Ի՞նչ պետք է անել, եթե ձեր iPhone-ն ընկել է ջուրը կամ պարզապես սմարթֆոնի էկրանին տեսել եք նախազգուշացում, որ սարքում հեղուկ է հայտնաբերվել: Apple-ը թարմացրել է իր կայքը և ներկայացրել այս իրադրության վերաբերյալ որոշ խորհուրդներ։
Թեև ընդունված է, որ եթե սմարթֆոնն ընկել է ջուր, ապա պետք է չորացնել վարսահարդարիչով կամ դնել բրնձի մեջ, Apple-ը խորհուրդ է տալիս չանել նման բաներ։ Եվ ահա, թե ինչ է խորհուրդ տալիս ընկերությունը․
iPhone-ը չորացնելու համար մի՛ օգտագործեք արտաքին ջերմային աղբյուրներ (վարսահարդարիչ և այլն) կամ սեղմված օդ, Լիցքավորման միակցիչի մեջ մի՛ մտցրեք օտար առարկաներ (բամբակյա թելեր, թղթե սրբիչներ և այլն), որոնք կարող են խոնավությունը կլանել iPhone-ը մի՛ դրեք բրնձի տոպրակի մեջ․ բրնձի հատիկները կարող են վնասել ձեր iPhone-ը:Ըստ Apple-ի, եթե iPhone-ի միակցիչի մեջ ջուր է լցվել, պետք է միակցիչն ուղղել դեպի ներքև և ձեռքով թեթև հարվածել հեռախոսին, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս թափվի։ Այնուհետև խորհուրդ է տրվում սմարթֆոնը դնել լավ օդափոխվող, չոր սենյակում և սպասել, մինչև այն բնական ճանապարհով չորանա։ Խորհուրդ է տրվում սպասել առնվազն 30 րոպե, նախքան կփորձեք լիցքավորել սմարթֆոնը կամ միացնել պարագաներ, ինչպիսիք են ականջակալները:
Եթե էկրանին դեռ հայտնվում է բացականչական դեղին նշանը, դա նշանակում է, որ միակցիչի մեջ դեռ հեղուկ կա, և սմարթֆոնը պետք է թողնել օդափոխվող տեղում, որպեսզի ամբողջությամբ չորանա։
Եթե հեռախոսն ամբողջովին չորացել է, բայց դեռ չի լիցքավորվում, խորհուրդ է տրվում անջատել լիցքավորիչը և փորձել այն միացնել ավելի ուշ:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում