Microsoft Edge-ը լրտեսո՞ւմ է օգտատերերին․ բրաուզերը այցելած կայքերի տվյալներն ուղարկում է Bing-ին

27 ապրիլի, 2023  10:28

Microsoft Edge բրաուզերը կարծես գաղտնիության հետ կապված խնդիրներ ունի։ Reddit համայնքում օգտատերերը բազմաթիվ հրապարակումներ են արել այն մասին, թե նկատել են, որ բրաուզերի վերջին տարբերակը Bing որոնողական համակարգի API-ին (bingapis.com) է ուղարկում իրենց այցելած գրեթե բոլոր վեբ էջերի ամբողջական հասցեները, տեղեկացնում է The Verge-ը։

Էնտուզիաստները փորձել են պարզել այս ֆունկցիայի նպատակը, բայց չեն կարողացել դա անել, քանի որ Bing API-ի այսպիսի կիրառումը փաստաթղթավորված չէ: Այս հարցով հետաքրքրվել է նաև Ռաֆայել Ռիվերա անունով մի ծրագրավորող։ Նա անցկացրել է իր սեփական հետաքննությունը և եկել այն եզրակացության, որ Edge-ի նման վարքագիծը կարող է պայմանավորված լինել բրաուզերի վատ ներդրված նոր գործառույթով:

«Microsoft Edge-ն այժմ ունի հեղինակի բաժանորդագրության ֆունկցիա (follow creators), որը լռելյայն կերպով միացված է: Թվում է, թե այն նախատեսված է Bing-ին ծանուցելու համար, երբ դուք գտնվում եք որոշակի կայքերում, ինչպիսիք են YouTube-ը, The Verge-ը և Reddit-ը: Կարծես ճիշտ չի աշխատում, քանի որ այն Bing որոնողական համակարգին տվյալներ է ուղարկում այցելած գրեթե բոլոր էջերի մասին»,- ասել է ծրագրավորողը։

Պարբերականը նշում է, որ Microsoft-ն սկսել է նշված գործառույթի փորձարկումը դեռ անցած տարի, և այն ավելի լայն տարածում է գտել վերջին ամիսներին։ Ենթադրվում է, որ այն կօգնի Edge-ի օգտատերերին հետևելու իրենց սիրելի ստեղծագործողներին YouTube-ում և այլ հարթակներում: Նաև նշվում է, որ եթե օգտատերն ինքնուրույն անջատի այդ բաժանորդագրությունը Edge-ի կարգավորումներում, ապա բրաուզերը կդադարեցնի այդ ինֆորմացիան ուղարկել Bing-ին։

«Մենք տեղյակ ենք հրապարակումների մասին, ներկայումս հետաքննում ենք և համապատասխան միջոցներ կձեռնարկենք հայտնաբերված խնդիրները լուծելու համար»,- ասել է Microsoft-ի հաղորդակցության բաժնի ղեկավար Քեյթլին Ռուլսթոնը:

The Verge-ը նշում է, թե քանի դեռ Microsoft-ը չի ավարտել իր հետաքննությունը և չի շտկել սխալը, Edge-ի օգտատերերին խորհուրդ է տրվում անջատել «Հետևել հեղինակներին» գործառույթը բրաուզերի կարգավորումներում:


 
 
 
 
  • Արխիվ