նաև ընկերությունը չի նախատեսում ջնջել YouTube-ի հին օգտահաշիվները և ըստ այդմ նաև օգտատերերի տեսանյութերը։

Google-ը նաև պարզաբանել է, որ հին օգտահաշիվները ջնջելու որոշումը պայմանավորված է օգտատերերին սպամից, ֆիշինգից և անվտանգության այլ սպառնալիքներից էլ ավելի պաշտպանելու անհրաժեշտությամբ։


 
 
 
 
  • Արխիվ