Google Pixel 9a սմարթֆոնն ավելի մեծ կլինի իր նախորդից, բայց կպահպանի նույն գինը

30 հոկտեմբերի, 2024  19:17

Ապագա Google Pixel 9a սմարթֆոնն ավելի մեծ և հզոր կլինի, քան Google-ի միջին գնային սմարթֆոնների ընտանիքից իր նախորդը, հայտնում է Android Headlines-ը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրներ:

Pixel 9a-ն կունենա 6,3 դյույմանոց Actua էկրան՝ նույն չափի, ինչ հին Pixel 9-ը և Pixel 9 Pro-ն, և ավելի մեծ, քան Pixel 8a-ն, որն ունի 6,1 դյույմանոց էկրան: Նոր բյուջետային մոդելի էկրանը կունենա նաև թարմացման հարմարվողական արագություն՝ այն կկարողանա անցումներ անել 60-ից մինչև 120 Հց ռեժիմների միջև։

Pixel 9a-ն կաշխատի Google Tensor G4 պրոցեսորով։ Օպերատիվ հիշողության ծավալը կկազմի 8 ԳԲ, ներկառուցվածը՝ 128 և 256 ԳԲ։ Մարտկոցի հզորությունը կկազմի 5000 մԱ/ժ, մինչդեռ Pixel 8a-ն ունի 4492 մԱ/ժ, թեև ավելի փոքր էկրան ունի։ Լիցքավորման հզորությունը կմնա նույնը՝ 18 Վտ լարով և 7,5 Վտ՝ անլար:

Pixel 9a-ի հետևի մասում կլինի 48 ՄՊ հիմնական և 13 ՄՊ լայնանկյուն տեսախցիկը։ Առջևի տեսախցիկը նույնպես կստանա 13 ՄՊ սենսոր։

Սմարթֆոնի չափերը կկազմեն 154,7 × 73,3 × 8,9 մմ՝ իր նախորդի 152,1 × 72,7 × 8,9 մմ դիմաց։ Միևնույն ժամանակ այն մեկ գրամով ավելի թեթև կլինի՝ 188 գ։

Pixel 9a-ն, ըստ ոչ պաշտոնական տվյալների, վաճառքի կհանվի 2025-ի մարտին՝ սովորականից շուտ, ինչը նշանակում է, որ Google I/O միջոցառումն ընկերությունը կարող է անել առանց նոր սարքեր ներկայացնելու։

Սմարթֆոնի գինը կմնա նույնը՝ 499 դոլար։

 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում