WhatsApp-ը փոխել է մեսենջերի դիզայնը Android տարբերակի համար, այս մասին WhatsApp-ը տեղեկացրել է X սոցցանցի իր էջում։ Հավելվածի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելու նպատակով նավիգացիոն տողը, որը նախկինում գտնվում էր վերում, այժմ իջեցվել է ներքև։
«Մենք փոխել ենք որոշ տարրեր, որպեսզի ձեզ համար ավելի հեշտ հասանելի լինի այն ամենը, ինչը ձեզ հարկավոր է, երբ դա ձեզ հարկավոր է»,- նշել ընկերությունը՝ հավելելով, որ կառավարման նոր վահանակը կլինի «ավելի մոտ ձեր մատներին և ավելի գեղեցիկ տեսք կունենա»:
Նախորդ վահանակն ուներ չորս ներդիր՝ «Համայնքներ», «Չատեր», «Կարգավիճակ» և «Զանգեր»: Նոր դիզայնում ներքևի վահանակը ևս չորս ներդիր, ընդ որում «Թարմացումներ» ներդիրը փոխարինում է «Կարգավիճակ» ներդիրին: Փոխվել է նաև ներդիրների հերթականությունը՝ «Չատեր», «Թարմացումներ», «Համայնքներ» և «Զանգեր»։
Հին դիզայնը
Բոլոր չորս ներդիրներն այժմ ունեն պատկերակներ, մինչդեռ նախկինում միայն «Համայնքներ» ներդիրն ուներ պատկերակ: Բացի դրանից՝ վահանակի գույնը փոխվել է՝ կանաչից սպիտակ:
Թեև օգտատերը նախկինի պես կարող է անցումներ անել ներդիրների միջև՝ մատը սահեցնելով, նավիգացիոն տողը ներքև տեղափոխելու իմաստն այն է, որ օգտատերը ստիպված չլինի մատը հասցնել էկրանի վերևի հատված, եթե անհրաժեշտ է ոչ հարակից ներդիր բացել։
WhatsApp-ն արդեն թողարկել է մեսենջերի թարմացված դիզայնով տարբերակը։ Եթե նավիգացիոն տողը ձեզ մոտ դեռ գտնվում է վերևում, ապա պետք է թարմացնել հավելվածը։
Նոր դիզայնը
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում