Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է խոշոր կենցաղային տեխնիկսյի առաջատար մատակարար Watsco ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերն աճել են 44.20%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 507.10 դոլարի։ Հաջորդը CoreWeave–ն է: Ամպային հաշվարկներ իրականացնող ամերիկյան  ընկերության բաժնետոմսերն աճել են 19.55%–ով՝ հասնելով 47.82 դոլարի։ Եռյակը եզրափակում է ֆինանսական ծառայություններ մատուցող Rocket Companies ընկերությունը՝ 16.52% աճով։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 15.40 դոլար։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Brown-Forman կորպորացիան։ Ալկոհոլային ըմպելիքներ արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 49.18%–ով և այժմ կազմում է 32.02 դոլար։ Հաջորդը Micron Technology–ն է։ Հիշողության սարքեր և կրիչներ արտադրող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 26.82%–ով և հասել 64.72 դոլարի։ Եռյակը եզրափակում է Microchip Technology Incorporated–ը։ Կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 25.63%–ով և կազմում է 36.22 դոլար։


Անցած շաբաթը ֆոնդային շուկայի համար վատագույններից էր վերջին ավելի քան երկու տասնամյակի ընթացքում, եւ ամենավատը՝ կորոնավիրուսային համավարակի տարածումից հետո։ Սա պայմանավորված էր ներմուծվող ապրանքների վրա Դոնալդ Թրամփի սահմանած նոր մաքսատուրքերով, որոնք սպասվածից շատ ավելի բարձր էին, եւ ներդրողների շրջանում տնտեսության դանդաղման և գնաճի մեծացման մտավախություններ են առաջացրել։ Չորեքշաբթի օրը նոր մաքսատուրքերի մասին հայտարարությանը հաջորդած երկու օրերին շուկաները մեծ կորուստներ ունեցան։ S&P 500–ը երկու օրվա ընթացքում նվազել է 10,5%-ով։ Շաբաթական կորուստը կազմեց 9,1%։ Dow Jones–ի երկու օրվա անկումը 9,3% էր, շաբաթական անկումը՝ 7,9%։ Nasdaq–ը երկու օրում նվազեց 11,4%-ով, ինչը բորսայի ամենամեծ երկօրյա կորուստն էր 2020 թվականի մարտից ի վեր: S&P 500–ի ընկերությունների գրեթե կեսը կորցրել են իրենց շուկայական արժեքի 10%–ը կամ ավելին, իսկ 31 ընկերություններ կորցրել են իրենց արժեքի ավելի քան 20%-ը։ Ընդհանուր առմամբ, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ԱՄՆ բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան նվազել է 5 տրիլիոն դոլարով ։:


Առեւտրային պատերազմի սրումը համաշխարհային ռեցեսիայի մտավախություններ է առաջացրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձրացրեց մաքսատուրքերը մինչև վերջին 100 տարվա ամենաբարձր մակարդակը, ի պատասխան Չինաստանը լրացուցիչ 34% մաքսատուրք սահմանեց ԱՄՆ-ից ապրանքների ներմուծման համար: Այս զարգացումները ցնցեցին ներդրողներին, ովքեր հույս ունեին, որ օգնության կգա Դաշնային պահուստային համակարգը, սակայն նախագահ Ջերոմ Փաուելի զգուշավոր դիրքորոշումը միայն ավելացրեց անորոշությունը: Նավթի համաշխարհային գները կտրուկ ընկան՝ ուրբաթ նվազելով ավելի քան 6%-ով և հասնելով վերջին չորս տարվա նվազագույն մակարդակին: Սա նշանակում է, որ համաշխարհային տնտեսությունը դանդաղման ֆոնին պահանջարկը նվազում է։ Տնտեսագետներն ակնկալում են, որ այս տարի ԱՄՆ գնաճը կգերազանցի 4%-ը, մինչդեռ ՀՆԱ-ն կարող է կրճատվել չորրորդ եռամսյակում:


Շուկաների անկումից տուժել են հատկապես  տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը։ Ուրբաթ օրը Nvidia-ի (NVDA), Apple-ի (AAPL) և Tesla-ի (TSLA) բաժնետոմսերը զգալի հարված են ստացել՝ գլխավորելով «Հրաշալի յոթնյակի» տեխնոլոգիական բաժնետոմսերի անկումը: Nvidia-ն ավելի քան 7% անկում է ունեցել, Tesla-ն՝ ավելի քան 10%, Apple-ը՝ 7%՝ ընդամենը մեկ օրում կորցնելով ավելի քան 310 մլրդ դոլար շուկայական կապիտալիզացիա։ Meta-ն (META) նույնպես նվազել է ավելի քան 5%–ով։ Վերլուծաբան Դեն Այվսը Wedbush-ից նախազգուշացրել է, որ Թրամփի նոր մաքսատուրքերը կարող են ջախջախել տեխնոլոգիական արդյունաբերությունը, հատկապես արհեստական բանականության ոլորտը և հանգեցնել նրան, ինչ նա անվանել է «տնտեսական արմագեդոն»:


Կիրակի երեկոյան կտրուկ անկում են գրանցել նաեւ ԱՄՆ բաժնետոմսերի ֆյուչերսները։Dow Jones-ի ֆյուչերսները նվազել են 2,2%-ով, S&P 500–ինը՝ 2,7%-ով, իսկ Nasdaq-ինը՝ 3,4%-ով։


Թրամփի մաքսատուրքերի պատճառով սկսված առեւտրային պատերազմն ազդել է միջազգային շուկաների վրա։ Ասիական շուկաները անկում են ապրել՝ ճապոնական Nikkei-ը՝ 8%-ով, իսկ Հոնկոնգի Hang Seng-ը` 13%-ով: Եվրոպական շուկաները նույնպես անկում են ապրել՝ գերմանական DAX-ը՝ 4,8%-ով, բրիտանական FTSE-ն՝ մոտ 5%-ով: 


Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը ճիշտ է՝ նշելով, որ նա միտումնավոր չի ցնցում առաջացրել շուկայում։ Նա նշել է, որ երբեմն դժվար գործողություններ են անհրաժեշտ՝  խնդիրները լուծելու համար։ Իսկ իր գլխավոր նպատակը, Թրամփի խոսքով, Չինաստանի հետ ԱՄՆ առևտրային 1 տրիլիոն դոլարի դեֆիցիտը հաղթահարելն է։ 


ԱՄՆ-ի աշխատաշուկան մարտին ցույց է տվել ուժեղ աճ՝ ավելացնելով 228,000 աշխատատեղ, ինչը զգալիորեն ավելին էր, քան ակնկալում էին տնտեսագետները: Աճն ապահովվել է հիմնականում սպասարկման եւ առողջապահության ոլորտների շնորհիվ, այնուամենայնիվ, արտադրությունն ավելացրել է ընդամենը 1000 աշխատատեղ, ինչը շատ ավելի ցածր է, քան կանխատեսվում էր: Չնայած աշխատատեղերի աճը մնում է առողջ, առևտրային լարվածությունը նվազեցնում է բիզնեսի վստահությունը։ Շուկաներն արդեն բացասաբար են արձագանքել՝ բաժնետոմսերի կտրուկ անկումով, և կան մտավախություններ, որ նոր մաքսատուրքերը կհանգեցնեն գների բարձրացման և մատակարարման շղթայի խնդիրների, ինչը կարող է դանդաղեցնել տնտեսական աճը:


JPMorgan-ը դարձել է Ուոլ Սթրիթի առաջին խոշոր բանկը, որը կանխատեսել է ԱՄՆ տնտեսության անկում նախագահ Թրամփի մաքսատուրքերի ազդեցության պատճառով: Բանկի գլխավոր տնտեսագետ Մայքլ Ֆերոլին կանխատեսում է, որ 2025 թվականի երկրորդ կիսամյակում ԱՄՆ-ի տնտեսությունը երկու քառորդով ռեցեսիայի մեջ կմտնի, ընդ որում ՀՆԱ-ն երրորդ եռամսյակում կկրճատվի 1%-ով և 0,5%-ով 4-րդ եռամսյակում: Սա կհանգեցնի ՀՆԱ-ի 0.3% անկման ամբողջ տարվա ընթացքում: Ակնկալվում է, որ գները կբարձրանան, սպառողական ծախսեր կնվազեն, գործազրկությունը կաճի՝ մինչև 5,3%։ Դանդաղող տնտեսությունը կառավարելու համար անհրաժեշտ է վերաֆինանսավորման տոկոսադրույքների նվազեցում։ JPMorgan-ն ակնկալում է, որ Դաշնային պահուստային համակարգը կիջեցնի տոկոսադրույքները հունիսից սկսած։


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։