Օգոստոսը շարունակում է բերել խոշոր խաղային թողարկումներ: Հավաքածուի երրորդ մասում հինգ նախագծեր են, որոնք դուրս կգան ամսվա երկրորդ կեսին և առաջարկում են բոլորովին տարբեր խաղային փորձառություն՝ Լավկրաֆտի մոտիվներով մռայլ հորորից և բարդ souls-like-ից մինչև քսենոմորֆների հետ նոր առճակատում և Metal Gear Solid դասական խաղերի վերադարձը ժամանակակից հարթակներ:
The Sinking City 2
Օգոստոսի 18-ին Frogwares-ը կթողարկի The Sinking City 2-ը՝ դետեկտիվ հորորի շարունակությունը, որն այս անգամ զգալիորեն ավելի է թեքվում դեպի survival horror: Սերիայի առաջին մասը հակասական խաղ էր, սակայն մշակողներին հաջողվեց ստեղծել արտասովոր աշխարհ՝ ներշնչված Հովարդ Լավկրաֆտի ստեղծագործություններից, որտեղ հետաքննությունները զուգորդվում էին տիեզերական սարսափի մթնոլորտի հետ:
Սիքվելում Frogwares-ը խաղադրույք է կատարում ավելի ավանդական հորոր-մոդելի վրա՝ պահպանելով դետեկտիվ բաղադրիչը: Խաղացողները դարձյալ պետք է առերեսվեն մռայլ գաղտնիքների և Լավկրաֆտի ստեղծագործություններով ներշնչված էակների հետ: Նման անցումը որոշակի հարցեր է առաջացնում, քանի որ խաղը ռիսկ ունի չափազանց զգուշավոր լինելու հետաքննություններն ու survival horror-ը համատեղելու փորձերում: Այնուամենայնիվ, Frogwares-ը մի քանի անգամ ցույց է տվել, որ կարողանում է զարմացնել, հատկապես Շերլոք Հոլմսի մասին արկածային շարքի շնորհիվ:
The Sinking City 2-ը դուրս կգա PC, PlayStation 5 և Xbox Series X|S հարթակներում:
Mortal Shell 2
Օգոստոսի 20-ին տեղի կունենա Mortal Shell-ի վերադարձը՝ առաջին խաղի թողարկումից վեց տարի անց: Շարունակությունը դարձյալ խաղացողներին կառաջարկի մռայլ աշխարհ, ծանր մարտեր և souls-like-ի սիրահարներին ծանոթ մեխանիկա, սակայն Cold Symmetry-ի մշակողները չեն փորձում ուղղակիորեն մրցել FromSoftware-ի հետ:
Այս անգամ ստուդիան խաղադրույք է կատարում ավելի հոծ խաղային աշխարհի վրա, որը պետք է հարգի խաղացողի ժամանակը: Mortal Shell 2-ի առանցքային առանձնահատկություններից մեկը կլինեն Shells-ը՝ հատուկ թաղանթները, որոնք կարելի է գտնել և բացել տասնյակ քարանձավներ անցնելու ընթացքում: Մշակողները խոստանում են նաև գոյատևման նոր եղանակներ և կերպարի զարգացման բազմազան տարբերակներ:
Ընդ որում, Mortal Shell 2-ը մտահղացվել է որպես ինքնուրույն շարունակություն: Ուստի առաջին մասին ծանոթ լինելը պարտադիր պայման չէ տեղի ունեցողը հասկանալու և նոր մղձավանջային աշխարհում սուզվելու համար:
Խաղը դուրս կգա PC, PlayStation 5 և Xbox Series X|S հարթակներում:
Aliens: Fireteam Elite 2
Օգոստոսի 25-ին կսկսվի քսենոմորֆների հերթական որսը: Aliens: Fireteam Elite 2-ը կշարունակի առաջին մասի գաղափարը, սակայն Cold Iron Studios-ի և Daybreak Game Company-ի մշակողները մտադիր են կոոպերատիվ էքշնը դարձնել ավելի մասշտաբային և բազմազան:
Այժմ ջոկատները կկազմվեն չորս խաղացողից, իսկ դասերի համակարգը կստանա լրացուցիչ հնարավորություններ: Խաղում ի հայտ կգա նոր Specialist դասը, որը թույլ կտա համադրել ունակությունները և ստեղծել թիմային փոխազդեցության ավելի ճկուն տարբերակներ: Զենքի ընդլայնված արսենալի հետ մեկտեղ մշակողները պատրաստում են նաև քսենոմորֆների նոր տեսակներ, որոնք պետք է ստիպեն խաղացողներին նորովի մոտենալ հարձակումներից պաշտպանվելուն:
Aliens: Fireteam Elite 2-ի հիմնական խաղադրույքը նախկինի պես կատարված է թիմային խաղի և լարված փոխհրաձգությունների վրա: Սակայն ջոկատների չափսերի մեծացման, նոր դասերի և հակառակորդների շնորհիվ սիքվելը պետք է առաջարկի ավելի բազմազան փորձառություն, քան բնօրինակը:
Aliens: Fireteam Elite 2-ը դուրս կգա PC, PlayStation 5 և Xbox Series X|S հարթակներում:
Metal Gear Solid: Master Collection Vol. 2
Օգոստոսի 27-ին ժամանակակից հարթակներում կհայտնվի Metal Gear Solid դասական խաղերի երկրորդ հավաքածուն: Հավաքածուի գլխավոր իրադարձությունը կդառնա Metal Gear Solid 4: Guns of the Patriots-ը՝ սերիայի ամենահայտնի մասերից մեկը, որը երկար տարիներ փաստացի «փակված» էր PlayStation 3-ի վրա:
Ժամանակակից համակարգերի համար լիարժեք տարբերակի բացակայության պատճառով Metal Gear Solid 4-ը գրեթե երկու տասնամյակ հասանելի չէր արդիական հարթակների մեծ մասում: Այժմ իրավիճակը վերջապես կփոխվի: Դրա հետ մեկտեղ հավաքածուի մեջ կմտնեն Metal Gear Solid: Ghost Babel-ը (որն ի սկզբանե թողարկվել էր Game Boy Color-ի համար) և Metal Gear Solid: Peace Walker-ը:
Այսպիսով, Master Collection Vol. 2-ը կդառնա ոչ թե պարզապես հին խաղերի հերթական վերաթողարկում, այլ ժամանակակից սարքերով Metal Gear Solid-ի պատմության մի քանի կարևոր դրվագների ծանոթանալու հնարավորություն: Հավաքածուի մեջ կմտնեն նաև լրացուցիչ նյութեր սերիայի սիրահարների համար:
Հավաքածուն դուրս կգա PC, PlayStation 5, Xbox Series X|S, Nintendo Switch և Switch 2 հարթակներում:
Resonance: A Plague Tale Legacy
Օգոստոսի 27-ի ևս մեկ խոշոր թողարկում է Resonance: A Plague Tale Legacy-ն՝ նոր խաղ A Plague Tale տիեզերքում: Այս անգամ Asobo Studio-ի մշակողները որոշել են էապես փոխել սերիայի սովորական բանաձևը:
Իրադարձությունները ծավալվում են հիմնական պատմությունից 15 տարի առաջ, իսկ գլխավոր կերպարն է դառնում մաքսանենգ Սոֆիան: Նրա ճանապարհորդությունը տանում է դեպի Մինոտավրոսի առեղծվածային կղզին, որտեղ հերոսուհուն սպասում են նոր վտանգներ և հանելուկներ:
Ի տարբերություն A Plague Tale-ի նախորդ խաղերի, Resonance-ը զգալիորեն քիչ է կենտրոնացած թաքնվելու (stealth) և առնետների հսկայական երամների հետ փոխազդեցության վրա: Առաջնային պլան են մղվում շրջակա աշխարհի ուսումնասիրությունը, մարտերը և հանելուկները: Դրա շնորհիվ նոր խաղը կարող է ընկալվել ավելի շատ որպես ինքնուրույն արկած, քան որպես սերիայի սովորական բանաձևի ուղղակի շարունակություն:
Ընդ որում, մշակողները պահպանում են A Plague Tale-ին բնորոշ մռայլ մթնոլորտը, բայց մարտական համակարգը դարձնում են նկատելիորեն ավելի կարևոր: Արդյունքում Resonance: A Plague Tale Legacy-ն կարող է անսպասելի նախագիծ լինել սերիայի սիրահարների համար, որն իր կառուցվածքով հիշեցնում է դասական արկածային խաղեր, ինչպիսիք են Assassin’s Creed-ի վաղ մասերը:
Resonance: A Plague Tale Legacy-ն դուրս կգա PC, PlayStation 5 և Xbox Series X|S հարթակներում:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում