Չարագործները օգտագործում են արհեստական բանականության (ԱԲ) միջոցով ստեղծված հայտնի մարդկանց դիփֆեյքերը՝ TikTok-ում կեղծ պարգևատրման ծրագրեր գովազդելու համար: Նման եզրակացության են եկել ԱԲ-ի կողմից գեներացված բովանդակության հայտնաբերմամբ զբաղվող Copyleaks ընկերության մասնագետները: Հետաքննությունը հստակ ցույց է տալիս, թե ինչպիսի աճող դժվարությունների են բախվում սոցիալական ցանցերը սինթետիկ մեդիանյութերի դեմ պայքարում, գրում է The Tech Buzz-ը։
Ինչպես են աշխատում այդ խարդախ սխեմաներըCopyleaks-ի կողմից հայտնաբերված խարդախ գովազդային հոլովակներում օգտագործվում են հայտնի մարդկանց իրական կադրերը կարմիր գորգերից, փոդքաստներից և թոք-շոուներից: Դրանց վրա վերադրվում են ԱԲ-ի միջոցով կլոնավորված ձայները՝ կեղծ եկամտի սխեմաներին հավանություն տալու տպավորություն ստեղծելու համար: Հոլովակներից մեկում Թեյլոր Սվիֆթի ԱԲ տարբերակը հորդորում է դիտողներին գրանցվել «TikTok Pay» կոչվող ծառայությունում, իսկ կեղծ Ռիհաննան վստահեցնում է օգտատերերին. «Դուք բառացիորեն պարզապես դիտում եք բովանդակությունը և հայտնում ձեր կարծիքը»:
Տեսահոլովակները հաճախ պարունակում են TikTok-ի պաշտոնական խորհրդանիշները՝ վստահություն ներշնչելու համար, սակայն հղումով անցնելիս օգտատերերը հայտնվում են երրորդ կողմի կայքերում, որոնք ստեղծված են անձնական տվյալներ հավաքագրելու համար. այս մասին հայտնում է The Verge-ը: Խարդախները կիրառում են կոպիտ ոճական ֆիլտրեր՝ ԱԲ-ին բնորոշ թերությունները քողարկելու համար, ինչպիսիք են անբնական լուսավորությունը և շրթունքների շարժման անհամապատասխանությունը խոսքի հետ:
Խնդիր, որը վերաբերում է բոլոր հարթակներինTikTok-ը միակ հարթակը չէ, որը ստիպված է պայքարել դիփֆեյքերի ալիքի դեմ: YouTube-ը հեռացրել է ավելի քան 1000 ԱԲ-գեներացված գովազդ, որոնք կապված էին մի գովազդային ցանցի հետ, որն օգտագործում էր Թեյլոր Սվիֆթի, Սթիվ Հարվիի և Ջո Ռոգանի դիփֆեյքերը՝ Medicare ծրագրի հետ կապված խարդախ սխեմաներ առաջ մղելու համար. հայտնում է 404 Media-ն: Մինչ հեռացվելը, այդ հոլովակները հավաքել էին գրեթե 200 միլիոն դիտում:
Meta-ն խոստովանել է, որ ամեն օր բախվում է խարդախ գովազդների հսկայական քանակի Facebook-ում և Instagram-ում: Surfshark-ի 2025 թվականի հետազոտության համաձայն՝ սոցիալական ցանցերում դիփֆեյքերի կիրառմամբ խարդախությունները հանգեցրել են հարյուր միլիոնավոր դոլարների կորուստների, ընդ որում՝ հայտնի անձանց նմանակումներին բաժին է ընկնում դիփֆեյքերի հետ կապված ողջ ֆինանսական վնասի 80%-ը:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում