iPhone 17 Plus-ն ավելի փոքր էկրան կունենա

19 ապրիլի, 2024  16:14

iPhone 17 Plus-ը, որի թողարկումն ակնկալվում է 2025-ին, կունենա ավելի փոքր էկրան՝ համեմատած Plus շարքի այլ սմարթֆոնների։ Այս մասին հայտնում է 9to5Mac կայքը՝ հղում անելով Display Supply Chain Consultants վերլուծական ընկերության ինսայդեր Ռոս Յանգին։

Աղբյուրի համաձայն՝ iPhone 17 Plus-ը միջանկյալ դիրք կզբաղեցնի ստանդարտ iPhone 17 և 17 Pro մոդելների և առաջատար iPhone 17 Pro Max-ի էկրանների չափերի միջև։ Թե ինչն է պատճառը, որ  Apple-ը կարող է նման քայլի գնալ, չի հաղորդվում։

Apple-ի սմարթֆոնների ներկայիս շարքը բաղկացած է չորս մոդելից՝ iPhone 15 և 15 Pro 6,1 դյույմանոց էկրանով, ինչպես նաև 15 Plus, 15 Pro Max, որոնք ունեն 6,7 դյույմանոց էկրաններ: Apple-ն արդեն երկու տարի է, ինչ հետևում է այս մարտավարությանը։ iPhone 12 և 13 շարքերում Plus-ի փոխարեն ներկայացվել է 5,4 դյույմանոց էկրանով iPhone mini։

Ըստ ինսայդերի՝ թերևս այս կերպ Apple-ը ցանկանում է օգտատերերի աչքում ավելացնել Plus և Pro Max մոդելների տարբերությունը: Օրինակ՝ այս տարի բազային iPhone 16-ը և 16 Pro-ն կստանան տարբեր չափերի էկրաններ՝ համապատասխանաբար 6,1 և 6,3 դյույմ, մինչդեռ Pro Max-ը կունենա 6,9 դյույմանոց էկրան:

Սպասվում է, որ iPhone 16 շարքի սմարթֆոնները կներկայացվեն այս տարվա սեպտեմբերին, իսկ iPhone 17 շարքի շնորհանդեսը, հավանաբար, կկայանա 2025-ի սեպտեմբերին։


 
 
 
 
  • Արխիվ