DART-ը բախվել է Դիմորֆ աստղակերպին. որքանո՞վ էր հաջող NASA-ի առաքելությունը

27 սեպտեմբերի, 2022  10:41

DART ամերիկյան թռչող սարքը մի քանի ժամ առաջ 24 000 կմ/ժամ արագությամբ հաջողությամբ բախվել է Դիմորֆ աստղակերպին։ Առաքելության նպատակն էր առաջին անգամ թեստավորել, թե որքանով է հնարավոր Երկիրը պաշտպանել հնարավոր վտանգավոր տիեզերական օբյեկտներից։

DART (Double Asteroid Redirection Test – «Երկակի աստղակերպի ուղեծրի փոփոխման փորձ») տիեզերասարքի բախումը Դիմորֆ աստղակերպի հետ տեղի է ունեցել ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով ժամը 19։15-ին (սեպտեմբերի 27, Երեւանի ժամանակով ժամը 03։15)։ Թռչող սարքը բախման պահին շարժվել է մոտ 24 000 կմ/ժամ արագությամբ։

NASA-ն ցուցադրել է բացառիկ կադրեր, որոնք DART-ի տեսախցիկով նկարահանվել են բախումից վայրկյաններ առաջ։

Եվ այսպես, առայժմ կարելի է միայն ասել, որ բախումը տեղի է ունեցել, եւ ինչպես DART-ը, այնպես էլ նրանից անջատված LICIACube մինի-տիեզերանավը հաջող կատարել են առաջադրանքը։

NASA-ի պաշտոնյաները ողջունել են փորձարկումների անմիջական արդյունքը՝ հայտարարելով, որ տիեզերանավը հասել է իր նպատակին։

«NASA-ն աշխատում է ի բարօրություն մարդկության, ուստի մեզ համար մեր առաքելության վերջնական իրականացումը այսպիսի մի բան անելն է՝ ցուցադրել տեխնոլոգիա, որը, ով գիտի, մի օր կարող է փրկել մեր տունը», - ասել է նախկին տիեզերագնաց, NASA-ի ադմինիստրատորի տեղակալ Փեմ Մելռոյը։

Այժմ NASA-ի մասնագետները Դիմորֆին հետեւելու են վերերկրյա հեռադիտակներով, որպեսզի հաստատեն, որ DART-ի ազդեցությունը փոխել է աստղակերպի ուղեծիրը Դիդիմի շուրջ։ Հետազոտողները սպասում են, որ հարվածը կկրճատի Դիմորֆի ուղեծիրը մոտ 1 տոկոսով կամ մոտավորապես 10 րոպեով։ Աստղակերպի շեղման աստիճանի ճիշտ չափումը լիամասշտաբ փորձարկումների հիմնական նպատակներից մեկն է։

Մոտավորապես չորս տարի հետո Եվրոպական տիեզերական գործակալության Hera նախագիծը կիրականացնի ինչպես Դիմորֆի, այնպես էլ Դիդիմի մանրակրկիտ հետազոտություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով DART-ի բախման արդյունքում գոյացած բացվածքին եւ Դիմորֆի զանգվածի ճշգրիտ չափմանը։

Հիշեցնենք, որ DART-ն արձակվել էր անցած տարվա նոյեմբերին ԱՄՆ Տիեզերական ուժերի Վանդենբերգի կայանից (Կալիֆոռնիա), SpaceX Falcon 9 կրիչ-հրթիռի օգնությամբ։ Իր այս ճամփորդության վերջին ժամերին սարքի կառավարումը փոխանցվել է ինքնավար նավիգացիոն համակարգին։

Աստղակերպը, որին նա բախվել է, վտանգ չէր ներկայացնում Երկրի համար։ 330 մլն դոլար արժողությամբ առաքելությունը, որի ստեղծման վրա մոտ յոթ տարի է ծախսվել, նպատակ ունի որոշել, թե արդյոք կարող է տիեզերանավը փոխել աստղակերպի հետագիծը միայն կինետիկ ուժի օգնությամբ՝ շեղելով նրա ուղեգիծը ճիշտ այնքան, որպեսզի Երկիրը պաշտպանի վտանգից։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում