Ինչո՞ւ է ժամանակի ընթացքն արագանում, և հնարավո՞ր է այն դանդաղեցնել

31 օգոստոսի, 2026  19:31

Մանկության տարիներին ամառն անսահման է թվում, հաջորդ ծննդյան օրվան սպասելու տարին ձգվում է ամբողջ հավերժություն, իսկ մի քանի ամիսները կարող են տեղավորել հսկայական քանակությամբ իրադարձություններ։ Հասուն տարիքում տեղի է ունենում գրեթե հակառակը. շաբաթները նկատելիորեն թռչում են, տարիները վերածվում են տասնամյակների, և երբեմն թվում է, թե ժամանակը բառացիորեն սահում է ձեռքերից։ Ինչո՞ւ նույն մեկ ժամը կարող է անվերջ ձգվել, երբ զբաղված ենք ձանձրալի աշխատանքով, և թռչել հաշված րոպեների ընթացքում, երբ մեզ լավ ենք զգում։ Եվ ինչո՞ւ է տարիքի հետ ժամանակի արագացման զգացողությունն ավելի ուժեղանում։

Ժամանակը բոլորի համար հոսում է նույն կերպ, байց ընկալվում է տարբեր

«Ժամանակը թռչում է, երբ ուրախ ես» արտահայտությունը պատահական չի առաջացել։ Երբ մարդն զբաղված է որևէ հետաքրքիր բանով, մի քանի ժամը կարող է թռչել գրեթե աննկատ։ Իսկ միօրինակ աշխատանքը կամ սպասումը կարող են մի քանի րոպեն վերածել ամբողջ հավերժության։ Ընդ որում, օբյեկտիվորեն ոչինչ չի փոխվում. վայրկյանը մնում է վայրկյան, իսկ ժամացույցի սլաքները շարժվում են նույն արագությամբ։ Տարբերությունը ընկալման մեջ է։

COVID-19 համավարակը դարձավ յուրօրինակ լայնամասշտաբ փորձ, որը ցույց տվեց, թե որքան ճկուն կարող է լինել ժամանակի մեր ընկալումը։ Սովորական առօրյայի խախտումը, ուսուցումն ու մեկուսացումը, ինչպես նաև սթրեսը տարբեր մարդկանց մոտ օրերի, շաբաթների և ամիսների տևողության զգացողությունը փոխեցին բոլորովին տարբեր ձևերով։ Հետազոտությունները ցույց տվեցին, որ տարբեր երկրներում մարդիկ համավարակի ընթացքում ժամանակի ընթացքն ընկալում էին անհավասարաչափ. ոմանց համար այն դանդաղել էր, իսկ մյուսների համար, ընդհակառակը, արագացել։

Բայց ինչո՞ւ է տարիքի հետ արագացման զգացողությունը դառնում գրեթե համընդհանուր։

Փոքր երեխաներն այլ կերպ են ընկալում ժամանակը

Այս հարցը հասկանալու հետաքրքիր փորձերից մեկն իրականացրել են հունգարացի հետազոտողները։ 2023 թվականին նրանց հետազոտության արդյունքները հրապարակվեցին Scientific Reports ամսագրում։

Փորձին մասնակցել է 138 մարդ, որոնց բաժանել են երեք տարիքային խմբի՝ նախադպրոցականներ, դպրոցական տարիքի երեխաներ և 18 տարեկանից բարձր մեծահասակներ։

Մասնակիցներին ցույց են տվել նույն տևողությամբ երկու տեսանյութ։ Մեկը հագեցած էր իրադարձություններով, մյուսը՝ զգալիորեն ավելի հանգիստ էր ու միօրինակ։ Արդյունքները ցուցադրական էին։

Նախադպրոցականները իրադարձություններով հագեցած տեսանյութն ընկալում էին որպես ավելի երկար։ Ավագ երեխաների և մեծահասակների մոտ իրավիճակը հակառակն էր. նրանց համար ավելի երկար էր թվում ձանձրալի, քիչ հետաքրքիր տեսանյութը։

Հետազոտողները ուշադրություն դարձրին նաև նրան, թե ինչպես էին մասնակիցները ժեստերով Նկարագրում ժամանակի տևողությունը։ Փոքր երեխաները շատ ավելի հաճախ էին օգտագործում ձեռքերի ուղղահայաց շարժումներ՝ կարծես ժամանակը նկարագրելով ծավալի կամ մեծության միջոցով։ Ավագ երեխաներն ու մեծահասակները հիմնականում կատարում էին հորիզոնական շարժումներ՝ ժամանակն ընկալելով որպես գծային հաջորդականություն։

Սա կարող է վկայել այն մասին, որ ժամանակի մասին հենց պատկերացումը աստիճանաբար փոխվում է մեծանալուն զուգընթաց։

Ուղեղը տարիքի հետ ավելի դանդաղ է մշակում տեղեկատվությունը

Եվս մեկ տեսություն անմիջականորեն կապված է նյարդային համակարգի աշխատանքի հետ։ Պրոֆեսոր Ադրիան Բեժանը ենթադրել է, որ տարիքի հետ նեյրոնային ցանցերը դառնում են ավելի բարդ, իսկ տեսողական տեղեկատվության մշակումը ավելի շատ ժամանակ է պահանջում։ Արդյունքում ուղեղը մեկ վայրկյանում ստեղծում է ավելի քիչ նոր մտապատկերներ։

Հենց սա, նրա կարծիքով, կարող է ստեղծել այն զգացողությունը, թե ժամանակը սկսում է շարժվել ավելի արագ։ Առաջին հայացքից այստեղ հակասություն կա։ Եթե ուղեղը տեղեկատվությունը մշակում է ավելի դանդաղ, ինչո՞ւ է մեզ թվում, թե ժամանակն արագանում է։

Բացատրությունը նոր տպավորությունների քանակի մեջ է, որոնք ուղեղը հասցնում է գրանցել և պահպանել։ Մանկության տարիներին շրջապատող աշխարհը մշտապես մատուցում է նոր բաներ։ Երեխան սովորում է քայլել, խոսել, կարդալ, ծանոթանում է նոր մարդկանց հետ, առաջին անգամ հաճախում է դպրոց, ճանապարհորդում, յուրացնում հսկայական քանակությամբ նոր հմտություններ։ Գրեթե յուրաքանչյուր օր պարունակում է բազմաթիվ իրադարձություններ, որոնք ուղեղը ստիպված է ակտիվորեն մշակել։

Ուստի մանկական հուշերը կարող են թվալ շատ հագեցած, իսկ որոշ ժամանակահատվածներ՝ արտակարգ երկար։ Հասուն տարիքում շատ բան դառնում է սովորական։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես է կազմակերպված մեր աշխատանքը, ինչպես է անցնում սովորական օրը, ինչպես հասնել տուն, ինչպես օգտվել ծանոթ իրերից։ Ուղեղից ավելի քիչ ջանք է պահանջվում կրկնվող տեղեկատվությունը մշակելու համար։ Եվ երբ հետ ենք նայում, սովորական իրադարձություններով լեցուն ժամանակահատվածը կարող է թվալ շատ ավելի կարճ։

Եվս մեկ տարածված տեսություն կապված է տարրական մաթեմատիկայի հետ։ Հինգ տարեկան երեխայի համար մեկ տարին իր ամբողջ կյանքի 20%-ն է։ 50 տարեկան դարձած մարդու համար մեկ տարին ապրած կյանքի ընդամենը 2%-ն է։ Ուստի տարվա սուբյեկտիվ «մեծությունը» աստիճանաբար նվազում է։ Բայց գործը միայն թվաբանությունը չէ։ Կարևոր է նաև փոփոխությունների քանակի տարբերությունը։

Հնարավո՞ր է արդյոք ստիպել, որ ժամանակն ընթանա ավելի դանդաղ

Կանգնեցնել ժամանակը, անշուշտ, անհնար է։ Բայց կարելի է փոխել ժամանակի սեփական ընկալումը։ Ամենաակնհայտ եղանակներից մեկը ուշադրությունը գիտակցաբար ներկա պահին վերադարձնելն է։

Փոխանակ մշտապես ավտոմատ գործելու, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրան, թե ինչ է կատարվում մեր մարմնի հետ և մեր շուրջը հենց հիմա՝ շնչառությանը, սրտի բաբախումներին, ձայներին, հոտերին, մաշկին հագուստի հպման զգացողություններին։ Սա լոկ փիլիսոփայական խորհուրդ չէ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ժամանակի մեր ընկալումը իսկապես կարող է կապված լինել օրգանիզմի ֆիզիոլոգիական գործընթացների հետ։

Քորնելի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Ադամ Անդերսոնը և նրա գործընկերները հետազոտել են ժամանակի ընկալման և սրտի ռիթմի միջև կապը։ Փորձի մասնակիցների սրտի բաբախումները չափել են էլեկտրասրտագրի (ԷՍԳ) միջոցով և միաժամանակ առաջարկել լսել կարճ ձայնային ազդանշաններ։

Պարզվել է, որ ազդանշանի տևողությունը կարող էր ընկալվել տարբեր կերպ՝ կախված սրտային ցիկլից. սրտի զարկերի միջև ավելի երկար ընդմիջումից հետո ձայնն ընկալվում էր որպես ավելի տևական, իսկ ավելի կարճից հետո՝ որպես ավելի կարճ։ Անդերսոնի կարծիքով՝ սա վկայում է այն մասին, որ ժամանակի սուբյեկտիվ զգացողությունը կապված է ոչ միայն ուղեղի աշխատանքի, այլև նրա հետ, թե մարդն ինչպես է զգում սեփական մարմինը։

Նա առաջարկում է պարզ փորձ. միացնել վայրկենաչափը, փակել աչքերը և կենտրոնանալ շնչառության վրա։ Փորձեք որոշել այն պահը, երբ, ձեր զգացողությամբ, անցել է ճիշտ մեկ րոպե, ապա բացեք աչքերը և նայեք իրական ժամանակին։ Այսպիսի փորձը թույլ է տալիս բառացիորեն զգալ օբյեկտիվ և սուբյեկտիվ ժամանակի տարբերությունը։

Դանդաղ շնչառությունը կարող է փոխել ժամանակի զգացողությունը

Անդերսոնի հետազոտությունները ցույց են տալիս նաև սրտի բաբախումների  հաճախականության և տևողության սուբյեկտիվ զգացողության միջև կապը։

Սրտի ավելի դանդաղ ռիթմի դեպքում, այսինքն՝ զարկերի միջև ավելի մեծ ընդմիջման ժամանակ, ժամանակը սուբյեկտիվորեն կարող է ընկալվել որպես ավելի տևական։

Հենց այդ պատճառով հանգիստ և դանդաղ շնչառության վրա կենտրոնանալը կարող է լինել ժամանակի զգացողությունը փոխելու միջոցներից մեկը։

Խոսքը, Անշուշտ, նրա մասին չէ, որ շնչառական վարժություններն իսկապես դանդաղեցնում են ժամացույցի շարժումը։ Դրանք փոխում են տեղի ունեցողի մեր ընկալումը։

Ըստ Upworthy-ի նյութերի: 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում