Արտաքին մարտկոցը (power bank) մեր օրերում շատ կարևոր սարք է, որը թույլ է տալիս ցանկացած իրավիճակում կապի մեջ մնալ։ Որպեսզի ընտրեք հարմար մոդել, կարևոր է հաշվի առնել հիմնական հատկությունները, որոնք որոշում են սարքի օգտագործման հարմարավետությունը և արդյունավետությունը։
Մարտկոցի տարողունակությունըԱրտաքին մարտկոցի տարողունակությունը որոշում է, թե որքան էներգիա այն կարող է պահել և փոխանցել ձեր սարքերին։ Օրինակ, եթե ձեր սմարթֆոնի մարտկոցը 5000 mAh է, խորհուրդ է տրվում ընտրել առնվազն 10 000 mAh-անոց power bank։
Սակայն պետք է նկատի ունենալ, որ էներգիայի փոխանցման ժամանակ առաջանում են կորուստներ (սովորաբար 20–30%՝ կախված սարքի արդյունավետությունից), այդ պատճառով նման արտաքին մարտկոցը կկարողանա լիովին լիցքավորել ձեր հեռախոսը մեկ անգամ, իսկ երկրորդ լիցքավորման համար կմնա մոտ 60–70% էներգիա։ Եթե նախատեսում եք լիցքավորել մի քանի սարք կամ օգտագործել արտաքին մարտկոցը մի քանի օր առանց վերալիցքավորման, ավելի լավ է ընտրել 20 000 mAh և ավելի տարողունակ մոդելներ։
Առավելագույն հոսանք և ելքային հզորությունԼիցքավորման արագությունը կախված է արտաքին մարտկոցի առավելագույն հոսանքից և հզորությունից։ Հոսանքը տարբեր է լինում՝ կախված միակցիչի տեսակից (USB-A, USB-C) կամ անլար լիցքավորման առկայությունից։ Օրինակ, 3 A հոսանքը տարբեր լարումներով ապահովում է տարբեր արագություն. 5 Վ լարման դեպքում՝ 15 Վտ, իսկ 9 Վ դեպքում՝ արդեն 27 Վտ, ինչը զգալիորեն արագացնում է լիցքավորման գործընթացը։
Հաճախ լարումը չի նշվում բնութագրերում, ուստի ավելի լավ է կենտրոնանալ ելքային հզորության վրա (Վտ-ով), որը ներառում է ինչպես հոսանքը, այնպես էլ լարումը։ Ժամանակակից սարքերի համար խորհուրդ է տրվում ընտրել 20 Վտ կամ ավելի հզորությամբ մոդելներ։
Միակցիչների քանակն ու տեսակըԱրտաքին մարտկոցի հարմարավետությունը մեծապես կախված է առկա միակցիչների քանակից և տեսակից։ Շատ մոդելներ ունեն մի քանի պորտ՝ USB-A (ավանդական) և USB-C (ավելի ժամանակակից ու բազմաֆունկցիոնալ)։ USB-C-ն հաճախ ծառայում է թե՛ արտաքին մարտկոցի լիցքավորման, թե՛ սարքերի միացման համար, ինչը դարձնում է այն հատկապես գործնական։
Եթե նախատեսում եք միաժամանակ լիցքավորել մի քանի սարք, ընտրեք մոդելներ, որոնք ունեն երկու կամ երեք ելքային պորտ։ Որոշ արտաքին մարտկոցներ նաև ունեն Lightning մուտք, ինչը հարմար է iPhone-ի օգտագործողների համար։
Արագ լիցքավորման պրոտոկոլների աջակցությունԵթե ձեր սարքերը աջակցում են արագ լիցքավորում (օրինակ՝ Power Delivery կամ Quick Charge), ապա կարևոր է, որ արտաքին մարտկոցն էլ համատեղելի լինի այդ տեխնոլոգիաների հետ։ Առավել տարածված ստանդարտներից են USB Power Delivery (PD), Qualcomm Quick Charge (QC) և ընկերությունների սեփական տեխնոլոգիաները, օրինակ՝ OPPO-ի VOOC-ը։
Նախքան գնումը համոզվեք, որ ձեր սմարթֆոնը կամ պլանշետը աջակցում է այդ պրոտոկոլներից որևէ մեկին, և ստուգեք դրանց առկայությունը արտաքին մարտկոցի բնութագրերում։ Օրինակ, iPhone-ները առավելագույն արագությամբ լիցքավորելու համար անհրաժեշտ է USB PD աջակցություն՝ 18 Վտ կամ ավելի հզորությամբ։
Լրացուցիչ գործոններԲացի հիմնական բնութագրերից, արժե հաշվի առնել նաև այլ կարևոր մանրամասներ.
Քաշ և չափեր. 10 000 mAh-անոց արտաքին մարտկոցները սովորաբար կոմպակտ են և կշռում են մոտ 200–300 գ, մինչդեռ 20 000 mAh-անոց մոդելները կարող են լինել 400–500 գ և անհարմար լինել գրպանում կրելու համար։ Լիցքավորման ցուցիչ. Օգտակար գործառույթ է, որը ցույց է տալիս մնացած լիցքը՝ տոկոսային չափով կամ LED ինդիկատորներով։ Անլար լիցքավորում. Եթե ձեր սմարթֆոնը աջակցում է Qi ստանդարտին, կարող եք ընտրել անլար լիցքավորող արտաքին մարտկոց՝ ավելորդ լարերից խուսափելու համար։ Այսպիսով...Արտաքին մարտկոցի ընտրությունը կախված է ձեր կարիքներից. կարճ ուղևորությունների համար բավական կլինի թեթև ու կոմպակտ 10 000 mAh մոդելը, իսկ երկար ճանապարհորդությունների կամ մի քանի սարք լիցքավորելու համար ավելի հարմար է 20 000 mAh կամ ավելի տարողունակ տարբերակը։ Ուշադրություն դարձրեք տարողունակությանը, հզորությանը, միակցիչների տեսակին և արագ լիցքավորման աջակցությանը, որպեսզի գտնեք ձեր համար լավագույն տարբերակը։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում