WhatsApp մեսենջերի թիմը մշակում է չատերում անիմացիոն էմոջիների օգտագործման գործառույթ, այս մասին հայտնում է WABetaInfo պորտալը։
Նոր գործառույթը նկատվել է ծառայության PC համակարգիչների համար նախատեսված բետա տարբերակում: Ըստ WABetaInfo-ի փորձագետների՝ անիմացիոն էմոջիները կբարելավեն օգտատերերի փորձառությունը՝ նամակագրությունը դարձնելով «ավելի զվարճալի», իսկ զգացմունքները՝ «պայծառ»:
Անիմացիան կսկսվի ավտոմատ կերպով, եթե օգտատիրոջ կողմից ընտրված էմոջին ունենա անիմացված տարբերակ։ Անիմացիոն էմոջիները ստեղծվում են Lottie-ի միջոցով, որը վեբ մշակման հատուկ գրադարան է:
WABetaInfo-ն նաև նշում է, թե լավ կլիներ, որ մեսենջերի ղեկավարությունը մտածեր նաև կարգավորումներում այս գործառույթն անջատելու հնարավորություն ավելացնելու մասին նրանց համար, ովքեր համարում են, որ էմոջիի անիմացիան ավելորդ է և խանգարում է ինֆորմացիան ընկալելուն։
Ակնկալվում է, որ նոր ֆունկցիան օգտատերերի լայն շրջանակի համար հասանելի կդառնա մոտ ապագայում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ WhatsApp-ի նոր՝ Companion ռեժիմը Android սարքերով հավելվածից օգտվողներին թույլ կտա մեկ օգտահաշիվն օգտագործել չորս տարբեր սարքերում։ Companion ռեժիմի շնորհիվ օգտատերերի բոլոր չատերն ավտոմատ կերպով կսինխրոնացվեն նույն օգտահաշվին միացված բոլոր չորս սարքերի միջև:
Առայժմ այս նորամուծությունը հասանելի է միայն WhatsApp-ի բետա տարբերակում, իսկ թե երբ այն հասանելի կդառնա բոլորին, հայտնի չէ։ Դեռևս տվյալներ չկան այն մասին, թե երբ են ծրագրավորողները պլանավորում նմանատիպ գործառույթ գործարկել iOS սարքերի համար նախատեսված հավելվածի տարբերակում։
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում