Ինչո՞ւ քաղաքների դասական կառավարումն այլևս չի գործում և ինչո՞ւ պետք է պաշտոնյաները սովորեն մտածել ստարտափների նման. Հարցազրույց ՄԱԶԾ-ի ներկայացուցիչների հետ

2 ապրիլի, 2026  17:30

Ժամանակակից քաղաքներն ապրում և զարգանում են ծայրահեղ անկանխատեսելի աշխարհում. տնտեսական ցնցումները, միգրացիան, կլիմայական փոփոխությունները, տեխնոլոգիական տեղաշարժերը՝ այս ամենը մեկը մյուսին գումարվում է և զարգացման կառավարումը վերածում հստակ կանոններ չունեցող մի խնդրի։ Սա հատկապես սուր է զգացվում փոքր քաղաքներում, որտեղ ռեսուրսները սահմանափակ են, իսկ մարտահրավերները՝ ոչ պակաս, քան մայրաքաղաքներում։

Այն մասին, թե ինչպես է փոխվում նման քաղաքների կառավարման մոտեցումը, ինչու «իդեալական պլաններն» այլևս չեն գործում և ինչ ընդհանուր բան կա ժամանակակից քաղաքների ու ստարտափների միջև, NEWS.am Tech-ի հետ հարցազրույցում պատմել են Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) ինովացիոն թիմի ղեկավար Իրենա Ցերովիչը և Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ինովացիաների գծով տարածաշրջանային մասնագետ Յաերա Չանգը, ովքեր մասնակցել են մարտի 17-18-ը Երևանում անցկացվող Հանրային ոլորտի նորարարության III ֆորումին (Public Sector Innovation Forum III)։

Երբ պլանը հնանում է ավելի արագ, քան ստացվում է այն իրականացնել

Քաղաքների կառավարման դասական մոդելը երկար ժամանակ կառուցվել է հասկանալի տրամաբանությամբ՝ սահմանել խնդիրը, մշակել լուծումը, հաստատել մի քանի տարվա պլանը և անցնել դրա հետևողական իրականացմանը։

Սակայն այսօր այդ տրամաբանությունը չի աշխատում:

Ինչպես նշում է Իրենա Ցերովիչը, ժամանակակից աշխարհում քաղաքները բախվում են նոր տիպի խնդիրների՝ բարդ, բազմաշերտ և արագ փոփոխվող: Միգրացիան ազդում է աշխատաշուկայի վրա, կլիման՝ ենթակառուցվածքների և տնտեսության, իսկ տեխնոլոգիաները՝ զբաղվածության և կրթության վրա: Այս գործընթացները հնարավոր չէ մեկուսացնել միմյանցից կամ ճշգրիտ կանխատեսել: Նման պայմաններում հնգամյա կամ տասնամյա պլանները կորցնում են իրենց արդիականությունը՝ չհասցնելով անգամ կիսով չափ իրականացվել: 

Իսկ նման իրավիճակում «նախագիծը մինչև վերջ հասցնելու» փորձը հաճախ նշանակում է անտեսել այն փաստը, որ իրականությունն արդեն փոխվել է, և նախագիծն այլևս արդիական չէ:

Հենց այդ պատճառով էլ այսօր առաջանում է սկզբունքորեն այլ մոտեցման անհրաժեշտություն՝ ոչ թե ստատիկ, այլ ադապտիվ` հարմարեցվող։

Պորտֆելային մոտեցում. մեկ լուծման փոխարեն՝ փորձարկումների համակարգ

Հայաստանում ներդրվող և փոքր համայնքների զարգացմանն ուղղված ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախաձեռնությունները, ինչպիսիք են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ/M4EG) և Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդ (CEF) ծրագրերը, կիրառում են այսպես կոչված «պորտֆելային մոտեցումը»։

Ի տարբերություն ավանդական նախագծի, որտեղ կա հստակ նպատակ և նախապես հայտնի արդյունք, պորտֆելային մոտեցումը կիրառվում է այնտեղ, որտեղ լուծումներն ակնհայտ չեն։

Յաերա Չանգը սա բացատրում է պարզ օրինակով. ճանապարհ կառուցելը հասկանալի արդյունքով խնդիր է: Սակայն խցանումների խնդիրը լուծելը բոլորովին այլ հարց է: Նույնիսկ եթե ճանապարհները լայնացվեն կամ կարգավորումները փոխվեն, մարդկանց վարքագիծը մնում է անկանխատեսելի և կախված է բազմաթիվ գործոններից, հետևաբար՝ այս խնդիրը չունի և չի էլ կարող մեկ պարզ լուծում ունենալ:

Հենց նման խնդիրների էլ բախվում են ժամանակակից քաղաքները:

Պորտֆելային մոտեցումը ենթադրում է ոչ թե մեկ «ճիշտ» լուծման որոնում, այլ փոխկապակցված նախաձեռնությունների շարքի մեկնարկ։ Դրանք թեստավորվում են զուգահեռաբար, լրացնում են միմյանց և աստիճանաբար պատկերացում են ձևավորում այն մասին, թե ինչն է իրականում աշխատում։

Ինչու քաղաքները պետք է սովորեն մտածել ստարտափների նման

Դեռ վերջերս քաղաքի կառավարումն ու ստարտափի աշխատանքը հակապատկերներ էին թվում: Առաջինն ասոցացվում է կայունության և կանխատեսելիության հետ, երկրորդը՝ ռիսկերի և փորձարկումների:

Սակայն այսօր այդ սահմանը ջնջվում է: Ստարտափն ապրում է անորոշության պայմաններում. այն նախապես չգիտի, թե որ պրոդուկտը հաջողություն կունենա, ուստի ստարտափը թեստավորում է վարկածներ, արագ հրաժարվում է չաշխատող լուծումներից և մշտապես ադապտացվում է: Հենց նույն իրավիճակում են հայտնվում ժամանակակից քաղաքները: Երբ խոսքը բարդ սոցիալական և տնտեսական խնդիրների մասին է՝ բնակչության արտահոսքից մինչև կլիմայական ռիսկեր, անհնար է նախապես ճշգրիտ լուծում սահմանել: Ցանկացած ռազմավարություն ընդամենը մի վարկած է, որը պետք է ստուգել իրականության մեջ:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից առաջ քաշվող պորտֆելային մոտեցումն, ըստ էության, վերարտադրում է հենց այս տրամաբանությունը. քաղաքը ձևակերպում է շարժման ուղղությունը, մեկնարկում է մի քանի նախաձեռնություն, հետևում արդյունքներին և շտկում ընթացքը։ Այս իմաստով համայնքապետարանը սկսում է աշխատել ստարտափի նման՝ միայն թե պրոդուկտի փոխարեն այստեղ քաղաքային միջավայրն է, իսկ հաճախորդների փոխարեն՝ բնակիչները։ Եվ հենց սա է թույլ տալիս համայնքին ոչ թե պարզապես արձագանքել փոփոխություններին, այլ առաջ շարժվել այնպիսի պայմաններում, որտեղ հնարավոր չէ ամեն ինչ նախապես կանխատեսել։

Սովորել ընթացքում, այլ ոչ՝ վերջում

Այստեղ գլխավոր տարբերություններից մեկը հրաժարումն է այն գաղափարից, որ վերլուծությունն ու եզրակացությունները պետք է արվեն նախագծի ավարտից հետո։ «Հետո»-ն արդեն չափազանց ուշ է։ Դրա փոխարեն՝ ուսուցումը դառնում է անընդհատ գործընթաց՝ նախագծի իրականացմանը համընթաց։

Քաղաքներն սկսում են հետևել, թե ինչպես է համակարգն արձագանքում փոփոխություններին, որ լուծումներն են տալիս արդյունք, իսկ որոնք՝ ոչ, և անմիջապես շտկում են գործողությունները։ Սա նշանակում է, որ ադապտացիոն/հարմարեցման մեխանիզմը ներկառուցված է կառավարման հենց տրամաբանության մեջ, այլ ոչ թե պարզապես արձագանք է ձախողմանը:

Իրենա Ցերովիչի խոսքով՝ հենց այսպիսի «ադապտիվ մկանն» է քաղաքներին թույլ տալիս հաղթահարել ճգնաժամերը՝ ոչ թե պատահական հաջողության կամ առանձին ուժեղ կառավարիչների հաշվին, այլ արագ արձագանքման և հարմարեցնելու համակարգային կարողության շնորհիվ։

Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (Mayors for Economic Growth, M4EG) և «Քաղաքների էքսպերիմենտային ֆոնդ» (City Experiment Fund, CEF) ծրագրերի շրջանակում ընդգրկված է ութ համայնք, որտեղ ներդրվում են կառավարման նորարարական մոտեցումներ։ Եվ արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ սահմանափակ ռեսուրսների պայմաններում, ճիշտ մոտեցման դեպքում հնարավոր է համակարգային փոփոխություններ իրականացնել, իսկ պորտֆելային մոտեցումն իսկապես կարող է դիմակայունության գործիք դառնալ այն դժվարին ժամանակներում, որոնցում ապրում են ժամանակակից քաղաքները։

Օրինակ՝ Արենիում, զբոսաշրջության զարգացումը երկար ժամանակ մնում էր առանձին բիզնեսների նախաձեռնությունը։ Համայնքապետարանը գրեթե չէր մասնակցում ռազմավարության ձևավորմանը։ Սակայն նոր մոտեցման շրջանակում ձևակերպվել է կայուն զբոսաշրջության առաքելությունը, որի շուրջ սկսել են կառուցվել տարբեր նախաձեռնություններ՝ ենթակառուցվածքային լուծումներից մինչև տեղական ռեսուրսների, ներառյալ ավանդական ուտեստենրի վերաիմաստավորումը։ Արդյունքում ի հայտ է եկել ոչ թե պարզապես նոր զբոսաշրջային պրոդուկտ, այլ մի ամբողջ էկոհամակարգ, որն ստեղծում է աշխատատեղեր և ներգրավում համայնքին։

Նմանատիպ փոխակերպում է տեղի ունեցել Ստեփանավանում։ Դրսից մարդկանց ներգրավելու փորձերի փոխարեն համայնքը կենտրոնացել է տեղի բնակիչների կյանքի և ինքնաիրացման համար պայմանների ստեղծման վրա։ Հայտնվել են մշակութային ծրագրեր, կրթական տարածքներ, նոր ինստիտուցիաներ։

Բոլոր դեպքերում առանցքային է դառնում տրամաբանության այս փոփոխությունը, որի ժամանակ «ռեսուրսներ ներգրավելուց» անցում է կատարվում դեպի «ներքին ներուժի բացահայտում»։

Այս մոտեցումները չափազանց կարևոր են նաև ճգնաժամային իրավիճակներում։

Օրինակ՝ Ալավերդիում հեղեղումների ժամանակ համայնքն ավելի պատրաստված էր արձագանքման պետական համակարգի հետ փոխգործակցությանը, ինչը տեղի է ունեցել նաև արդեն աշխատող ադապտիվ կառավարման շնորհիվ։

Համայնքը՝ որպես կառավարման մասնակից, այլ ոչ թե պարզապես ունկնդիր

Նոր մոտեցման ամենասկզբունքային տարրերից մեկը քաղաքի բնակիչների մասնակցությունն է։ Խոսքը ոչ թե ձևական խորհրդակցությունների, այլ հենց քաղաքացիների խորը ներգրավվածության մասին է։

Բնակիչների ներգրավման գործընթացը սկսվում է այսպես կոչված «խոր լսումից» (deep listening)՝ իրական կարիքների և հնարավորությունների մասին քաղաքացիների հետ ունեցած բաց զրույցներից։ Այնուհետև հաջորդում է համատեղ իմաստավորման փուլը, որին մասնակցում են տարբեր շահակիր խմբեր՝ ակտիվիստներից մինչև ՀԿ-ներ։ Եվ, վերջապես, իրականացվում է լուծումների համատեղ մշակումը։

Յաերա Չանգն ընդգծում է, որ սա իտերատիվ/կրկնվող գործընթաց է, որը ժամանակ և վստահություն է պահանջում։ Մարդիկ միշտ չէ, որ անմիջապես ձևակերպում են իրենց իրական կարիքները, և առաջին զրույցները հաճախ մակերեսային պատասխաններ են տալիս։ Այդ պատճառով թիմերը վերադառնում են համայնքներ, հստակեցնում են, վերստուգում և հավաքագրում տարբեր տեսակետներ։

Մի շարք դեպքերում քաղաքացիների մասնակցությունը դուրս է գալիս պարզապես քննարկումների շրջանակից և համայնքների ներկայացուցիչները դառնում են որոշումների կայացման գործընթացների անմիջական մասնակիցը։

Փո՞ղը չէ հիմնական խնդիրը 

Առաջին հայացքից փոքր համայնքների համար առանցքային սահմանափակումը ֆինանսավորման պակասն է։ Սակայն երկու մասնագետներն էլ կասկածի տակ են դնում այս, թվում է թե ակնհայտ, միտքը։

Ինչպես ցույց է տալիս փորձը, ռեսուրսները, որպես կանոն, գոյություն ունեն, բայց դրանք ցրված են և հաճախ կապված չեն քաղաքների իրական կարիքների հետ։ Ֆինանսավորումը կարող է գալ տարբեր աղբյուրներից՝ մասնավոր ներդրումներ, միջազգային ֆինանսական հաստատություններ, պետական ծրագրեր, նույնիսկ քրաուդֆանդինգ։ Խնդիրն այն է, որ այդ հոսքերը չեն համադրվում տեղական առաջնահերթությունների հետ։

Լուծում կարող է դառնալ փոխկապակցված նախաձեռնությունների շարքի ձևավորումը, որոնք կարող են ֆինանսավորում ներգրավել և ներդրումների տրամաբանական կառուցվածք ստեղծել։ Ընդ որում, գործընթացը հաճախ սկսվում է փոքր դրամաշնորհներից, որոնք թույլ են տալիս ձևակերպել առաքելությունը, մոբիլիզացնել համայնքը և նախապատրաստվել ավելի խոշոր ներդրումների։

Այսպիսով, քաղաքների զարգացումն այսօր ոչ այդքան ռեսուրսների առկայության, այլ դրանք կառավարելու և տարբեր ուժերըն ընդհանուր նպատակի շուրջ միավորելու կարողության հարց է դառնում։

Ի՞նչ է այսօր «բարգավաճող քաղաքը»

Իսկ ի՞նչ ենք մենք առհասարակ հասկանում «բարգավաճող քաղաք» ասելով։ Ինչպիսի՞ն պետք է լինի բարգավաճող քաղաքը 21-րդ դարում։ Ի՞նչ տեսք այն պետք է ունենա։

Մասնագետների խոսքով՝ այս հարցի միարժեք պատասխանը չկա, սակայն կարելի է մատնանշել առանցքային ուղենիշները։

Ըստ Յաերա Չանգի՝ բարգավաճող կարելի է անվանել այն քաղաքը, որտեղ մարդիկ հավասար հասանելիություն ունեն հնարավորություններին՝ աշխատանքին, կրթությանը, հիմնական ծառայություններին։ Դա մի վայր է, որտեղ հաշվի են առնվում ոչ միայն տնտեսական, այլև բնապահպանական, սոցիալական և մշակութային ասպեկտները։ Եվ, թերևս, ամենակարևորը՝ դա այն քաղաքն է, որը մարդուն հնարավորություն է տալիս իրացնել իր ներուժը։

Սակայն այս ամենին հասնելու համար ժամանակակից քաղաքը չպետք է «վերջնակետ ունեցող նախագիծ» լինի։ Այժմ այն պետք է լինի մշտապես զարգացող համակարգ, որտեղ չկան վերջնական լուծումներ, բայց կա շարժման ուղղություն։ Եվ հաջողությունը որոշվում է ոչ թե նրանով, թե որքան ճշգրիտ է կատարվել պլանը, այլ թե որքան լավ է քաղաքը կարողանում սովորել, ադապտացվել և աշխատել իր բնակիչների հետ միասին։

Ըստ ամենայնի, հենց այսպիսի քաղաքներն էլ կորոշեն ապագան։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում