Մարդկային ռեսուրսների կառավարումը դառնում է ժամանակակից ընկերությունների հաջողության առանցքային գործոնը: Արագ փոփոխվող շուկայական տնտեսության պայմաններում տաղանդների, մոտիվացիայի և աշխատակիցների զարգացման հետ արդյունավետ աշխատանքը հաճախ ավելի կարևոր է, քան ցանկացած ռազմավարություն կամ թվեր: Այն մասին, թե ինչպես է առաջացել այս ոլորտը, ինչու է այն անհրաժեշտ և ինչ գործիքներ են օգնում ընկերություններին կառուցել հզոր թիմեր, «Economix»-ի եթերում պատմել է բիզնես խորհրդատու, «Actual Business Partner» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Լաուրա Վիրաբյանը:

Մարդկային ռեսուրսների կառավարման զարգացումը Հայաստանում

Ըստ Վիրաբյանի՝ Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտությունը զգալի զարգացում է ապրել վերջին տասը տարիների ընթացքում: «Վերջին տասնամյակում մենք սկսել ենք ավելի ինտենսիվ խոսել HR-ի մասին, կիրառել համապատասխան գործիքներ և զգացել ենք այս ոլորտի իրական անհրաժեշտությունը»,— նշում է նա:

Նախկինում՝ 2004 թվականից սկսած, անձնակազմի կառավարման տարրերը կիրառվում էին ադմինիստրատիվ ձևաչափով, երբ HR գործառույթները կրում էին կրկնվող և ձևական բնույթ: «Դեռ խորհրդային ժամանակներից գործում էին կադրային մասնագետները, բայց դա ավելի շուտ խնդիրների ադմինիստրատիվ կատարում էր, այլ ոչ թե մարդկային ռեսուրսների լիարժեք կառավարում»,— նշել է նա:

Նրա գնահատմամբ՝ ժամանակակից HR-ի ուղղությամբ առաջին քայլերն արվել են ՏՏ (IT) սեկտորի կողմից: Բարձր տեխնոլոգիաները բերեցին նոր մոտեցումներ և աշխատանքային մշակույթ, սակայն անձնակազմի կառավարման համակարգերի լայն զարգացումն ու ներդրումը տեղի ունեցավ այլ ոլորտներում՝ HoReCa-ում, սպասարկման ոլորտում և մանրածախ առևտրում: Այստեղ անձնակազմի կառավարման հարցերն սկսեցին հատկապես սուր արտահայտվել՝ առաջացնելով բազմաթիվ խնդիրներ, ինչն էլ հանդիսացավ HR ոլորտի աճի խթան:

«Հենց այս խնդիրները՝ կոնֆլիկտների նվազեցումը, կադրային հարցերի լուծումը, գործընթացների կանոնակարգումը, թույլ տվեցին զարգացնել և ինտեգրել այն համակարգը, որն այսօր անվանում ենք HRM-մեխանիզմ»,— պարզաբանում է Վիրաբյանը:

HR-ը դադարել է լինել առօրյա աշխատանք. այն դարձել է բիզնեսի ռազմավարական գործիք

Լաուրա Վիրաբյանի խոսքով՝ Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման շուկան աստիճանաբար հասունանում է: «Մենք ունենք որոշակի տեղեկատվություն ոլորտի մասշտաբների մասին, բայց կցանկանայինք, որ այն լիներ ավելի ճշգրիտ,— ասում է նա: — HR գործիքների կիրառելիության վերաբերյալ հետազոտություններն առայժմ քիչ են: Բայց փորձը ցույց է տալիս. 2020 թվականից սկսած դրանց օգտագործումը կտրուկ աճել է»:

Պատճառը աշխատանքի հիբրիդային ձևաչափի ներդրումն է: «Ռեսուրսն այժմ կարող է աշխատել ոչ թե մեկ վայրից, այլ տարբեր գործատուների մոտ: Սա առաջացրել է նոր խնդիրներ. անհրաժեշտ են ավելի հստակ կանոնակարգեր, հստակեցված գործառույթներ և վերահսկող մեխանիզմներ: HR պրոֆեսիոնալների կարիքն ավելի մեծ է, քան երբևէ»,— բացատրում է Վիրաբյանը:

Փորձագետը նշում է, որ մասնագիտությունը մշտապես էվոլյուցիա է ապրում: «եթե նախկինում մենք պարզապես կադրային մասնագետներ էինք, հետո՝ տաղանդների կառավարիչներ, ապա այսօր մենք ավելի առաջ ենք գնում՝ թվային հարթակներ, ռոբոտացված աշխատանքի կառավարում: HR-ը դադարել է լինել առօրյա աշխատանք. այն դարձել է բիզնեսի ռազմավարական գործիք»,— ասում է նա:

Աութսորսինգային ծառայությունների դերը նույնպես աճում է: «Յոթ-ութ տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ անձնակազմի կառավարումը կարելի է ամբողջությամբ պատվիրակել արտաքին ընկերություններին: Այսօր դա արդեն իրականություն է. նման ծառայությունների պահանջարկը մշտապես աճում է, և մեր ընկերությունը դա հաստատում է»,— եզրափակում է Վիրաբյանը: