Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է տվյալների պաշտպանության և կիբերանվտանգային լուծումներ առաջարկող Rubrik ամերիկյան ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 23․17%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 70․64 դոլարի։ Հաջորդը Summit Therapeutics–ն է: Ամերիկյան դեղագործական ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 16.93%–ով՝ հասնելով 20.79 դոլարի։ Եռյակը եզրափակում է Intel կորպորացիան՝ 16.52% աճով։ Պրոցեսորների առաջատար արտադրողի մեկ բաժնետոմսի գինը կազմում է 86.74 դոլար։ Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը բացում է Teradyne–ը։ Ավտոմատացված թեստավորման սարքավորումներ արտադրող ընկերության բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 20.08%–ով և այժմ կազմում է 86.7 դոլար։ Հաջորդը The Trade Desk–ն է։ Թվային գովազդի պլատֆորմ տրամադրող ամերիկյան ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 16.90%–ով և հասել 53.94 դոլարի։ Եռյակը եզրափակում է Coinbase Global–ը։ Կրիպտոարժույթների առքուվաճառքի հարթակի բաժնետոմսերի գինը նվազել է 15.79%–ով և կազմում է 183.12 դոլար։
Անցած հինգշաբթի ԱՄՆ բաժնետոմսերը կտրուկ անկում ապրեցին։ S&P 500-ը գրանցել է 1,39% անկում: Dow Jones-ը նվազեց 1,30%-ով, Nasdaq Composite-ը 1,96%-ով։ Ներդրողների տրամադրությունների վրա ազդել էր Դոնալդ Թրամփի վարած մաքսային քաղաքականությունը, ինչը հավանական է դարձնում գնաճի տեմպի արագացումը և համաշխարհային տնտեսական աճի դանդաղումը։ Չնայած ուրբաթ օրը շուկաները մասամբ վերականգնվել են, Ուոլ Սթրիթը գրանցել է իր չորրորդ շաբաթական անընդմեջ անկումը։
Մարտի 12-ին ավարտվող շաբաթվա ընթացքում ԱՄՆ բաժնետոմսերի ֆոնդերը 4,67 միլիարդ դոլարի ներհոսք են գրանցել։ Այս աճը հիմնականում պայմանավորված է Սպառողական գների ինդեքսի ավելի ցածր ցուցանիշներով, որոնք ցույց են տվել գնաճի սառեցման նշաններ՝ որոշ ներդրողների խրախուսելով գումար ներդնել շուկայում: Անցած շաբաթ զգալի ներհոսք են գրանցել նաեւ ԱՄՆ պարտատոմսերի ֆոնդերը՝ ներգրավելով 8,44 միլիարդ դոլարի զուտ ներհոսք: Սա պարտատոմսերի դրական պահանջարկի արդեն տասներորդ շաբաթն էր:
Դոնալդ Թրամփի քաղաքականությունը՝ ստիպելու ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի շատ ծախսել պաշտպանության վրա, անսպասելի արդյունք են ունեցել։ Այն եվրոպական երկրներին դրդել է մեծացնել իրենց ռազմական բյուջեները, ինչը հանգեցրել է պաշտպանական ոլորտի ընկերությունների բաժնետոմսերի աճի և եվրոպական մի շարք երկրներում ֆոնդային շուկաների խթանմանը: Գերմանական DAX ինդեքսը տարվա սկզբից աճել է ավելի քան 15%-ով, իսկ STOXX Europe 600-ն աճել է 7,7%-ով։ Դրան հակառակ, ԱՄՆ ֆոնդային շուկաները անկում են ապրել։ S&P 500-ը տարվա սկզբից նվազել է ավելի քան 4,1%-ով, իսկ Nasdaq Composite-ը՝ ավելի քան 8%-ով։
Intel-ի բաժնետոմսերը S&P 500-ի շաբաթվա լավագույն ցուցանիշն են ցույց տվել այն բանից հետո, երբ ընկերությունը հայտարարեց, որ նոր գործադիր տնօրեն է նշանակել կիսահաղորդչային արդյունաբերության վետերան Լիպ-Բու Թանին: Այս տեղեկությունից հետո Intel-ի բաժնետոմսերը թանկացել են գրեթե 17%-ով։
Palantir Technologies-ը գլխավորել է ԱԲ ոլորտի աճը։ Ընկերության բաժնետոմսերը ուրբաթ օրն աճել են 8%-ով։ Պատճառն այն է, որ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերի հայտարարությունը, որ ինքը կսատարի 2025թ. կառավարության բյուջեն, ցրել են մտահոգությունները ԱՄՆ կառավարության հնարավոր շաթդաունի վերաբերյալ։ Սա խթանել է ֆոնդային շուկայի վերականգնումը՝ ներառյալ ԱԲ ոլորտի բաժնետոմսերի աճը: ԱԲ ոլորտի բաժնետոմսերը մեծ կորուստներ էին կրել ավելի վաղ, երբ ենթադրվում էր, որ Թրամփի վարչակազմը կարող է կրճատել պաշտպանական բյուջեն: Քանի որ Palantir–ը հսկայական պատվերներ է ստանում հենց պաշտպանական ոլորտից, դրա բաժնետոմսերը մի քանի շաբաթ շարունակ անկումից հետո ի վերջո կորցրեցին արժեքի գրեթե 40%-ը:
Semtech (SMTC) ընկերության բաժնետոմսերը ուրբաթ աճել են 15%-ով այն բանից հետո, երբ կիսահաղորդչային ընկերությունը հայտնել է սպասվածից ավելի լավ արդյունքների մասին: 2025 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի համար Semtech-ը մեկ բաժնետոմսի դիմաց 0,40 դոլարի ճշգրտված շահույթ է հրապարակել՝ գերազանցելով վերլուծաբանների՝ 0,31 դոլարի սպասումները: Զուտ վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 30%-ով՝ հասնելով 251 մլն դոլարի՝ նույնպես գերազանցելով կանխատեսումները:
Docusign ընկերության բաժնետոմսերը ուրբաթ աճել են գրեթե 20%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը հայտնել է 2025 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի համար սպասվածից լավ արդյունքների մասին: Մեկ բաժնետոմսի շահութաբերությունը կազմել է $0,86։ Ընկերության գործադիր տնօրեն Ալան Թիգեսենի խոսքով՝ արհեստական բանականությամբ աշխատող՝ պայմանագրերի կառավարման իրենց նոր հարթակը աճող պահանջարկ է վայելում։ Անցյալ տարի գործարկված այս հարթակն օգնում է բիզնեսին ավելի հեշտությամբ ստեղծել, կազմակերպել և վերլուծել պայմանագրերը՝ խնայելով ժամանակ և գումար:
2025 թվականի մարտի 11-ին Հայաստանի արժեթղթերի շուկայում տեղաբաշխվել է 35 մլրդ դրամի պետական պարտատոմս, որոնք մարվելու են 2027թ. ապրիլի 29–ին։ Հրապարակային աճուրդը ունեցել է 4 մասնակից, որոնց կողմից ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 42․1 մլրդ դրամ։ Տեղաբաշխված պետական պարտատոմսերի միջին կշռված գինը կազմել է 98.0059 դրամ, իսկ եկամտաբերությունը՝ 9.4446 տոկոս:
ԱՄՆ Սպառողների վստահության ինդեքսը մարտին կտրուկ նվազել է՝ հասնելով վերջին 2,5 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին։ Մարտին Սպառողների վստահության ինդեքսը փետրվարի 64,7-ից իջել է մինչև 57,9: Մարդիկ անհանգստացած են նախագահ Թրամփի մաքսատուրքերից, որոնք, նրանց կարծիքով, կբարձրացնեն գները և կվնասեն տնտեսությանը: Ավելացել են նաև գնաճային սպասումները. ապառողներն այժմ ակնկալում են 4,9% գնաճ հաջորդ տարում, ինչն ամենաբարձրն է 2022 թվականի նոյեմբերից ի վեր, և 3,9% գնաճ՝ հաջորդ հինգ տարիների ընթացքում, ինչն ամենաբարձրն է 1993 թվականից ի վեր: Սակագների անորոշությունը և փոփոխվող տնտեսական քաղաքականությունը անհանգստություն են առաջացնում ոչ միայն սպառողների, այլև գործարարների շրջանում: Սա ճնշում է գործադրում Դաշնային պահուստային համակարգի վրա, որը կարող է տոկոսադրույքների ճշգրտման կարիք ունենալ՝ գնաճը կառավարելու համար: Եթե սպառողների վստահությունը շարունակի նվազել, դա կարող է հանգեցնել ավելի քիչ ծախսերի, ինչն ավելի կվնասի տնտեսությանը:
2025 թվականի հունվարին ԱՄՆ աշխատատեղերն ավելացել են 232,000-ով՝ հասնելով 7,740 միլիոնի։ Սա ցույց է տալիս, որ առայժմ աշխատաշուկան դեռ կայուն է։ Այնուամենայնիվ, մարդիկ անհանգստացած են, որ ապագայում աշխատատեղերի պահանջարկը կարող է դանդաղել նախագահ Թրամփի մաքսատուրքերի և կառավարության ծախսերի կրճատման պատճառով: Աշխատատեղերն ավելացել են մանրածախ առևտրի, ֆինանսների և առողջապահության ոլորտներում, սակայն նվազել են այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են մասնագիտական ծառայությունները, ժամանցը և հյուրընկալության ոլորտը, ինչպես նաև պետական աշխատատեղերը:
Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։
Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։





