Մարտի 23-ին ամփոփվել են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքները։ Նախընտրական փուլին դիմած 38 թիմից ընտրվել է երեք լավագույնը, որոնք դրամական մրցանակների են արժանացել։
Մրցույթի նպատակն է նորարական գաղափարների և թվային տեխնոլոգիաների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը՝ իրականացնելով ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված նախագծեր։
Մրցույթի մասնակցության հիմնական երկու պահանջներից մեկը եղել է իննովացիոն տարրի և թվային գործիքների միջոցով իրականացման հնարավորության պայմանը: Հաղթող ճանաչված թիմերի ծրագրերի կիրառությունը կլինի հավելվածների, պոդկաստի և լրացված իրականության (AR) միջոցով:
Նախընտրական փուլին դիմած 38 թիմից ընտրվել էին վեցը, որոնք անցել են ﬔնթորության փուլ մարդու իրավունքների, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտների մասնագետների հետ։ Այնուհետև գաղափարները ներկայացվել են միջազգային ժյուրիի դատին։
Բոլոր մասնակիցները ստացել են հավաստագրեր, իսկ երեք լավագույն գաղափարներն իրենց համապատասխան թիմերով արժացել են հետևյալ մրցանակներին՝
1-ին տեղ` Safe Childhood - 1.000.000 ՀՀ դրամ 2-րդ տեղ՝ Kanani Podcast - 650.000 ՀՀ դրամ 3-րդ տեղ՝ Դիանա Աբգար AR վիզուալիզացիա - 300.000 ՀՀ դրամՄասնակից թիմերը գաղափարներ էին ներկայացրել երեխաների, սպառողների իրավունքների պաշտպանության, գյուղական բնակչության տեղաշարժման խնդիրների, ինչպես նաև մոբբինգի և հոգեբանական ճնշումների ենթարկված մեծահասակների աջակցման մեխանիզմեր կիրառելու վերաբերյալ:
Հաղթող թիմը՝ Safe Childhood նախաձեռնությունն է։ Այն իրականացվելու է բջջային հավելվածի միջոցով, որի հիմնական նպատակն է երեխաներին սովորեցնել, թե ինչ պետք է անել, երբ բախվում են դաժան վերաբերմունքի, վտանգավոր արարքի, բռնության, իրավունքների ոտնահարման՝ բակում, դպրոցում կամ այլ հասարակական վայրում։
Kanani Podcast նախագիծը պլանավորում է իրականացնել փոդքաստների շարք՝ իրազեկելու հասարակությանը մոբինգի վերաբերյալ, ինչպես նաև, տրամադրելու հոգեբանական գործիքներ, որոնց շնորհիվ մոբինգի զոհերը ձեռք կբերեն սթրեսակայունություն և կսովորեն հակազդման ճիշտ ձևերը, ինչը կնպաստի երևույթի կանխարգելմանն ու առողջ հարաբերությունների ձևավորմանը:
Դիանա Աբգար AR վիզուալիզացիա թիմի ստեղծած ծրագրի շնորհիվ օգտատերերը կկարողանան վիրտուալ կապ հաստատել 20-րդ դարի հայոց պատմության մեծագույն կին դիվանագետ, մարդու իրավունքերի ջատագով Դիանա Աբգարի հետ, ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ այդպիսով հանրության շրջանում բարձրացնելով մարդու իրավունքների ոլորտում հայտնի հայ գործիչների գործության մասին իրազեկվածությունը:
«Սոցիալական նորարարությունն առավել մեծ կենսական նշանակություն է ձեռք բերում մարդու իրավունքների պաշտպանության համար։ Սոցիալական նորարարության մեջ ներդրումներ կատարելով՝ մենք կարող ենք կառուցել ավելի իրավահավասար և արդար հասարակություն, որը պաշտպանում է մարդու իրավունքներն ու օրենքի գերակայությունը»,- իր ելույթում ասել է ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։
ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին իր հերթին ասել է, որ մրցույթը նպաստել է մարդու իրավունքների պաշտպանների և առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորմանը։ «Կարծում եմ, որ մրցույթն օգնել է ստեղծել համայնքի զգացում երիտասարդների շրջանում, ովքեր մարդու իրավունքների պաշտպանության նվիրյալներն են՝ խթանելով համագործակցությունն ու ցանցային հնարավորությունները: Այն նաև նպաստել է մարդու իրավունքների պաշտպանների և առաջնորդների հաջորդ սերնդի ձևավորմանը»,- ասել է Նաթիա Նացվլիշվիլին։
Միջոցառման ամփոփումից հետո հյուրերը հնարավորություն են ունեցել շփվելու մասնակիցների և մենթորների հետ, ինչպես նաև կապեր հաստատելու՝ գաղափարները զարգացնելու նպատակով։
Մրցույթը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից:
Հետևեք NEWS.am Tech-ին Facebook-ում և Twitter-ում