Նոր iMac-ը կարտադրվի տարեվերջին և կստանա նոր՝ M3 պրոցեսոր

14 փետրվարի, 2023  12:07

Apple ընկերությունը iMac նոր սերնդի սեղանի համակարգիչն այս տարի կթողարկի նոր՝ M3 չիպով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Ամերիկյան ընկերությունը համակարգչի պրեմիերան հետաձգել է մինչև 2023 թ․ վերջ, որպեսզի նոր համակարգիչներն արտադրվեն ոչ թե M2, այլ նոր՝ M3 պրոցեսորով։ Միևնույն ժամանակ, նոր չիպի պրեմիերան սպասվում է տարվա երկրորդ կեսին։

«Ես ոչինչ չեմ տեսել, որը կհուշեր, որ նախքան M3 սերնդի չիպերի ի հայտ գալը նոր iMac կարտադրվի, իսկ M3 չիպերը կլինեն ամենաշուտը մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարի։ Այսպիսով, եթե ցանկանում եք շարունակել iMac օգտագործել, պարզապես պետք է հանգիստ նստել և ոչինչ չձեռնարկել»,- գրել է կայքի խմբագիր Մարկ Գուրմանը:M3 չիպը հիմնված կլինի նորագույն 3 նմ պրոցեսի վրա, որն ավելի լավ կատարողականություն և էներգիայի արդյունավետություն կապահովի M2 պրոցեսորի համեմատ, որը հիմնված է 5 նմ տեխպրոցեսի վրա: Պարբերականը նաև նշում է, որ նոր պրոցեսորը կստանա ոչ միայն iMac-ը, այլ նաև նոր MacBook Air և 13 դյույմանոց MacBook Pro նոութբուքները, ինչպես նաև Mac mini համակարգիչը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Apple-ը ներկայացրել էր MacBook Pro նոութբուքների և Mac mini սեղանի համակարգիչների ավելի արագագործ տարբերակները: Նոր 14-դյույմանոց և 16-դյույմանոց MacBook Pro-ներն ստացել են ավելի հզոր M2 Pro և M2 Max չիպեր, որոնք փոխարինել են M1 Pro և M1 Max պրոցեսորներին: Mac mini-ն նույնպես ստացել է պրոցեսորի երկու տարբերակ՝ նույն M2 և M2 Pro:

Թարմացված 14 դյույմանոց MacBook Pro-ի գինն սկսվում է 1999 դոլարից, մինչդեռ 16 դյույմանոց տարբերակը շարունակում է մնալ 2499 դոլար: Mac mini-ն արժե 599 դոլար, ինչը 100 դոլարով պակաս է նախորդ տարբերակից:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում