Որո՞նք են 2022 թ․ 5 լավագույն հեռախոսները

5 հունվարի, 2023  14:47

Ինչպես նախորդ տարիներին, 2022-ին ևս սմարթֆոններ արտադրող ընկերությունները ողջ տարվա ընթացքում մի շարք նորույթներ են առաջարկել օգտատերերին։ Շուկայում սմարթֆոնների մեծ ընտրությունն էլ ավելի է դժվարացնում հեռախոս ընտրելու գործընթացը, քանի որ մարդիկ պարզապես չեն կողմնորոշվում, թե որն է ամենալավը, կամ որ հեռախոսն է ամենահարմարն իրենց համար։ Իհարկե, կան մի քանի բաներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել հեռախոս գնելիս։ The Verge պարբերականն առանձնացրել է 2022-ի լավագույն հինգ սմարթֆոնները, որոնք ներկայացնում ենք ստորև։

1. iPhone 14 Pro և Pro Max

Պարբերականը նշում է, որ Apple ընկերության iPhone 14 Pro-ն և Pro Max-ը 2022-ի լավագույն սմարթֆոններն են, որոնք, բյուջեի առկայության դեպքում, կարելի է գնել առանց վայրկյան իսկ վարանելու։ Երկուսն էլ ունեն ֆունկցիաներ, որոնք չունի ստանդարտ iPhone 14-ը (օրինակ՝ Dynamic Island-ը)։ 14 Pro-ն ունի 6,1 դյույմանոց, իսկ Pro Max-ն ունի 6,7 դյույմանոց էկրան: Նրանք երկուսն էլ ProMotion էկրաններ են, թարմացման 120 Հց հաճախականությամբ։ Ընդորում, երկուսի դեպքում էլ էկրանը նույնիսկ «քնած» վիճակում ցուցադրում է ժամը, ամսաթիվը, ծանուցումները, և կարիք չկա «արթնացնել» էկրանը։ iPhone 14 Pro-ն ունի 48 ՄՊ տեսախցիկ, որը հիանալի լուսանկարներ է անում։ Երկու մոդելներում էլ օգտագործվում է A16 Bionic չիպ։ iPhone 14 Pro-ն արժե 999 դոլար (ԱՄՆ-ում), իսկ iPhone 14 Pro Max-ը՝ 1044 դոլար։ Այս սմարթֆոնների ֆունկցիաների մասին առավել մանրամասն կարդացեք այստեղ։

2. Google Pixel 7 Pro

Պարբերականը նշում է, որ Google Pixel 7 Pro-ն Android օպերացիոն համակարգով աշխատող լավագույն հեռախոսն է, որ կարելի է գնել հենց հիմա։ Հեռախոսն ունի կատարողական լավագույն ցուցանիշներ, երեք տեսախցիկ, որոնցից գլխավորը՝ 50 ՄՊ, 6.7 դյույմանոց էկրան, որը հարմար է օգտագործել նույնիսկ արևի լույսի տակ։ Google Pixel 7 Pro-ն զինված է Google-ի թարմացված Tensor G2 չիփսեթով, ունի 8 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներկառուցված հիշողություն ( ունի նաև 8/256, 12/128, 12/256, 12/512 տարբերակներ), մարտկոցը՝ լիթիումաիոնային 5000 մ/Աժ, գինը՝ 899 դոլար։

3. Apple iPhone 13

The Verge ամսագրի երրորդ հորիզոնականում է Apple ընկերության iPhone 13 սմարթֆոնը։ Պարբերականը նշում է, որ iPhone 13-ն անում է գրեթե այն ամենը, ինչ անում է iPhone 14-ը և 100 դոլար էժան է (699 դոլար)։ Իսկ iPhone 14-ի առավելություններն այնքան քիչ են, որ շատերը հենց այդ պատճառով էլ գերադասում են շարունակել օգտագործել իրենց iPhone 13-ը, քան գնել iPhone 14։ Հեռախոսն 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, 6.1 դյույմանոց էկրան` Super Retina XDR OLED (առանց ProMotion-ի), A15 Bionic չիպսեթ, մարտկոցը՝ լիթիումաիոնային 3240 մ/Աժ։ iPhone 13-ի և դրա վաճառքի մասին կարդացեք այստեղ։

4. Samsung Galaxy S22 Ultra

Պարբերականը Samsung Galaxy S22 Ultra-ն անվանում է հեռախոս, որն անում է ամեն ինչ։ Հեռախոսն ունի հինգ տեսախցիկ, գլխավոր տեսախցիկը՝ 108 ՄՊ։ Բացի դրանից, այն ունի 6.8 դյույմանոց OLED էկրան՝ թարմացման 120 Հց հաճախականությամբ, ներկառուցված ստիլուս։ Սմարթֆոնը զինված է առաջին սերնդի Snapdragon 8 պրոցեսորով, բազային տարբերակն ունի 8 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ ներկառուցված հիշողություն։ Կան նաև նաև 12 օպերատիվ և 256 ԳԲ ներկառուցված, 12 ԳԲ օպերատիվ և 512 ներկառուցված, և 12 ԳԲ օպերատիվ 1 ՏԲ ներկառուցված տարբերակներ։ Ըստ The Verge-ի՝ Samsung Galaxy S22 Ultra դեռ մի քանի տարի չի զիջի առաջատարի իր դիրքերը։ Սմարթֆոնն արժե 1200 դոլար։

5. Apple iPhone 13 Mini

Apple ընկերության iPhone 13 Mini-ն, ըստ պարբերականի, 2022-ի լավագույն փոքր սմարթֆոնն է, որը չի զիջում իր կատարողականով․ հեռախոսն ունի Apple-ի արտադրության A15 Bionic (5 nm) պրոցեսոր։ Թեև էկրանը փոքր է 5.4 դյույմանոց Super Retina XDR, բայց դրանով հանդերձ այն շատ հարմար է կարճ հաղորդագրություններ գրելու, տեսանյութեր նայելու, լուրեր կարդալու և մի շարք այլ բաների համար։ Օպերատիվ հիշողությունը՝ 4 ԳԲ, ներկառուցված հիշողությունը՝ 128 ԳԲ, 256 ԳԲ և 512 ԳԲ տարբերակներով։ Հեռախոսի միակ թույլ կողմը, թերևս, մարտկոցն է՝ լիթիումաիոնային 2438 մ/Աժ։ Հեռախոսն արժե 599 դոլար։

 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում