Threads սոցիալական հարթակի օգտատերերը զանգվածաբար բողոքում են, որ չափազանց խիստ մոդերացիայի են ենթարկվում․ իրենց օգտահաշիվներն արգելափակվում կամ սահմանափակվում են նույնիսկ այն դեպքում, երբ հրապարակում են քննարկվող թեմային վերաբերող կայքեր տանող հղումներ։
Ինչպես գրում է The Verge-ը՝ Threads-ում իսկական խառնաշփոթ է: Շատ օգտահաշիվներ ջնջվում են, քանի որ օգտվողներն իբր անչափահաս են, թեև դա ճիշտ չէ: Համակարգը նաև ավտոմատ կերպով սահմանափակում է իրական կյանքի իրադարձությունների մասին գրառումները, ինչպիսիք են փոթորիկները: Իսկ կրեկերների մասին հիշատակող գրառումները կամ «cracker jacks» արտահայտությունն ակնթարթորեն ջնջվում են: Verge-ի լրագրողին արգելափկել են այն բանից հետո, երբ կատակել է, թե «ուզում է մեռնել» շոգի պատճառով։
Instagram-ի և Threads-ի գործադիր տնօրեն Ադամ Մոսերին անձամբ է արձագանքում այս բողոքներից մի քանիսին և ասում, թե «զբաղվում է իրավիճակով»: Սոցիալական մեդիայի խորհրդատու Մեթ Նավարան ծանուցում է ստացել Threads-ի իր օգտահաշվի վարկանիշի իջեցման մասին այն բանից հետո, երբ հրապարակել էր պատմություն այն մասին, որ Թոմ Բրեդին կուլ է տվել Meta AI-ի հումորային խայծը։ Իր հրապարակային բողոքից հետո նա ևս Մոսերրից ստացել է պատասխան, թե «զբաղվում եմ այդ հարցով»:
Verge-ի լրագրող Ումար Շաքիրի Instagram-ի էջն արգելափակվել է երեքշաբթի։ Meta-ն նշել է, որ պատճառը տարիքն է. իբր հեղինակը 13 տարեկանից փոքր է, որը հարթակում գրանցվելու նվազագույն տարիքն է։ Meta-ն 30 օր է տրամադրել որոշումը բողոքարկելու համար՝ խնդրելով վերբեռնել անձը հաստատող փաստաթղթի պատճենը: Հեղինակն ուղարկել է իր անձնական տվյալները, սակայն Meta-ն այն ստուգելուց հետո դեռ պնդել է, որ նա 13 տարեկանից փոքր է։
«Մեր համակարգը հայտնաբերել է, որ ձեր օգտհաշիվը կամ դրա գործունեությունը չի համապատասխանում մեր կանոններին: Արդյունքում մեր աշխատակիցներից մեկը միջոցներ է ձեռնարկել»,- ասված է Meta-ի հաղորդագրությունում։ Որոշումը եղել է վերջնական՝ առանց հետագա բողոքարկման հնարավորության։ Փաստացի կորել են Շաքիրի կողմից այս օգտահաշվից օգտվելու տարիների ընթացքում ստեղծված բոլոր հրապարակումներն ու կապերը։ Հեղինակն ասել է, որ այնպիսի զգացողություն ունի, ասես կորցրել է «իր մի մասը»։ Ընդորում՝ Meta-ն թույլ է տվել ներբեռնել տվյալները մինչև վերջնականապես դրանք ջնջելը, սակայն պարզվել է, որ տրամադրված հղումը գործող չէ։
The Verge-ը նշում է, որ Meta-ն երկար ժամանակ վերահսկվում է կարգավորիչների կողմից՝ կապված անչափահասների կողմից իր հարթակների օգտագործման հետ, և պատասխան միջոցներ է ձեռնարկում՝ սահմանափակելով անչափահաս օգտատերերի գործունեությունը: Բայց նրա ալգորիթմները կարծես թե ձախողվում են ինչպես օգտատերերի տարիքը ճանաչելու, այնպես էլ նրանց հրապարակած բովանդակությունը ճանաչելու և հասկանալու հարցում։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում