Իլոն Մասկի X Corp ընկերությունն սկսել է X Chat առանձին մեսենջերի փակ թեստավորումը։ Հաղորդագրությունների փոխանակման նոր հավելվածը ներկայացվում է որպես գոյություն ունեցող ծառայություններին առավել անվտանգ և անկախ այլընտրանք։ Այս մասին հայտնում է PCMag-ը՝ հղում անելով TestFlight-ի տվյալներին և xAI-ի արտադրանքի դիզայներ Մայքլ Բոսվելի մեկնաբանություններին։
Ի՞նչ է արդեն հայտնի հավելվածի մասին
X Chat-ի բետա տարբերակը հասանելի է դարձել iOS օգտատերերի սահմանափակ շրջանակի համար TestFlight հարթակի միջոցով։ 1000 հոգու համար նախատեսված սկզբնական քվոտան լրացվել է երկու ժամից էլ քիչ ժամանակում, ինչից հետո մշակողները ընդլայնել են ծրագիրը մինչև 5000 մասնակցի։ Սա խոսում է նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին դեռևս պաշտոնական թողարկումից առաջ։
Ըստ Մայքլ Բոսվելի՝ թիմը հավելվածի վրա աշխատել է մի քանի ամիս և այժմ ակտիվորեն հավաքում է արձագանքներ՝ ծառայությունը լայն գործարկումից առաջ կատարելագործելու համար։ X Chat-ը մշակվում է որպես ինքնուրույն արտադրանք, այլ ոչ թե պարզապես X (նախկին Twitter) սոցիալական ցանցի անձնական հաղորդագրությունների ընդլայնում։
Գործառույթները մեծապես կրկնում են X-ի Direct Messages բաժնի թարմացված հնարավորությունները, որոնք 2025 թվականի վերջին լուրջ արդիականացում էին ստացել.
- գաղտնագրված չատերի ստեղծում,
- մեդիաֆայլերի ուղարկում,
- գաղտնաբառի տեղադրում նամակագրության վրա,
- հաղորդագրությունների խմբագրում,
- ավտոմատ ջնջում ըստ թայմերի։
Առանցքային տարբերությունն անվտանգության վրա դրված շեշտն է։ Իլոն Մասկը բազմիցս քննադատել է գոյություն ունեցող մեսենջերները (ներառյալ WhatsApp-ը և Signal-ը)՝ կասկածի տակ դնելով դրանց պաշտպանվածությունը։ X Chat-ն օգտագործում է գաղտնագրման p2p (peer-to-peer) մոդելը, որը Մասկը համեմատել է Bitcoin-ի ճարտարապետության հետ՝ առանց բանալիները պահպանող կենտրոնական սերվերի։
Ինչու՞ հենց հիմա և ու՞մ համար
Բետա տարբերակի գործարկումը համընկել է մի քանի գործոնների հետ.
- Խոշոր մեսենջերների նկատմամբ անվստահության աճ՝ մոդերացիայի և տվյալների փոխանցման հետ կապված սկանդալներից հետո:
- X էկոհամակարգի ակտիվ զարգացում (վճարային համակարգ, վիդեո, ԱԲ գործառույթներ):
- Մասկի ցանկությունը՝ ստեղծել Telegram-ի, WhatsApp-ի և Signal-ի այլընտրանքը, որտեղ տվյալների վրա վերահսկողությունն ամբողջությամբ կլինի օգտատերերի ձեռքում:
Առայժմ հավելվածը հասանելի է միայն iOS-ի թեստավորողների համար։ Android-ի տարբերակը և հանրային թողարկումը սպասվում են ավելի ուշ՝ ամենայն հավանականությամբ 2026 թվականի ընթացքում։
Հեռանկարներ և ռիսկեր
Եթե X Chat-ն իսկապես առաջարկի անզիջում ծայրից ծայր (end-to-end) գաղտնագրում և հարմար ինտերֆեյս, այն կարող է դառնալ Telegram-ի և Signal-ի լուրջ մրցակիցը։ Սակայն նախագիծն արդեն հարցեր է առաջացնում.
- արդյո՞ք կպահպանվի խոստացված գաղտնիությունը X սոցիալական ցանցի հետ ինտեգրվելիս,
- ինչպե՞ս է լուծվելու սպամի և մոդերացիայի խնդիրը,
- կհաջողվի՞ ներգրավել զանգվածային լսարան՝ առանց սովորական դարձած սթիքերների, ալիքների և բոտերի:
Առայժմ X Chat-ը դիտվում է որպես Մասկի հավակնոտ փորձ՝ ստեղծելու «սեփական Telegram-ը»՝ անվտանգ, ապակենտրոնացված և առավելագույնս օգտատերերի կողմից վերահսկվող։
Կարճ ասած
X Corp-ը (Իլոն Մասկի ընկերությունը) գործարկել է X Chat առանձին մեսենջերի բետա թեստավորումը iOS-ի համար TestFlight-ի միջոցով։ Հավելվածը կրկնում է X-ի անձնական հաղորդագրությունների ֆունկցիաները, բայց ավելացնում է գաղտնագրված չատեր, խմբագրում, ջնջման թայմեր և Bitcoin-ի մոդելով p2p գաղտնագրում։ Թեստավորումը սկսվել է 1000 հոգով և արագ ընդլայնվել մինչև 5000։ Մասկը ներկայացնում է X Chat-ը որպես WhatsApp-ի և Signal-ի առավել անվտանգ այլընտրանք։ Հանրային թողարկումը սպասվում է 2026 թվականին։






