Նոր iPhone-ի վթարի հայտնաբերման գործառույթը կեղծ ահազանգեր է կատարում և անհարմարություններ պատճառում մարդկանց

11 հոկտեմբերի, 2022  20:14

iPhone 14-ի «վթարի հայտնաբերման» (crash detection) գործառույթն արդեն հասցրել է որոշ օգտատերերի անհարմարություններ պատճառել։ Խնդիրն այն է, որ շատ դեպքերում այն ակտիվացել է, երբ օգտատերերը զվարճանքների այգիներում նստել են «Ամերիկյան բլրակներ» կամ օգտվել այլ ատրակցիոններից, տեղեկացնում է Wall Street Journal-ը։

Վթարի հայտնաբերման գործառույթը ներդրվել է նոր iPhone 14-ում և Apple Watch Series 8-ում, Ultra-ում և SE-ում՝ iOS օպերացիոն համակարգի վերջին թարմացումների շրջանակում։ Այս գործառույթի ակտիվանալուց հետո հեռախոսը զանգահարում է 911 և տեղեկացնում, որ տվյալ հեռախոսի տերը վթարի է ենթարկվել, ինչից հետո շտապօգնությունը մեկնում է հեռախոսի գտնվելու վայր։

Apple-ը պարզաբանել է, որ այս գործառույթը ստեղծվել է մարդկանց «մտավոր հանգստություն» ապահովելու համար և ժամանակի ընթացքում կշարունակի կատարելագործել այն:

Capture.JPG (125 KB)

Այնուամենայնիվ, Wall Street Journal-ին տրամադրության տակ են հայտնվել տեղի շտապօգնության ծառայություններին ստացված վեց զանգերի ձայնագրություններ։  Օգտատերերի iPhone-ներում վթարի հայտնաբերման համակարգը գործարկվել է այն ժամանակ, երբ տերերը Օհայո նահանգի Ցինցինատի քաղաքից դուրս գտնվող Kings Island զվարճանքների այգում են եղել։

Զանգերից մեկի ձայնագրության մեջ լսվում է iPhone-ից ստացված ավտոմատ հաղորդագրություն, որում ասվում է. «Այս iPhone-ի տերը ավտովթարի է ենթարկվել և չի արձագանքում իր հեռախոսին»: Ուշագրավ է, որ նույն ձայնագրության հետին պլանում լսվում են զվարճանքի այգում առկա ձայները։

Վարորդները նույնպես դժգոհել են

Վարորդները նույնպես պատմել են, որ իրենց iPhone-ի վթարի հայտնաբերման համակարգը գործարկվել է, երբ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ հեռախոսը վայր է ընկել նրանց ձեռքից։ Քաղաքացիներից մեկը պատմել է, որ մոտոցիկլետով ընթանալիս է եղել, երբ հեռախոսը պատահաբար ընկել է ձեռքից և զանգահարել է 911, նաև կարճ հաղորդագրություն ուղարկել նրա հեռախոսում շտապօգնության համար նախատեսված կոնտակտներին։ «Այդ ընթացքում ողջ ընտանիքս մտածում էր, որ ես մահացել եմ»,- գրել է նա։

Կեղծ ահազանգերը կարող են վատնել շտապ օգնության ծառայության ժամանակը, նաև անհանգստություն պատճառել հարազատներին:

«Մենք շատ զգոն ենք զանգերի հարցում: Բոլոր զանգերն ստուգվում են: Ընթացքում սովորում ենք այն զանգերին, որոնք արտակարգ իրավիճակ չեն ներկայացնում, բայց դա անխուսափելի վնասն է, որ կրում են դիսպետչերները»,- Wall Street Journal-ին ասել է Մելիսա Բուրը, որը նման զանգեր ստացած Ուորեն շրջանի արտակարգ ծառայությունների տնօրենն է։

Զվարճանքի այգիներն արդեն ցուցանակներ են փակցում մուտքերի մոտ, որպեսզի քաղաքացիներին զգուշացնեն, որ ատրակցիոններից օգտվելու ժամանակ կարող է ակտիվանալ իրենց հեռախոսի կամ ժամացույցի վթարի հայտնաբերման գործառույթը և կեղծ զանգ կատարել 911։ Հետևաբար, քաղաքացիներին խորհուրդ է տրվում դրանք չկրել ատրակցիոնից օգտվելիս։

Այդուհանդերձ, iPhone-ի վթարի հայտնաբերման համակարգը վերջերս ապացուցել է իր օգտակարությունը, երբ Նեբրասկայում մահվան ելքով ավտովթարից հետո զանգահարել է 911։

Դաժան վթարներ

Ըստ Apple-ի՝ այս համակարգը նախատեսված է, որպեսզի ահազանգի ավտովթարների դեպքում, օրինակ՝ առջևի, կողային և հետևից ստացված հարվածների և մեքենայի շրջվելու ժամանակ։

Վթարը հայտնաբերելու համար հեռախոսը մի շարք սենսորներ է օգտագործում, նաև հաշվի է առնում ձայնը, օդային ճնշման փոփոխությունները, որոնք առաջանում են անվտանգության բարձիկների գործարկման հետևանքով, շարժման սենսորներից և GPS-ից ստացված տվյալները:

Վթարից հետո սարքը օգտատիրոջն առաջարկում է կա՛մ զանգահարել շտապօգնություն, կա՛մ չեղարկել ահազանգը։ Այդուհանդերձ, եթե օգտատերը 20 վայրկյանի ընթացքում չի արձագանքում, հեռախոսն ավտոմատ կերպով զանգահարում է շտապօգնություն։ Բացի դրանից, հեռախոսը նաև ահազանգող կարճ հաղորդագրություն է ուղարկում օգտատիրոջ շտապօգության համար նախատեսված կոնտակտներին, եթե այդպիսիք կան գրանցված հեռախոսում։

Ամեն դեպքում, նրանք, ովքեր մտավախություն ունեն, որ նման իրավիճակներում հեռախոսը կարող է կեղծ ահազանգ կատարել, կարող են ապաակտիվացնել այս գործառույթը կամ հեռախոսը դնել «ինքնաթիռի ռեժիմի» վրա։ Զվարճանքի շատ այգիներ չեն բավարարվում ցուցանակներով և քաղաքացիներին խնդրում են հեռախոսը չվերցնել իրենց հետ ատրակցիոններից օգտվելու ժամանակ։ 


 
 
 
 
  • Արխիվ