Արհեստական բանականությունը մեծ ազդեցություն է թողնում աշխատաշուկայի վրա և արագորեն փոխում այն, և զբոսավարության ոլորտը բացառություն չէ: Արդեն այսօր անվճար և էժան հավելվածները զբոսաշրջիկներին առաջարկում են պատրաստի տեքստեր, երթուղիներ և պատմական տեղեկանքներ: Առաջին հայացքից սա կենդանի զբոսավարին փոխարինող հարմարավետ և արագ այլընտրանք է: Սակայն այս տեխնոլոգիական պարզության հետևում թաքնված են մասնագիտության համար սպառնացող լուրջ ռիսկեր, ինչպես պնդում է Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը:
Էժա՞ն այլընտրանք, թե՞ սպառնալիք որակինԱյսօր գոյություն ունեն բազմաթիվ հավելվածներ, որոնց օգնությամբ կարելի է անվճար ստանալ արհեստական բանականության կողմից գեներացված տեղեկատվություն: Օգտատիրոջ համար դա արագ է և հաճախ անվճար կամ շատ էժան: Հենց այդ պատճառով ԱԲ-ն սկսում է ընկալվել որպես կենդանի զբոսավարին փոխարինող այլընտրանք:
Սակայն, ինչպես NEWS.am Tech-ի հետ զրույցում նշել է Յաշա Սոլոմոնյանը, նման մոտեցումն ունի սահմանափակումներ: Առաջին հերթին, չպետք է մոռանալ, որ ԱԲ-ի կողմից տրամադրվող տեղեկատվությունը միշտ չէ, որ հավաստի է լինում: Բացի այդ, արհեստական բանականությունն ի վիճակի չէ ապահովել այն դինամիկան, էմոցիոնալ ներգրավվածությունը և մարդկային փոխազդեցությունը, որոնք ստեղծում է պրոֆեսիոնալ զբոսավարը: Էքսկուրսիան չէ՞ որ միայն փաստեր չեն, այլ նաև կենդանի շփում, լսարանին զգալու, հարցերին արձագանքելու և նյութի մատուցումը հարմարեցնելու կարողություն:
Այնուամենայնիվ, հարցը միայն որակի մեջ չէ: Առջևում կարող են ի հայտ գալ ավելի լուրջ մարտահրավերներ. աշխարհը սլանում է դեպի արհեստական բանականության ավելի առաջադեմ ձևերի փուլ, և եթե ԱԲ-ն սկսի բարձր մակարդակով նմանակել մարդու էմոցիաներն ու վարքագիծը, դա կարող է լուրջ խնդիր դառնալ շատ ոլորտների, այդ թվում՝ տուրիզմի և զբոսավարության համար:
Արդյո՞ք ԱԲ-ն կփոխարինի մարդունՊրոֆեսիոնալ համայնքի ներկայացուցիչների կարծիքով՝ արհեստական բանականությունն ինքնին չի փոխարինի մարդուն: Սակայն այն մարդիկ, ովքեր օգտագործում են ԱԲ-ն, կարող են փոխարինել նրանց, ովքեր չեն օգտվում դրանից, կարծում է Սոլոմոնյանը:
«ԱԲ-ն գործիք է՝ սմարթֆոնի նման: Այն չի կարելի ո՛չ թերագնահատել, ո՛չ էլ գերագնահատել: Ժամանակակից մասնագետը պարտավոր է տիրապետել արհեստական բանականության գործիքներին և խորացնել իր գիտելիքները՝ դրանք իր աշխատանքում կիրառելու համար»,- նշել է մասնագետը:
Նրա խոսքով՝ ԱԲ-ի կիրառումը կարող է զբոսավարի գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել՝ արագացնել և ավտոմատացնել գործընթացները, պարզեցնել առաջադրանքների կատարումը և ժամանակ ազատել պրոֆեսիոնալ ու անհատական աճի համար:
Այսպիսով, հարցը ոչ թե տեխնոլոգիայի և մարդու հակադրության մեջ է, այլ մասնագետի՝ նոր պայմաններին հարմարվելու, գտնում է Յաշա Սոլոմոնյանը:
Մրցակցությունը և պետության դերըԱյդուհանդերձ, մնում է նաև տնտեսական ասպեկտը: Շատ զբոսաշրջիկներ չեն ցանկանում գումար ծախսել զբոսավարի ծառայությունների վրա և նախընտրում են օգտվել հավելվածից: Այս իրավիճակում առանցքային դեր կարող է խաղալ պետությունը:
«Եթե ոչ այսօր, ապա ապագայում կպահանջվի օրենսդրական կարգավորում՝ ուղղված աշխատողների շահերի պաշտպանությանը: Առանց համապատասխան միջոցների, արհեստական բանականությունը կարող է բավականին արագ աշխատաշուկայից դուրս մղել հազարավոր մասնագետների»,- ասել է Սոլոմոնյանը:
Նման նախադեպեր, ըստ նրա, արդեն եղել են: Նախկինում զբոսաշրջիկները Հայաստան էին գալիս իրենց օտարերկրյա զբոսավարների հետ: Արդյունքում սահմանվեցին օրենսդրական պահանջներ, որոնց համաձայն՝ զբոսավարը պարտավոր է անցնել որակավորում, տիրապետել հայերենին և համապատասխանել սահմանված նորմերին: Սա ստեղծեց ֆիլտրեր և թույլ տվեց պաշտպանել տեղացի մասնագետների շահերը:
Նմանատիպ մեխանիզմներ հնարավոր են նաև ԱԲ-ի կիրառման նկատմամբ: Արդեն այսօր գոյություն ունեն բազմաթիվ հավելվածներ, որոնք օգտագործվում են երկրի տարածքում, բայց հարկեր չեն վճարում: Օրինակ՝ հավելվածը կարող է վաճառվել մեկ դոլարով և Հայաստանում չվճարել ոչ մի հարկային միավոր, մինչդեռ այստեղ աշխատող տեղացի զբոսավարը կանոնավոր կերպով հարկեր է վճարում: Օնլայն հարթակները կարող են և պետք է բերվեն երկրի օրենսդրական և հարկային դաշտ, կարծում է Սոլոմոնյանը:
Ոլորտի ներկայացուցիչներն ընդգծում են՝ իրենց խնդիրը ոչ թե կոնկրետ օրենսդրական նախաձեռնություններ մշակելն է, այլ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելը հնարավոր ապագա մարտահրավերներին, որպեսզի պետությունը ժամանակին նախաձեռնի անհրաժեշտ փոփոխությունները:
ԱԲ ռիսկերը՝ պրոֆեսիոնալ քննարկման առանցքային թեմաՀենց արհեստական բանականության հետ կապված ռիսկերն ու հնարավորություններն են դարձել քննարկման կենտրոնական թեման Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի կազմակերպած միջոցառման շրջանակում, որը նվիրված էր Զբոսավարների միջազգային օրվան (նշվում է ամեն տարի փետրվարի 21-ին):
Այդ օրը ասոցիացիան ավանդաբար անցկացնում է մասշտաբային միջոցառում, որը համախմբում է ոլորտի հարյուրավոր մասնագետների: Այս տարի ընտրվել էր այսօրվա ամենաարդիական թեմաներից մեկը՝ «Արհեստական բանականությունը և զբոսավարությունը»: Բանախոսների մասնակցությամբ երկժամյա պանելային քննարկման շրջանակում մասնակիցները քննարկել են պոտենցիալ ռիսկերը, հարմարվելու անհրաժեշտությունը և կարգավորման հնարավոր ուղիները:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում