Բարսելոնայում ընթացող Mobile World Congress-ին հայկական 14 ընկերություն է մասնակցում

27 փետրվարի, 2024  16:24

Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում փետրվարի 26-ից 29-ը անցկացվող «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ «Հայաստան» միասնական տաղավարով մասնակցում է հայկական տեխնոլոգիական 14 ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։

Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։ 

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում