Հայտնի են դարձել «ԱրմՌոբոտիքս 2022» հայաստանյան 14-րդ առաջնության հաղթողները, այս մասին տեղեկացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։
Առաջնությունը, որն այս տարի կրում էր «Ինքնակառավարվող ռոբոտները՝ խելացի ագարակում» խորագիրը, տեղի է ունեցել Դիլիջանի կենտրոնական դպրոցում։ Մասնակցության հայտ ներկայացրած 130 թիմերից եզրափակիչ փուլում էին 39 թիմեր Հայաստանի (ներառյալ՝ Արցախը) «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներից, Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամից և Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից։
Բուն միջոցառմանն ուղեկցել են զուգահեռ իրականացվող ագրոտեխնոլոգիական ցուցահանդեսը, ինչպես նաև ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի վարած աշխատարանները։
«Ծրագրի հիմքում սպառողից արտադրողի և արարողի վերածվելու գաղափարն է։ Սա իսկապես մի մեծ, ազգային տոն է, տոն՝ ոչ միայն ներկաների, այլև մեր ապագա սերունդների համար, քանզի այս շարժումը մեծ ալիք պիտի դառնա և պիտի փոխի ամբողջ միջավայրը, որում մենք ապրում ենք»,- իր բացման խոսքում նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը՝ ողջունելով ներկաներին։Կրտսեր տարիքի դպրոցահասակների (10-13տ․) մրցույթում 1-ին տեղն զբաղեցրել է BeeMath խումբը (Բերդի թիվ 3 դպրոցի «Արմաթ» ճ/ա), 2-րդ տեղը՝ «Այգուտ» խումբը (Այգուտի միջնակարգ դպրոցի «Արմաթ» ճ/ա), 3-րդ տեղում՝ GDL 1 խումբը (Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամ)։Միջին տարիքի դպրոցահասակների (14-17տ․) մրցույթում 1-ին տեղն զբաղեցրել է SmartFarmer խումբը (Երևանի ինֆորմատիկայի պետքական քոլեջ), 2-րդ տեղում GDL 2 խումբն էր Գյումրու «Զարգացման լաբորատորիա» հիմնադրամից, իսկ 3-րդ տեղում՝ «Գանձակցիներ» խումբը՝ Գանձակի թիվ 1 դպրոցի «Արմաթ» ճ/ա-ից։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում