Չինացիները վտանգավոր աստերոիդների մասին նախազգուշացնող նոր համակարգ են առաջարկում․ ի՞նչպես է այն գործելու

2 նոյեմբերի, 2022  21:28

Հնարավոր է, որ մոտ ապագայում մարդկությունն ունենա Երկիր մոլորակի համար պոտենցիալ վտանգավոր աստերոիդները նախապես հայտնաբերելու և դրանց մասին նախազգուշացնելու նոր միջոց:Չինացի հետազոտողներն առաջարկել են Վեներայի նման ուղեծրերում տեղակայել վեց տիեզերական ապարատից բաղկացած նոր համակարգ, որի նպատակը կլինի Երկրին պոտենցիալ սպառնացող աստերոիդներին հնարավորինս շուտ հայտնաբերելն ու այդ մասին նախազգուշացնելը։

Ինչպե՞ս է գործելու նոր համակարգը

Փոքր մոլորակների կենտրոնի տվյալների բազայում գրանցված է ավելի քան 2000 պոտենցիալ վտանգավոր մերձերկրային աստերոիդ: Ըստ NASA-ի Երկրի մերձակայքում գտնվող օբյեկտների ուսումնասիրության կենտրոնի՝ Երկրի համար պոտենցիալ վտանգավոր են համարվում աստերոիդները, որոնց տրամագիծը գերազանցում է մոտ 140 մետրը և որոնք գտնվում են Երկրից մոտ 7,48 միլիոն կիլոմետր հեռավորության վրա:

Հենց այս պոտենցիալ սպառնալիքները վերահսկելու և գնահատելու համար Պեկինի տեխնոլոգիական ինստիտուտի (BIT) օդատիեզերական ճարտարագիտության դպրոցի ղեկավար Լի Սյանգյուի թիմը, BIT-ի և Չինաստանի Տիեզերական տեխնոլոգիաների ակադեմիայի գործընկերների համագործակցությամբ առաջարկել է Երկիր մոլորակը պաշտպանելու ջանքերի շրջանակում Վեներային մոտ տարածքում արբանյակներ տեղակայել:

CROWN առաքելությունը կկիրառի լայնանկյուն դիտարկման հնարավորությամբ վեց մերձերկրյա դիտարկող սարքեր, որոնք կղեկավարվեն գլխավոր տիեզերանավի կողմից։ Դրանց նպատակը կլինի հայտնաբերել, հետևել պոտենցիալ վտանգավոր աստերոիդներին և գործել որպես դրանցից սպասվող սպառնալիքի վաղ նախազգուշացման համակարգ։

Օպտիկական աստղադիտակներով զինված հետազոտող սարքերը տիեզերք դուրս բերելուց հետո դրանց կառավարող գլխավոր տիեզերանավը կտեղակայվի Լագրանժի կետի գրավիտացիոն կայուն ուղեծրում՝ հաղորդակցությունն ապահովելու համար:

CROWN առաքելությունը քիչ ծախսատար կլինի

Հետազոտողները պարզել են, որ Վեներայի նման ուղեծրերն ավելի լավ հաղորդակցություն են ապահովում Երկրի ուղեծրի ներսում գտնվող տարածությունում, քան հետազոտող սարքը կկարողանա անել Արեգակ-Երկիր Լագրանժ 1 կետում, որը Երկրի ուղեծրի ներսում մոտ 1,5 միլիոն կմ հեռավորության վրա գտնվող գրավիտացիոն առումով կայուն և էներգետիկ առումով հեշտ հասանելի կետ է, քան Մերկուրիի նման ուղեծրերը, ինչը նշանակում է, որ այս առաքելության մեկնարկի ծախսերն ավելի ցածր կլինեն:

Օգոստոսին Space: Science & Technology ամսագրում հրապարակված հոդվածում ներկայացված արդյունքները պարզել են, որ այս առաքելությունը կարող է վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգ դառնալ գրեթե բոլոր պոտենցիալ վտանգավոր աստերոիդներից Երկիրը պաշտպանելու համար։ Ընդ որում հայտնի 2072 վտանգավոր աստերոիդներից միայն չորսն են անտեսանելի մնում հնգամյա առաքելության ընթացքում:

Չինաստանի տիեզերական ազգային վարչությունն այս տարի հայտարարել է, որ մշակում է մոլորակային պաշտպանության համակարգ։ Չինաստանը նաև նախատեսում է 2026 թ․ ՆԱՍԱ-ի DART առաքելության նման աստերոիդներին իրենց ուղեծրից շեղելու առաքելություն գործարկել և զարգացնել Երկրին մոտ գտնվող աստերոիդներին հետևելու և հայտնաբերելու կարողությունները:

Դեռ պարզ չէ, թե արդյոք CROWN առաքելությունը պետական ֆինանսավորում կստանա, թե ոչ։

2022 AP7 - «Մոլորակասպան» աստերոիդ

Պարզվում է, որ Երկրի համար վտանգ ներկայացնող ոչ բոլոր աստերոիդներն է հնարավոր ուսումնասիրել, դրանց մի մասը աստղագետներին նույնիսկ հայտնի չէ։ Պատճառն այն է, որ դրանց մի մասը թաքնվում են Արեգակի շողերի տակ, ինչը անհնար է դարձնում դրանք ուսումնասիրությունը։ Նույնիսկ տիեզերական ամենաժամանակակից աստղադիտակները, ինչպիսիք են James Webb-ը և Hubble-ը, երբեք չեն ուղղվում դեպի Արևը, քանի որ աստղի պայծառությունը կայրի դրանց զգայուն օպտիկան:Այդպիսի մի աստերոիդ աստղագետները հայտնաբերել են օրերս։ Դրա հայտնաբերումը հնարավոր է դարձել շնորհիվ Չիլիի Սերրո Տոլոլոյի աստղադիտարանի գերզգայուն Dark Energy Camera տեսախցիկի, որը սկանավորում է երկինքը մթնշաղի ժամերին։ Հենց այս ժամերին է հնարավոր այս աստերոիդները ֆիքսել օրական երկու անգամ՝ 10 րոպե ժամանակահատվածով: 

«Մոլորակասպան» մականունն ստացած 1,5 կիլոմետր լայնությամբ աստերոիդը Երկրի համար պոտենցիալ վտանգավոր ամենամեծ աստղակերպն է, որը նկատվել է վերջին ութ տարիների ընթացքում։ Եթե այն բախվի Երկրին, ապա հետևանքները կզգան մի քանի մայրցամաքներում:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում