Էլեկտրոմոբիլների շուկան Հայաստանում վերջին տարիներին բավականին դինամիկ է զարգանում: Ավելի ու ավելի շատ ավտոսիրողներ նախապատվությունը տալիս են էլեկտրական մեքենաներին, թեև այս սեգմենտը, ինչպես ցանկացած այլ ոլորտ, բախվում է մի շարք խնդիրների: Շուկայի ներկա վիճակի և զարգացման հեռանկարների մասին Economix-ի եթերում պատմել է «Eco Motors» ընկերության ֆինանսական տնօրեն Նարեկ Հարությունյանը:
Զարգացման դինամիկան. եռակի աճ երեք տարումԸստ Հարությունյանի՝ Հայաստանում էլեկտրոմոբիլների շուկայի ակտիվ զարգացումն սկսվել է 2023 թվականին: «2023 թվականին երկիր է ներմուծվել մոտ 6000 էլեկտրոմոբիլ: Այս սեգմենտի առանձնահատկությունն այն է, որ մարդիկ սկսում են օգտագործել էլեկտրական քարշակով մեքենաներ բենզինայինների փոխարեն, ինչը զգալիորեն կրճատում է վառելիքի և սպասարկման ծախսերը՝ մոտ 3–4 անգամ»,— պատմում է նա:
Նրա խոսքով՝ ևս մեկ կարևոր գործոն է բնապահպանական ասպեկտը: «Եթե նայենք համաշխարհային պրակտիկային, ուշադրություն է դարձվում օդի մաքրությանը: Մեքենաներից արտանետումների կրճատումը դարձավ պատճառներից մեկը, թե ինչու էլեկտրոմոբիլները սկսեցին ակտիվորեն ներմուծվել Հայաստան»,— հավելում է Հարությունյանը:
Նա նշում է, որ սկզբում շուկայում կային որոշակի վախեր և առասպելներ՝ կապված նոր տեխնոլոգիաների հետ: Այնուամենայնիվ, աճը տպավորիչ էր. երեք տարվա ընթացքում էլեկտրոմոբիլների շուկան աճել է մոտ հինգից վեց անգամ: Այսպես, արդեն 2024 թվականին Հայաստան է ներմուծվել մոտ 9500 էլեկտրոմոբիլ, իսկ 2025 թվականին, ըստ նախնական տվյալների՝ մոտ 18 000: Բացի այդ, ԵԱՏՄ քվոտայով 2026 թվականի համար երկիր կներկրվի ևս մոտ 15 000 մեքենա: Նա նաև ընդգծում է հարկային արտոնությունների դերը շուկայի զարգացման համար. «Էլեկտրոմոբիլներն ազատված են 15% մաքսատուրքից ԵԱՏՄ շրջանակներում, ինչը լրացուցիչ խթանում է շուկան»:
Էլեկտրոմոբիլների շուկայի խնդիրները. «գորշ» ներմուծողներՀարությունյանը նկատում է, որ Հայաստանի էլեկտրոմոբիլների շուկայում կան նաև բազմաթիվ խնդիրներ: «Այս պահին խոշոր խաղացողներ կարելի է համարել մոտ 10–15 ընկերությունների, որոնք քիչ թե շատ կայուն են աշխատում շուկայում,— ասում է նա: — Մնացած ընկերությունները փոքր են, բայց շուկայի բաց լինելու պատճառով բոլորը կարող են կապվել չինացի արտադրողների կամ դիլերների հետ և կազմակերպել մեքենաների ներմուծումն ու վաճառքը: Ընդ որում, պաշտոնական ներկայացուցիչներն այստեղ քիչ են»:
Հարությունյանն ընդգծում է, որ «Eco Motors»-ը դասվում է այդ պաշտոնական ընկերությունների շարքին. «Մենք ուղղակիորեն աշխատում ենք արտադրողի հետ և պաշտոնական ներկայացուցիչն ենք Հայաստանում: Բայց մյուս ընկերությունները նույնպես կարող են հեշտությամբ ներմուծել մեքենաներ և երբեմն նույնիսկ առաջարկել դրանք ավելի ցածր գնով»:
Բացի այդ, ներմուծման մեծ մասն իրականացնում են ֆիզիկական անձինք, ինչը լրացուցիչ դժվարություններ է ստեղծում: «Որոշ ընկերություններ մեքենաները ներմուծում են անմիջապես հաճախորդի անունով: Այս դեպքում մաքսատուրքերի տարբերություններ են առաջանում. իրավաբանական և ֆիզիկական անձանց համար դրանք տարբեր են, և բնականաբար, այդ գումարից չի գոյանում նաև շահութահարկը: Սա խեղաթյուրում է շուկայի պատկերը»,- նշում է Հարությունյանը:
Նա ցավով նկատեց, որ հաճախորդների մեծ մասը կողմնորոշվում է բացառապես գնով՝ անտեսելով բազմաթիվ ոչ պակաս կարևոր գործոններ.
«Օրինակ, հաճախորդը կարող է գալ և ասել. "Ես տեսել եմ նույն մոդելը ձեր սրահում, բայց X ընկերությունն այն առաջարկում է զգալիորեն ավելի ցածր գնով. ո՞րն է պատճառը": Նման դեպքերում բացատրվում է, թե ինչում է տարբերությունը, և անպայման շեշտվում է կարևոր գործոնը՝ հետվաճառքային սպասարկումը: Այնուամենայնիվ, մենք բոլորս հասկանում ենք, որ գնորդների մեծամասնության համար վճռորոշը մնում է հենց գինը. հենց դրանով են նրանք առաջնահերթ կողմնորոշվում»:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում