ՀԱՀ-ի Վիթվաթերսրանդի համալսարանի և Ֆրանսիայի Բորդոյի համալսարանի հետազոտողները ցույց են տվել լազերի օգնությամբ տեղեկատվության փոխանցման նոր եղանակ, որը կայուն է մթնոլորտային տուրբուլենտությամբ պայմանավորված աղավաղումների նկատմամբ: Փորձարկման արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում:
Որն է մեթոդի էությունը
Գիտնականները տվյալները կոդավորել են ոչ թե լազերային ճառագայթի սովորական ձևով, այլ դրա տոպոլոգիական հատկություններում՝ բնութագրերում, որոնք պահպանվում են նույնիսկ ուժեղ ձևափոխման (դեֆորմացիայի) դեպքում: Դրա համար օգտագործել են հատուկ օպտիկական կառուցվածք, որը կոչվում է սկիրմիոն: Փորձարկումներն անցկացրել են Հոհաննեսբուրգում Վիթվաթերսրանդի համալսարանի կամպուսի տարածքում: Լազերային ճառագայթները փոխանցել են մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող երկու շենքերի միջև, որտեղ դրանք ենթարկվել են բնական մթնոլորտային տուրբուլենտության: Ընդունող կողմում ճառագայթի ձևը նկատելիորեն տարբերվում էր ելակետայինից, սակայն դրա տոպոլոգիայում ներդրված տեղեկատվությունը մնացել էր անվնաս: «Լաբորատոր փոքր փորձարկումները նախկինում ցույց էին տվել, որ տոպոլոգիան կարող է լինել տվյալների փոխանցման հուսալի եղանակ: Սա առաջին դեպքն է, երբ մենք ցուցադրեցինք նման կայունություն իրական օպտիկական կապուղու վրա՝ բնական մթնոլորտային պայմաններում», — նշել է հետազոտության առաջատար հեղինակ Քեյդ Փիթերսը:
Ինչով է նոր մոտեցումը լավը գոյություն ունեցողներից
Բաց տարածությունում օպտիկական կապի սովորական համակարգերը ստիպված են չափել մթնոլորտային աղավաղումները և փոխհատուցել դրանք բարդ սարքավորումների ու հաշվարկների օգնությամբ: Նոր մեթոդը թույլ է տալիս վերականգնել տեղեկատվությունը առանց խոտանների նախնական չափման և շտկման: Սա պոտենցիալ կերպով պարզեցնում է ապարատուրան և նվազեցնում հաշվարկային ծանրաբեռնվածությունը:
Որտեղ կարող է պետք գալ տեխնոլոգիան
Հետազոտողների կարծիքով՝ մշակումը կարող է կիրառություն գտնել հեռավոր օպտիկական կապի գծերում, այդ թվում՝ Երկրի և արբանյակների կամ տիեզերական ապարատների միջև: Գիտնականները դիտարկում են նաև դրա օգտագործումը սովորական և քվանտային կապի համակարգերում: Հեռանկարում մեթոդն ընդունակ է բարելավել կապի որակը հեռավոր և ենթակառուցվածքներով թույլ ապահովված շրջաններում: Առայժմ խոսքը պոտենցիալ հնարավորությունների մասին է: Գործնական ներդրման համար կպահանջվեն լրացուցիչ փորձարկումներ և տեխնոլոգիայի մշակում:
Կարճ ասած
ՀԱՀ-ի և Ֆրանսիայի գիտնականներն առաջին անգամ տվյալներ են փոխանցել լազերով իրական մթնոլորտի միջով՝ օգտագործելով լույսի տոպոլոգիական հատկությունները՝ օպտիկական սկիրմիոնները: Չնայած տուրբուլենտության պատճառով ճառագայթի ուժեղ աղավաղումներին, տեղեկատվությունը պահպանվել է: Նոր մոտեցումը չի պահանջում խոտանների բարդ փոխհատուցում և հեռանկարում կարող է կիրառվել արբանյակային, տիեզերական և քվանտային կապում:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում