Հայաստանում մեկնարկեց «Անկայուն երեվույթները տիեզերքում» թեմայով միջազգային գիտաժողովը

18 սեպտեմբերի, 2023  17:00

Այսօր՝ Հայաստանում աստղագիտության օրը, մեկնարկեց «Անկայուն երևույթները Տիեզերքում» թեմայով միջազգային գիտաժողովը` նվիրված Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակին (Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ.-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն)։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանը, գիտաժողովին մասնակցում է ոլորտի 41 մասնագետ և ուսանող Հայաստանից, Իրանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից։ Մասնակիցներին ողջունեցին ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանը, ՌԴ ԳԱ Աստղագիտության ինստիտուտից Օլեգ Մալկովը և Պետրոս Մեծի անվան Սանկ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանից Մաքսիմ Վինիչենկոն։

Գիտաժողովը կանցկացվի մինչև սեպտեմբերի 21-ը, որի ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ թեմաներին՝

Ակտիվ Արեգակ և Արեգակնային համակարգ Անկայուն երևույթներ աստղերի և միգամածությունների աշխարհներում Ակտիվ գալակտիկական միջուկներ և աստղառաջացման բռնկումով գալակտիկաներ Գալակտիկաների խմբեր և կույտեր Դիտողական և տեսական տիեզերաբանություն Աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտարեգակնային մոլորակներ

Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է Բյուրականի աստղադիտարանի ջանքերով, Հայկական աստղագիտական ընկերության, Հայկական վիրտուալ աստղադիտարանի և Պետրոս Մեծի անվան Սանկ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի աջակցությամբ։

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում