Ռուսաստանում Խարդախները մոլորեցնում են մարդկանց, կորզում բանկային գործարքների QR կոդերն ու դրանք օգտագործում նրանց հաշիվներից գումար գողանալու համար: Չարագործները նաև կեղծ QR կոդեր են տեղադրում հանրային վայրերում, որոնք տանում են ֆիշինգային կայքեր, որտեղ նրանք խաբում են մարդկանց և կորզում նրանց անձնական ու բանկային հաշվի տվյալները: Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել է «Ռոսկաչեստվո»-ի (Որակի ռուսական համակարգ) մամուլի ծառայությունը։
Խաբեբաների զոհը չդառնալու համար փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել միայն դինամիկ QR կոդերը, որոնք ստեղծվել են հատուկ կոնկրետ գործարքի համար։ Թղթային QR կոդեր օգտագործելիս պետք է գանձապահից կամ մատուցողից հարցնել, թե արդյոք դրանք վավեր են և համոզվել, որ տվյալ QR կոդը փակցված չէ մեկ այլ QR կոդի վրա: Ֆիշինգային կայքերը հաճախ օգտագործում են վտանգավոր կամ անվտանգության կեղծ վկայագրեր, ուստի վճարման համար տվյալները մուտքագրելուց առաջ պետք է համոզվել, որ կայքը իսկական է և ապահովված է HTTPS կապով:
Չարագործները նաև օգտագործում են չատ բոտերը հանրահայտ մեսենջերներում, որպեսզի ավտոմատացված պաշտոնական ծառայության աշխատանքի տպավորություն ստեղծեն։ Նրանք առաջարկում են տարբեր սոցիալական վճարներ և արտոնություններ, ուսանողական կրթաթոշակներ և արտոնություններ երեխաներ ունեցող ընտանիքների համար՝ մարդկանց մոլորեցնելով նրանցից կորզում են անձնական ու բանկային հաշվի տվյալները: Կարևոր է հիշել, որ ոչ մի պետական կայք չի պահանջում տրամադրել անձնական տվյալներ QR կոդերի միջոցով։
Վերջերս բացահայտվել է ինքնագլորների վարձույթի հետ կապված խարդախության նոր տեսակ։ Անձը փորձել է սկուտեր վարձել և սկանավորել է QR կոդը, սակայն չարագործներն արդեն այն փոխարինած են եղել իրենց QR կոդով, և զոհի սմարթֆոնի վրա բացվել է բոլորովին այլ ռեսուրս։ Նա ակամա մուտքագրել է իր անձնական տվյալները և լրացրել վճարման ձևերը՝ չիմանալով, որ դրանք կօգտագործվեն խարդախների կողմից՝ հանուն իրենց շահերի։
«Ռոսկաչեստվո»-ի թվային փորձաքննության կենտրոնի ղեկավար Սերգեյ Կուզմենկոն ասում է, որ հիմնական խնդիրը, ինչպես և այլ խարդախ սխեմաներում, շտապողականությունն ու անուշադրությունն է, որից օգտվում են չարագործները։ Խաբեբաների զոհը չդառնալու համար պետք է հետևել թվային հիգիենայի տարրական կանոններին և զգոն լինել QR կոդերի առնչվելիս։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում