James Webb տիեզերական աստղադիտակը ջրի գոլորշու հետքեր է հայտնաբերել գերտաք գազային հսկա WASP-18 b էկզոմոլորակի մթնոլորտում, որը գտնվում է Երկրից 400 լուսատարի հեռավորության վրա:
WASP-18 b-ը մոտ 10 անգամ ավելի մեծ է Յուպիտերից և պտտվում է արևանման աստղից ընդամենը 3,1 միլիոն կմ հեռավորության վրա: Համեմատության համար նշենք, որ Մերկուրին գտնվում է Արեգակից մոտ 63 մլն կմ հեռավորության վրա։ Իր աստղի շուրջը WASP-18-ը մեկ ամբողջական պտույտ կատարում է ընդամենը մեկ երկրային օրում։
Քանի որ մոլորակը շատ մոտ է իր աստղին, դրա մթնոլորտի ջերմաստիճանն այնքան բարձր է, որ, ըստ NASA-ի, այն բառացիորեն քայքայում և մասնատում է ջրի մոլեկուլների մեծ մասը: Այնուամենայնիվ, մթնոլորտի սպեկտրային վերլուծությունը ցույց է տվել, որ չնայած 2700 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանին, այնտեղ, այդուհանդերձ ջրի որոշակի քանակ դեռ մնում է։
WASP-18 b-ը հայտնաբերվել է դեռ 2008-ին և ուսումնասիրվել այլ աստղադիտակների, այդ թվում՝ Hubble-ի և այլ հայտնի տիեզերական աստղադիտակների միջոցով, սակայն դրանցից և ոչ մեկը բավականաչափ զգայուն չի եղել հեռավոր էկզոմոլորակի մթնոլորտում ջրի նշաններ հայտնաբերելու համար, տեղեկացնում է Space.com-ը:
WASP-18 b պայծառության քարտեզը վկայում է, որ «արևելքից արևմուտք» քամիներ, չկան, ինչը, ըստ հետազոտողների, համապատասխանում է «մթնոլորտային դիմադրության» մոդելներին: Ենթադրվում է, որ դա պայմանավորված է մոլորակի վրա ուժեղ մագնիսական դաշտի առկայությամբ, ինչը, ապացուցվելու դեպքում, ըստ հետազոտողների, կարող է չափազանց հետաքրքիր բացահայտում լինել։
Ըստ հետազոտողների՝ James Webb-ն իր զգայունությամբ հնարավորություն է տալիս ջերմաստիճանի մանրամասն քարտեզներ ստեղծել։ Գիտնականները հատկապես տպավորված են, որ ստացված արդյունքները համապատասխանում են նախկինում առաջարկված որոշ մոդելների։ Մասնավորապես, խոսքը ջերմաստիճանի զգալի անկման մասին է այն շրջաններում, որտեղ մոլորակն ուղղակիորեն լույս չի ստանում տեղի աստղից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում