Asus-ը թողարկել է աշխարհում առաջին նոութբուքը՝ ներկառուցված բուրավետիչով

1 օգոստոսի, 2024  12:03

Asus-ը ներկայացրել է Adol Book 14 Air-ը` 14 դյույմանոց եզակի նոութբուք, որն ունի ներկառուցված բուրավետիչ: Սարքը մշակվել է Anna Sui օծանելիքի ապրանքանիշի հետ համատեղ, հայտնում է VideoCardz-ը։

Adol Book 14 Air-ն աշխատում է AMD Ryzen 8945H պրոցեսորով՝ առանց դիսկրետ գրաֆիկական  քարտի: Նոութբուքն ունի 14 դյույմանոց OLED էկրան՝ 2880 x 1800 պիքսել կետայնությամբ և 240 Հց թարմացման հաճախությամբ և ապահովում է DCI-P3 գունային գամմայի ամբողջական ծածկույթ և գունային բարձր ճշգրտություն։

Նոութբուքն ունի 32 ԳԲ LPDDR5X-7500 օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողություն։ Մարտկոցի հզորությունը հնարավորություն է տալիս առանց վերալիցքավորման նոութբուքն օգտագործել մինչև 14 ժամ 1080p տեսանյութեր դիտելու համար։

Adol Book 14 Air-ի հիմնական առանձնահատկությունը նոութբուքի կափարիչի մեջ ինտեգրված բուրմունքի հատուկ դիսպենսերն է: Փաթեթը ներառում է երեք տարբեր բույրեր։ Անուշաբույր թերթիկը փոխելը հեշտ է կափարիչի մագնիսական փակման շնորհիվ:

Հավաքածուի գինը, որը ներառում է, բացի նոութբուքից, Anna Sui's Wishing Elf օծանելիք (50 մլ), համակարգչային նորաոճ պայուսակ, հատուկ մկնիկ և ստիքերներ, կազմում է 7000 յուան (970 դոլար)։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում