Ի՞նչ գաղտնաբառեր են օգտագործվում ամենաշատը և ինչո՞ւ դրանցից շատերը հնարավոր է կոտրել ընդամենը 1 վայրկյանում

3 մայիսի, 2023  18:11

Հուսալի գաղտնաբառերի օգտագործման կարևորության մասին խոսվել է բավականին երկար ժամանակ, բայց շատերը շարունակում են օգտագործել պարզունակ գաղտնաբառեր, որոնք կոտրելու համար հաքերից ընդամենը մի քանի վայրկյան կպահանջվի: NordPass-ը և դրա հետ համագործակցող հետազոտողները մշակել են ավելի քան 3TB տվյալներ և հայտնաբերել 200 ամենատարածված գաղտնաբառերը:

Տարօրինակ կերպով ավելի քան մեկ տասնամյակ այս ցուցակում դեռ շարունակում են լինել այնպիսի գաղտնաբառեր, ինչպիսիք են «123456», «guest», «qwerty», «abc123» և այլն: Փորձագետների կարծիքով՝ ցուցակի գաղտնաբառերի 83%-ը հնարավոր է կոտրել մեկ վայրկյանից էլ քիչ ժամանակում։

Բացի տառերի և թվերի պարզ համակցություններից, մարդիկ գաղտնաբառեր են ստեղծում, որոնք կապված են սպորտի կամ նորաձևության վերջին իրադարձությունների հետ: Շատերը, օրինակ, որպես գաղտնաբառ օգտագործում են ամերիկյան պրոֆեսիոնալ սպորտային թիմերի (Detroit Red Wings, Boston Red Sox) անունների տարբերակները։

Ահա այսպիսի տեսք ունի ԱՄՆ-ում 20 ամենատարածված գաղտնաբառերի ցանկը․

guest 123456 password 12345 a1b2c3 123456789 Password1 1234 abc123 12345678 qwerty baseball football unknown soccer jordan23 iloveyou monkey shadow g_czechout

Նույնիսկ եթե ձեր էլփոստը, բանկային հավելվածը կամ որևէ այլ կարևոր օգտահաշիվ պաշտպանող գաղտնաբառը այնքան պարզունակ չէ, որքան «guest»-ը, դա ամենևին էլ չի նշանակում, որ այն հեշտ չի լինի կոտրել: Home Security Heroes-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ արհեստական բանականությունը կարող է 4-6 նիշ պարունակող գաղտնաբառերը կոտրել ընդամենը մի քանի վայրկյանում: ԱԲ-ից կպահանջվի ընդամենը մոտ 7 ժամ տարբեր տառեր, սիմվոլներ և թվեր պարունակող 8 նիշանոց գաղտնաբառը կոտրելու համար, իսկ 9 նիշ պարունակող գաղտնաբառի համար՝ երկու շաբաթ։

Եթե ​​ցանկանում եք, որ ձեր գաղտնաբառն անհնար լինի գուշակել կամ կոտրել, ապա այն պետք է բաղկացած լինի առնվազն 12 նիշից և պարունակի մեծատառ և փոքրատառ տառեր, թվեր և հատուկ նիշեր: Այս չափանիշներին համապատասխանող գաղտնաբառը կոտրելու համար ԱԲ-ից մոտ 30,000 տարի կպահանջվի: Իսկ թվեր, տառեր և հատուկ նիշեր պարունակող 18 նիշից բաղկացած գաղտնաբառն ընդհանրապես համարվում է անկոտրելի. այն կոտրելու համար ԱԲ-ից 6 կվադրիլիոն տարի կպահանջվի:

Օգտահաշիվները պաշտպանելու համար նաև խորհուրդ է տրվում․

Օգտագործել երկաստիճան նույնականացում 2FA/MFA (ցանկալի է ոչ SMS-ի միջոցով); Չօգտագործել նույն գաղտնաբառը տարբեր օգտահաշիվների համար, Պարբերաբար թարմացնել գաղտնաբառերը, հատկապես կոնֆիդենցիալ օգտահաշիվների համար, Զերծ մնալ հանրային Wi-Fi օգտագործելուց, հատկապես ֆինանսական գործարքների համար, Հնարավորության դեպքում առանձնապես կարևոր օգտահաշիվների համար կարելի է նաև օգտագործել անվտանգության ֆիզիկական բանալիներ:

Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում