Գիտնականներն ածխաթթու գազը վերածել են սննդի և հուսով են, որ այն կլուծի պարենի խնդիրն ապագայում

4 մայիսի, 2023  14:03

Մյունխենի տեխնիկական համալսարանի գիտնականներն առաջարկել են ածխաթթու գազի օգտագործման նոր միջոց, որի շնորհիվ այն վերածվում է սննդի և կարող է փաստացի լուծել սննդի հետ կապված հարցը ինչպես մարդկանց, այնպես էլ ընտանի կենդանիների համար, այս մասին տեղեկացնում է Scitechdaily.com-ը:

Ըստ նոր փորձի, մթնոլորտ արտանետվելու փոխարեն, որտեղ այն ջերմոցային էֆեկտ է ստեղծում, ածխաթթու գազը կարող է կենսաքիմիական ռեակցիաների բաց շղթայի շնորհիվ հանգեցնել սպիտակուցի արտադրության համար անհրաժեշտ ամինաթթվի սինթեզին։

Արհեստական ​​սպիտակուցի արտադրության համար, որն անհրաժեշտ է ինչպես ընտանի կենդանիների, այնպես էլ մարդու սննդի համար, հարկավոր են մի շարք ամինաթթուներ, օրինակ՝ արհեստական ​​միս ստեղծելու համար։ Գերմանացի գիտնականները L ալանին ամինաթթվի սինթեզի համար մտածել են ռեակցիա և մտադիր են մշակել այլ անհրաժեշտ ամինաթթուների սինթեզի գործընթացներ, որպեսզի ի վերջո ածխածնի երկօքսիդից ամբողջական սպիտակուցային համալիրներ սինթեզեն:

L ալանինի սինթեզի կենսաքիմիական ռեակցիայի հիմքում ընկած է մեթանոլը, որն ստացվում է CO2-ից՝ վերականգնվող (հողմային կամ արևային) էներգիայի օգտագործմամբ: Մեթանոլն անհրաժեշտ է որպես միջանկյալ արտադրանք, քանի որ ամինաթթուն չի կարող ուղղակիորեն սինթեզվել ածխաթթու գազից։ CO2-ից մեթանոլ ստանալով՝ գիտնականները դրա հետ մի շարք ռեակցիաներ են անցկացնում՝ օգտագործելով սինթետիկ ֆերմենտներ: Արդյունքում ստացվում է ամինաթթու, որն անհրաժեշտ է սննդային սպիտակուցի սինթեզի համար: Այս նույն ամինաթթուն բնական ճանապարհով սինթեզելու համար անհրաժեշտ են հող, մարդիկ և երկարատև մշակման գործընթացներ։

Գիտնակաները նշում են, որ սինթետիկ ճանապարհով սպիտակուցների ստեղծումն ավելի ձեռնտու է, քան բնական ճանապարհով, քանի որ վերջինի դեպքում շատ են ռեսուրսների ծախսերը, վնասակար արտանետումները։ Բացի դրանից, ամինաթթուների և սպիտակուցների արտադրության սինթետիկ մեթոդը վնասակար արտանետումներ չի առաջացնում, եթե այն օգտագործում է վերականգնվող էներգիա:

Ուսումնասիրության հեղինակները կարծում են, որ առաջարկվող լուծումը կօգնի վերացնել Երկրի աճող բնակչության և պարենի սղության խնդիրը։ Սնունդը կբավարարի բոլորին, և այն կարտադրվի առանց շրջակա միջավայրին վնասելու։


 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
 
 
 
  • Արխիվ