Unity Software Inc.-ը, որը տեսախաղերի և համանուն խաղային շարժիչի և այլ լուծումների մշակմամբ զբաղվող ընկերություն է, ծրագրում է կրճատել 284 աշխատակցի։ Նրանցից ոմանք կարող են տեղափոխվել այլ պաշտոնների, եթե արձագանքեն թափուր աշխատատեղերի մասին հայտարարություններին։
WSJ-ի տվյալներով՝ 2022 թ․ հունիսին ընկերությունն աշխատանքից ազատել է 225 աշխատակցի՝ որոշումը բացատրելով նրանով, որ ցանկանում է ապահովել, որպեսզի «աշխատողների թիվն ավելի լավ համապատասխանի ընկերության կարիքներին»։
Այս կրճատումներից հետո և մինչև վերջերս ընկերությունն ուներ մոտ 8000 աշխատակից, որոնց մի մասը նույնպես շուտով կկրճատվի։ Ընկերության ներկայացուցիչներն ասում են, որ նոր կրճատումներն արձագանքն են տնտեսական բացասական միտումներին, ներառյալ թվային գովազդի շուկայի թուլությունը:
Բացի դրանից, երբ Unity-ն ձեռք բերեց Parsec-ը (320 մլն դոլարով) և թվային էֆեկտների Weta ստուդիան (1,62 մլրդ դոլարով), աշխատուժն ավելացավ ավելի քան 1400-ով, և ընկերությունում հայտնվեցին այսպես կոչված կրկնօրինակ հաստիքներ։ Կրճատումները մասամբ կօգնեն լուծել այս խնդիրը։
Հիշեցնենք, որ լայնածավալ կրճատումներ են տեղի ունենում նաև մի շարք այլ ընկերություններում։ Օրինակ՝ Microsoft-ը նախատեսում է տարբեր բաժիններից աշխատանքից հեռացնել մի քանի հազար աշխատակցի։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ կրճատումների տակ կհայտնվի 6000-11,000 աշխատող։
Tesla-ն և Micron Technology-ը նույնպես նախատեսում են մոտ ապագայում կրճատել իրենց աշխատուժի 10%-ը:
Չինական սմարթֆոնների խոշորագույն արտադրող Xiaomi-ն վերջերս սկսել է աշխատանքից հեռացնել աշխատակիցներին. ասում են, որ բիզնեսի օպտիմալացման շրջանակում կազատվի անձնակազմի 15%-ը։
HP Inc.-ը ծրագրում է առաջիկա երեք տարվա ընթացքում կրճատել 4000-6000 աշխատակցի:
Meta Platforms-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը պատրաստվում է աշխատանքից հեռացնել 11,000 մարդու՝ կորպորացիայի աշխատակիցների մոտ 13%-ին։
Amazon-ն ի սկզբանե նախատեսում էր կրճատել մոտ 10,000 աշխատակցի, սակայն վերջին տվյալներով՝ կրճատումներն էլ ավելի մեծ կլինեն․ կրճատման տակ կհայտնվի մոտ 18,000 աշխատող։
Vimeo վիդեո ծառայությունը նույնպես նախատեսում է կրճատել իր անձնակազմի գրեթե 11%-ը:
Twitter-ի անձնակազմը կրճատվել է գրեթե երկու երրորդով, երբ Իլոն Մասկը դարձավ ընկերության և դրա հարթակի նոր սեփականատերը․ եթե նախկինում ընկերությունում աշխատում էր 7500 մարդ, ապա հիմա մնացել է 2700-ը։
ամիս
շաբաթ
օր