Ալգորիթմով մարքեթինգ. Ինչպե՞ս է արհեստական բանականությունը փոխում գովազդը, վստահությունն ու խաղի կանոնները

9 մայիսի, 2025  18:42

Արհեստական բանականությունն (ԱԲ) ու նեյրոցանցերը արագորեն փոխում են ժամանակակից աշխարհի դեմքը՝ բժշկությունից և կրթությունից մինչև տրանսպորտ և արվեստ: Դրանց ազդեցությունն առավել նկատելի է բիզնեսում, որտեղ դրանք օգնում են ավտոմատացնել գործընթացները, վերլուծել մեծ ծավալի տվյալներ և գտնել նոր աճի կետեր: Այն ոլորտներից մեկը, որտեղ ԱԲ-ն արդեն փոխում է խաղի կանոնները, թվային մարքեթինգն է: Բովանդակության անհատականացում, օգտատերերի վարքի կանխատեսում, գովազդային արշավների կառավարում՝ այս ամենը դառնում է ավելի ճշգրիտ և արդյունավետ՝ շնորհիվ խելացի ալգորիթմների: Ինչպե՞ս են ԱԲ-ն ու նեյրոցանցերը վերափոխում թվային մարքեթինգի ոլորտը՝ «Բա իմացա՞ր» ծրագրում պատմում է թվային մարքեթինգի մասնագետ Ռեմ Դարբինյանը:

Գիտության և տեխնոլոգիաների մասին հարցազրույցների շարքի հովանավորն է Team Telecom Armenia ընկերությունը:

Ընդհանուր ռազմավարություններից դեպի անհատականացում. Արդյո՞ք Facebook-ը լսում է Ձեզ

Ինտերնետի գալուստով գովազդային արշավներն ավելի չափելի դարձան. հնարավոր եղավ հետևել, թե քանի մարդ է տեսել գովազդը, որ տարիքային խմբին են նրանք պատկանում, որքան ժամանակ են անցկացրել էջում, անցե՞լ են արդյոք հղմանը: Սակայն հենց արհեստական բանականության զարգացմամբ սկսվեց որակապես նոր փուլ՝ գովազդը դադարեց զանգվածային լինելուց և դարձավ անհատականացված:Ինչպես բացատրում է թվային մարքեթինգի մասնագետ Ռեմ Դարբինյանը, այդ անհրաժեշտությունն առաջիններից գիտակցեց Facebook-ը: Ընկերությունը հասկացավ, որ եթե օգտատերը մի քանի անհետաքրքիր գովազդ է տեսնում, նա հիասթափվում է հարթակից: Իսկ քանի որ գովազդատուների թիվն անշեղորեն աճում է, առանց արդյունավետ անհատականացման մոնետիզացիան անհնար է դառնում:

Այս խնդիրը լուծելու համար ներդրվեցին ալգորիթմներ, որոնք վերլուծում են օգտատերերի վարքը՝ որ գրառումներն են ստանում հավանումներ, սրտիկներ, զայրացած ռեակցիաներ, որ բովանդակության վրա է օգտատերը երկար մնում: Այս տվյալների հիման վրա ԱԲ-ն սովորում է և ժամանակի ընթացքում սկսում է ցուցադրել գովազդ, որը առավելագույնս համապատասխանում է յուրաքանչյուր անհատի հետաքրքրություններին: Շահում են բոլորը՝ հարթակը, որն ավելի բարձր եկամուտ է ստանում գովազդից, գովազդատուները, որոնք հասնում են իրենց թիրախային լսարանին, և օգտատերերը, որոնք ծանրաբեռնված չեն անտեղի բովանդակությամբ:

Այս համակարգում կարևոր դեր է խաղում սեգմենտավորումը: Դարբինյանի խոսքով, հաճախ կարելի է լսել. «Facebook-ը լսում է ինձ, ես ինչ-որ բան ասացի, և անմիջապես գովազդ հայտնվեց»: «Իրականում, բնականաբար, ոչ ոք Ձեզ չի լսում: Խոսքը ոչ թե լսելու, այլ վարքագծի վերլուծության վրա հիմնված բարդ մոդելների մասին է», - ասում է Դարբինյանը: Օրինակ, եթե Դուք հետաքրքրվում եք խորովածով, կանաչ թեյով և հեծանիվներով, հարթակը Ձեր պրոֆիլը կհամեմատի նմանատիպ նախասիրություններով օգտատերերի վարքի հետ և կառաջարկի հեծանիվ: Նույնիսկ եթե Դուք ընդամենը կարդացել եք առողջ ապրելակերպի մասին հոդված կամ մտածել եք հեծանիվ գնելու մասին, ԱԲ-ն արդեն բավարար տվյալներ ունի՝ համապատասխան առաջարկություն անելու համար:

Գովազդ առանց մարդկանց. ԱԲ-ի դարաշրջանի նոր էթիկական մարտահրավերներ

Արհեստական բանականության զարգացմամբ փոխվել է ոչ միայն թիրախավորման մոտեցումը, այլև գովազդային բովանդակության ստեղծման գործընթացը: Եթե նախկինում լուսանկարների և տեսանյութերի նկարահանման համար ներգրավվում էին իրական մարդիկ, այսօր այդ նյութերն ավելի հաճախ ստեղծվում են ԱԲ-ի միջոցով:«Տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ օգտատերը միշտ չէ, որ կարող է տարբերել՝ արդյո՞ք պատկերն կամ տեսանյութը իրական է, թե՞ ստեղծված է արհեստական բանականությամբ», - նշում է Ռեմ Դարբինյանը: Նրա խոսքով, սա բարձրացնում է էթիկայի և թափանցիկության սուր հարցեր. արդյո՞ք ինֆլյուենսերը կամ բրենդը պարտավոր է նշել, որ բովանդակությունը ստեղծվել է, այլ ոչ թե նկարահանվել իրականում:

Այսպիսի հարցերի պատճառով խոշոր հարթակները սկսել են ներդնել ալգորիթմներ, որոնք կարող են ճանաչել ԱԲ-ի հետքերը տեսող''' ավելին՝ տե՛ս YouTube

Ինֆլյուենսերներ՝ բիլբորդների փոխարեն

Ժամանակակից գովազդային շուկան զգալի փոփոխություններ է կրում: Ավանդական գովազդի ավելի մեծ մասն աստիճանաբար զիջում է ինֆլյուենս-մարքեթինգին՝ ապրանքների և ծառայությունների առաջխաղացմանը բլոգերների և կարծիքի առաջնորդների միջոցով, որոնք ունեն նվիրված լսարան և վստահության բարձր մակարդակ:

«Սա աշխատում է, քանի որ այդ մարդիկ պատմում են իրենց պատմությունը: Իհարկե, կան ինֆլյուենսերներ, որոնք բացահայտ զբաղվում են որոշակի բրենդերի առաջխաղացմամբ, և նրանց հետևորդները դա հասկանում են: Բայց կան նաև նրանք, ովքեր իսկապես փորձում են ապրանքներ և կիսվում անկեղծ տպավորություններով: Հենց այդպիսի բովանդակությունն է լսարանն ամենաշատը գնահատում», - բացատրում է Ռեմ Դարբինյանը:

Նա ընդգծում է, որ օգտատերերն ավելի ու ավելի են ընտրում իսկականությունը: Բրենդերը դա հասկանում են, ուստի գովազդային բյուջեների ավելի մեծ մասն ուղղվում է ինֆլյուենս-մարքեթինգին: Սակայն կարևոր է ոչ միայն գովազդը, այլև անկեղծ կարծիքը. «Փողը վճարվում է ոչ թե նրա համար, որ ինֆլյուենսերը ցույց տա ապրանքը, այլ նրա համար, որ նա ազնվորեն պատմի իր փորձի մասին: Նույնիսկ եթե ապրանքը նրան դուր չի եկել, դա միևնույն է աշխատում, քանի որ առաջացնում է վստահություն: Կարող է գտնվել մեկը, ով կորոշի օգտագործել ապրանքն այլ կերպ, կպատմի դրա մասին, և, ի վերջո, ապրանքը կգտնի իր սպառողին»:

Դարբինյանի կարծիքով՝ ինֆլյուենսերների դերը մարքեթինգում միայն կաճի. «Մարդիկ ցանկանում են լսել իրական մարդկանց: Բոլորն արդեն վաղուց հասկացել են, որ ավանդական գովազդը արհեստականորեն գեղեցկացված կերպար է, մինչդեռ նրանց ձայնը, ովքեր կիսվում են անձնական փորձով, դեռևս ընկալվում է որպես ավելի ազնիվ»:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում