Բոստոնի համալսարանից Բրայան Ուոլշի ղեկավարած հետազոտողների խումբը մշակել է ծայրահեղ աշխարհամագնիսական (գեոմագնիսական) փոթորիկներից մոլորակի ակտիվ պաշտպանության հայեցակարգ։ «StormWall» նախագիծը նախատեսում է արբանյակների նավատորմի օգտագործում, որոնք հատուկ նյութեր կփչեն Երկրի մագնիսոլորտում՝ արեգակնային փոթորիկների ազդեցությունը թուլացնելու համար։

«Տիեզերական պատի» գաղափարը

Արեգակնային հզոր բռնկումների ժամանակ արեգակնային քամին բերում է լիցքավորված մասնիկների հսկայական հոսքեր։ Երբ Արեգակի և Երկրի մագնիսական դաշտերը դասավորվում են որոշակի ձևով, տեղի է ունենում մագնիսական վերամիացման (reconnection) գործընթաց, և արեգակնային պլազմայի էներգիան ներխուժում է մերձերկրյա տարածություն՝ առաջացնելով ուժեղ գեոմագնիսական փոթորիկներ։ StormWall-ը պետք է ընդհատի այս վտանգավոր գործընթացը։ Համակարգը ներառում է վեց արբանյակ աշխարհաստացիոնար (գեոստացիոնար) ուղեծրում։ Դրանցից յուրաքանչյուրը կրում է «զանգված-բեռնող նյութի» պաշար՝ այնպիսի նյութեր, ինչպիսիք են բարիումը, լիթիումը, նատրիումը կամ կալցիումը։ Վտանգավոր փոթորկի մոտենալու դեպքում արբանյակները Երկրից տրվող հրամանով փչում են նյութը։ Արևի լույսի ազդեցությամբ այն արագորեն իոնացվում է՝ վերածվելով պլազմայի խիտ ամպի։ Այս արհեստական պլազմային ամպը հզորանում է մագնիսոլորտի սահմանին, դանդաղեցնում է վերամիացման գործընթացը և ստիպում արեգակնային քամուն շրջանցել Երկիրը։ «Մարդիկ միշտ մտածել են. տիեզերքն ահռելի է, Արեգակը՝ հսկայական, մեզ մնում է միայն նստել ու ընդունել այն ամենը, ինչ նա ուղարկում է մեզ։ Բայց մենք պարզեցինք, որ կարող ենք ազդել դրա վրա»,— հայտարարել է Բրայան Ուոլշը։

Մոդելավորման արդյունքները

Գիտնականները հայեցակարգը փորձարկել են վերջին շրջանի ամենաուժեղ փոթորիկներից մեկի՝ 2024 թվականի մայիսյան փոթորկի մոդելի վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ StormWall-ն ընդունակ է նվազեցնել գեոմագնիսական փոթորկի ինտենսիվությունը ավելի քան 50%-ով՝ զգալիորեն թուլացնելով դրա ազդեցությունը արբանյակների, էներգահամակարգերի, GPS-ի և կապի վրա։

Գործնական մանրամասներ

Համակարգի աշխատանքի համար կպահանջվի նյութի այնպիսի քանակություն, որը համարժեք է մոտավորապես մեկ տասնյակ նավթատար բեռնատարների։ Փչումից հետո արբանյակները կորցնում են իրենց օգտակար բեռը. համակարգը մեկանգամյա օգտագործման է։ Սակայն ուղեծրային ենթակառուցվածքների զարգացման և տիեզերական տվյալների կենտրոնների (data centers) աճող քանակի պարագայում նման ներդրումները կարող են տնտեսապես արդարացված դառնալ։ Երկարատև աղտոտման ռիսկը նվազագույն է. արհեստական պլազման արեգակնային քամու կողմից քշվում-հեռացվում է մոտ վեց ժամվա ընթացքում և չի վերադառնում Երկրի մթնոլորտ։

Կարճ ասած

Գիտնականներն առաջարկել են StormWall համակարգը՝ արեգակնային փոթորիկներից Երկրի ակտիվ պաշտպանության համար։ Վեց արբանյակներ կփչեն հատուկ քիմիական նյութեր՝ ստեղծելով պլազմային վահան, որը թուլացնում է մագնիսական վերամիացումը և նվազեցնում գեոմագնիսական փոթորիկների ինտենսիվությունը ավելի քան 50%-ով։ Հայեցակարգը կարող է դառնալ կարևոր գործիք կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության համար՝ արեգակնային ակտիվության աճի դարաշրջանում։ Հետազոտությունը հրապարակվել է Space Weather ամսագրում։