WhatsApp-ում նոր գործառույթ է ավելացել

23 հոկտեմբերի, 2024  15:06

WhatsApp-ի մշակողները հայտարարել են նոր գործառույթ գործարկելու մասին, որը կօգնի առանձնացնել կամ միավորել կոնտակտները տարբեր սարքերում: Այս մասին հաղորդվում է WhatsApp-ի բլոգում։

Այս գործառույթը հնարավորություն է տալիս ապահով կերպով ավելացնել և կառավարել կոնտակտները ցանկացած սարքի վրա։ Նախկինում այն հասանելի էր միայն հեռախոսներում. օգտատերերը կարող էին կոնտակտ ավելացնել՝ օգտագործելով հեռախոսահամար կամ QR կոդը: Այժմ այն ​​հասանելի կլինի WhatsApp Web և Windows օպերացիոն համակարգով աշխատող համակարգիչներում, իսկ ավելի ուշ՝ նաև այլ համատեղելի սարքերում։

Այլևս կարիք չկա կոնտակտները պահել հեռախոսում. այժմ պարզապես պետք է դրանք ուղղակիորեն ավելացնել WhatsApp-ում: Սա հատկապես հարմար է, եթե սարքն օգտագործում է մեկից ավելի մարդ կամ եթե օգտատերը ցանկանում է անձնական և գործնական նամակագրություն վարել հավելվածի տարբեր օգտահաշիվներում:

Նշվում է, որ WhatsApp-ում ավելացված կոնտակտները կարող են վերականգնվել նույնիսկ եթե օգտատերը կորցնի հեռախոսը կամ մուտք գործի հավելված այլ սարքից։

«Մենք աստիճանաբար գնում ենք նրան, որ դուք կարողանաք պահպանել և կառավարել կոնտակտներն օգտատիրոջ անունով: Դրա շնորհիվ դուք կկարողանաք շփվել առանց ձեր հեռախոսահամարը բացահայտելու, իսկ նամակագրությունը կդառնա ավելի գաղտնի»,- ասվում է մեսենջերի բլոգային գրառման մեջ։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում