Microsoft-ը խոստովանել է, որ Windows 11 22H2-ում աշխատասեղանի հեռավար միացման խնդիր կա. ինչպե՞ս լուծել այն

23 նոյեմբերի, 2022  17:13

Microsoft ընկերությունը խոստովանել է, որ Windows 11-ի 22H2 տարբերակն իսկապես խնդիր ունի աշխատասեղանի հեռավար միացման հետ (Remote Desktop Connection), որոշ օգտատերերի մոտ հավելվածը «կախել է» կամ ընդհանրապես չի միացել: Այժմ ընկերության մասնագետներն աշխատում են թերությունը վերացնելու ուղղությամբ։

Ընկերության տվյալներով՝ Windows 11-ի 22H2 տարբերակը տեղադրելուց հետո RemoteApp-ի և Desktop Connections-ի միջոցով միանալիս հեռակառավարվող աշխատասեղանը կարող է այլևս չարձագանքել։ Միևնույն ժամանակ, տնային համակարգերի օգտագործողները դժվար թե հանդիպեն նման խնդրի, քանի որ այնտեղ օգտագործվում է միացման այլ գործընթաց:

Քանի դեռ Microsoft-ը չի շտկել խնդիրը, այս խնդրին առնչված օգտատերերը կարող են փորձել ինքնուրույն լուծել այն Windows-ի Task Manager-ի միջոցով: Դա անելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.

Սեղմել ստեղների հետևյալ համակցությունը՝ Ctrl, Shift և Esc, Ձախ կողմում գտնվող մենյուից ընտրել «Գործընթացներ» (Processes), Երևացող ցանկում գտնել «exe» հրահանգը, Դրա վրա մկնիկով աջ քլիք անել և ընտրել «Ավարտել առաջադրանքը» հրահանգը (End task):

Կարող եք նաև կարգավորել հատուկ խմբային քաղաքականությունը (Group Policy), սակայն Microsoft-ը զգուշացնում է, որ ստորև նկարագրված լուծումը կիրառելուց հետո հեռավար աշխատասեղանի միացման սեանսները, որոնք իրականացվում են WAN գլոբալ ցանցով միանալու միջոցով, կարող են վատ կատարողական ունենալ:

Հատուկ Group Policy կարգավորելու համար հարկավոր է՝

Բացել Group Policy-ի համապատասխան խմբագրիչ Կառավարվող սարքերի (ձեռնարկությունների և կազմակերպությունների) համար բացել Group Policy Management Console-ը և ստեղծել կամ խմբագրել քաղաքականություն նախատեսված ձեր հաճախորդների համար: Չկառավարվող սարքերի համար (տնային օգտվողներ) բացել Group Policy-ի խմբագրիչը:

Դա կարելի է անել Start Menu-ի միջոցով, որտեղ պետք է մուտքագրել «group policy» և ստացված արդյունքներից ընտրել «Խմբագրել խմբի քաղաքականությունը» (Edit group policy):

Պետք է ընտրել «Computer Configuration», ապա > «Administrative Templates», ապա > «Windows Components», «Remote Desktop Services», > «Remote Desktop Connection Client), Հաջորդիվ պետք է ընտրել Turn Off UDP On Client տարբերակը և այն դարձնել Enabled:

Քանի որ այս կարգավորումն անջատում է UDP-ն (User Datagram Protocol) սարքի աշխատասեղանի բոլոր հեռավար միացումների համար, Microsoft-ը խորհուրդ է տալիս չեղարկել Group policy-ի այս փոփոխությունը, երբ խնդիրը լուծվի Windows-ի ապագա թարմացումների ժամանակ:

Նշենք, որ սա համակարգի նոր տարբերակի առաջին և միակ խնդիրը չէ։ Վերջերս Microsoft-ը պաշտոնապես խոստովանեց, որ 22H2 թարմացումից հետո Windows 11 օպերացիոն համակարգը խնդիրներ է ունեցել համակարգիչների աշխատանքի հետ կապված։ Սա հատկապես ակնհայտ է դառնում խաղերի ժամանակ, որոնք սկսել են նկատելիորեն «դանդաղել»։

Նաև առաջացել էր խնդիր, որը թույլ չէր տալիս Windows 11-ի 2022 թարմացումը տեղադրել տպիչներ ունեցող համակարգերում, որոնք օգտագործում էին Universal Print Class կամ Microsoft IPP Class դրայվերներ: Սակայն ընկերությունն արդեն շտկել է այս խնդիրը։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում