«Կուբ Ինվեսթ» առաջատար ներդրումային ընկերության նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի ունեցավ «INVESTMENT PERSPECTIVES 2026» կոնֆերանսը, որը մեկ հարթակում համախմբեց ֆինանսական և բանկային ոլորտի առաջատար մասնագետների, պետական գերատեսչությունների ու կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների, ներդրողների և գործարարների:

Կոնֆերանսը ձևավորեց մասնագիտական երկխոսության և փորձի փոխանակման հարթակ՝ բացահայտելով ներդրումային նոր հնարավորություններ և նպաստելով արագ փոփոխվող շուկաներում առավել ճկուն ու հիմնավորված ներդրումային մոտեցումների ձևավորմանը։ Համաժողովը համախմբեց շուրջ 500 մասնակից Հայաստանից և տարածաշրջանից։ Միջոցառման կարգախոսն էր՝ «Քո ֆինանսական տիեզերքը» (Your Financial Universe)։

«Մեր համոզմամբ՝ ապագան ձևավորվում է այսօր՝ առաջադեմ մտածողության, գիտելիքի, փորձի ու միջազգային համագործակցությանմշնորհիվ։ «Կուբ Ինվեսթ»-ը շարունակելու է իր առաքելությունը՝ լինել ոչ միայն մասնակից, այլև՝ ձևավորող ուժ ֆինտեխ դինամիկ ոլորտում: Եվ այս միջոցառումը ուղղված է այս գաղափարի իրականացմանը։ Հայաստանում կապիտալի շուկան մեծ հնարավորություններ ունի, և մենք էլ մեր հերթին նպաստում ենք դրան՝ շահավետ պայմաններ առաջարկելով մեզ հետմ համագործակցել ցանկացող գործընկերներին և ներդրողներին», - նշել է «Կուբ Ինվեսթ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։

Միաժամանակ, կոնֆերանսը կարևոր հարթակ դարձավ նոր գործարար կապերի ձևավորման, հեռանկարային համագործակցությունների հաստատման և ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման համար՝ խթանելով Հայաստանում ու տարածաշրջանում ներդրումային մշակույթի զարգացումը։

«INVESTMENT PERSPECTIVES 2026» կոնֆերանսի ընթացքում «Կուբ Ինվեսթ»-ը ներկայացրեց իր երկու նորությունը`

Ա) Սեփական պարտատոմսերի թողարկումը

Բ) Cube Invest հավելվածը:

Պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 000 000 000 (հինգ միլիարդ) ՀՀ դրամ, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, եկամտաբերության տոկոսադրույքը` առաջին անգամ Հայաստանում սահմանվում է լողացող տոկոսադրույք և առաջին 6 ամսվա համար կազմելու է 10.5%: Սա նաև ունիկալ է նրանով, որ առաջին անգամ Հայաստանում պարտատոմս է թողարկում ներդրումային ընկերությունը:

Կոնֆերանսի հաջորդ առանցքային պահերից էր «Կուբ Ինվեսթ» հավելվածի ներկայացումը։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու հավելվածի հնարավորություններին, այլև գործնական ցուցադրության միջոցով տեսնելու, թե ինչպես է այն աշխատում իրական պայմաններում՝ բացահայտելով հավելվածի հիմնական գործառույթներն ու ներդրումային գործընթացը ավելի պարզ և հասանելի դարձնող լուծումները։

Կոնֆերանսի խոսնակներն էին ներդրումային և ֆինանսական ոլորտի առաջատար ներկայացուցիչներ՝

• «Կուբ Ինվեսթ»-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը,

• Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի՝ FEAS-ի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը,

• Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը,

• Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Անի Մակարյանը,

• C-Quadrat Ampega-յի ֆոնդի կառավարիչ Պետրոս Մարգարյանը,

• Amundi-Acba Asset Management-ի գլխավոր ներդրումային տնօրեն և զարգացման գծով տնօրենի տեղակալ Հրայր Ասլանյանը,

• Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի՝ FEAS-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Արմենուհի Հովակիմյանը,

• Վրաստանի Ֆոնդային բորսայի վերահսկիչ խորհրդի անդամ և Galt & Taggart բրոքերային ծառայության ղեկավար Դավիթ Նիշնիանիձեն,

• Ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիայի՝ FINARM-ի գլխավոր տնօրեն Կարեն Զաքարյանը,

• TBC Capital-ի վաճառքների և թրեյդինգի գծով փոխնախագահ Սանդրո Չանտուրիձեն,

• Dimension Investments-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրիգոր Հարությունյանը,

• Կուբ Ինվեսթի Առևտրային հարթակով բրոքերային ծառայությունների մատուցման բաժնի պետ Սոնա Մադաթյանը,

• IB Technologies-ի գլխավոր տեխնիկական ղեկավար Միքայել Վալասանյանը։

Միջոցառման հատուկ հյուրերն էին՝ JPMorgan Chase & Co.-ի Զարգացող և թվային շուկաների փոխնախագահ Մարտին Մարտինովը և Ֆուտուրիստ, բիզնեսի ու կառավարման համաշխարհային փորձագետ Գերդ Լեոնհարդը:

Մարտին Մարտինովը «Cryptocurrency & Digital Assets in Emerging Markets» ելույթում անդրադարձավ կրիպտոարժույթների և թվային ակտիվների ապագային՝ ընդգծելով դրանց աճող ազդեցությունը ներդրումային շուկաների, ֆինանսական համակարգերի վրա, իսկ Գերդ

Լեոնհարդն իր «The Intelligence Revolution and The Good Future» եզրափակիչ ելույթում անդրադարձավ ապագային՝ նշելով, որ տեխնոլոգիական արագ զարգացումը պետք է դիտարկել ոչ թե ռիսկ, այլ որպես մեծ հնարավորություն։ «Ապագային պետք չէ մոտենալ վախով, այն կարող է լինել ավելի լավը, քան մենք այսօր պատկերացնում ենք» - նշել է նա։ Նրա համոզմամբ՝ «Tool AI, not God AI»՝ արհեստական բանականության դերը մարդուն փոխարինելը չէ, այլ նրա կարողությունները մեծացնելը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան ոլորտի առաջատար փորձագետների հետ քննարկելու ժամանակակից ներդրումային միջավայրի առանցքային հարցերը՝ ինչպես գնահատել ռիսկերն ու բացահայտել նոր հնարավորությունները արհեստական բանականության և արագ զարգացող տեխնոլոգիաների պայմաններում, ինչպես տարբերակել իրական ու երկարաժամկետ արժեքը ժամանակավոր շուկայական միտումներից և, ամենակարևորը, ինչպես կապիտալը վերածել կայուն աճի ու զարգացման արդյունավետ գործիքի։

_____________________________________

«Կուբ Ինվեսթ»-ը հիմնադրվել է 2017 թվականին և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն։ Ընկերությունն առաջարկում է բրոքերային, արժեթղթերի տեղաբաշխման, պահառության և այլ ներդրումային ծառայություններ, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար։

Վերջին տարիներին «Կուբ Ինվեսթ»-ը գրանցել է մի շարք նշանակալի ձեռքբերումներ՝ դառնալով Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ, Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ, անդամակցելով «ՖԻՆԱՐՄ» ֆինանսական շուկայի մասնակիցների ասոցիացիային, ինչպես նաև Եվրոպայի ֆինանսական շուկաների ասոցիացիային (AFME)։ Ընկերությունը ստացել է ISO 27001:2022 տեղեկատվական անվտանգության միջազգային հավաստագիրը, միացել է Tabadul տարածաշրջանային առևտրային հարթակին, իսկ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է ընկերության վարկանիշային հեռանկարը «կայուն»-ից «դրական»՝ վերահաստատելով երկարաժամկետ դեֆոլտի «B-» և կարճաժամկետ «B» վարկանիշները։