Աստղեր ծնվում են նաև այսօր, ասում է աստղաֆիզիկոս և ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանը։ Վիկտոր Համբարձումյանի և Բենիամին Մարգարյանի հետազոտություններից առաջ գերիշխող կարծիքն այն էր, թե բոլոր մոտ 200 միլիարդ աստղերը ծնվել են միաժամանակ՝ 10-15 միլիարդ տարի առաջ։ Սակայն Համբարձումյանն, իր դիտարկումները կատարելով Բյուրականի աստղադիտարանում, ապացուցեց, որ աստղեր ծնվում են նաև այսօր։ «Աստղերի ծնունդը աստղաֆիզիկայի հիմնարար հարցերից մեկն է։ Մենք փնտրում ենք տիեզերքի այն շրջանները, որտեղ կարող են աստղեր ծնվել, և մի քանի ուշագրավ «աստղային ծննդատներ» ենք գտել»,- ասում է Մաղաքյանը։

Նա և իր գործընկեր աստղաֆիզիկոս Տիգրան Մովսիսյանն արժանացել են ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ամենամյա մրցանակին։ Թեման՝ «Աստղերի զարգացման վաղ փուլերում էրուպտիվ ակտիվության դրսևորումները»:

Ըստ գիտնականի՝ էրուպտիվ կոչվում են այն աստղերը, որոնց վրա պայթյուններ, նյութի ժայթքում և այլ երևույթներ են լինում: «Դրանք անչափ հետաքրքիր երևույթներ են»,- ասում է նա։

Մաղաքյանի և Մովսիսյանի հետազոտության մեկ այլ ուղղություն են FU Orionis-ի նման աստղերը՝ ֆուորները: Աստղագետները 1930-ական թվականներին Օրիոնի համաստեղությունում հայտնաբերել են FU փոփոխական աստղը: Այդ աստղը հանկարծակի պայծառացել է՝ վեց ամսվա ընթացքում պայծառությունը մեծացնելով մոտ 100 անգամ: Այն պահպանել է իր պայծառությունը մինչ օրս՝ մի երևույթ, որը երկար ժամանակ մնացել է առեղծված: 1970-ական թվականներին նույն կերպ բռնկվել է Կարապի համաստեղության մի աստղ:

Համբարձումյանը համեմատել է այդ երկու աստղերից ստացված տվյալները և եզրակացրել, որ դրանք այսպես կոչված երիտասարդ աստղեր են՝ իրենց էվոլյուցիայի վաղ փուլերում: Այդ աստղերին «ֆուոր» անունը տվել  Վիկտոր էՀամբարձումյանը: Շուտով հայտնաբերվել է երրորդ ֆուորը, սակայն պարզվել է, որ Տիեզերքում դրանք բավականին հազվագյուտ օբյեկտներ են:

«Օրինակ, փոփոխական աստղերի թիվը, որոնց պայծառությունը փոխվում է տարբեր պատճառներով, մոտ 100 հազարի է հասնում: Իսկ այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են քվազարները և պարուրաձև գալակտիկաների միջուկները, արդեն միլիոնավոր են։

Եվ չնայած երկնքում փոփոխություններ որոնող տարբեր ավտոմատացված համակարգերի, տիեզերական աստղադիտարանների և այլնի օգտագործմանը, ֆուորների թիվը, նույնիսկ մինչև վերջերս, ասենք, վերջին տասնամյակը, այնքան դանդաղ էր աճում, որ քսանից պակաս էր նույնականացվել։

Այժմ, քանի որ համեմատություններն արվում են նոր համակարգչային ծրագրերի միջոցով, թիվը փոքր-ինչ աճել է՝ հասնելով մոտ քառասունի: Ինչպես տեսնում եք, այլ աստղերի համեմատ դրանք չնչին թվեր են։

Եվ պետք է ասեմ, որ մենք՝ Բյուրականում՝ Մովսիսյանը և ես, օգտագործելով Բյուրականի աստղադիտարանի աստղադիտակները և ուսումնասիրելով այդ աստղերի վերաբերյալ արդեն առցանց հավաքված տվյալները, կարողացանք մի քանի ֆուորներ գտնել»,- ասում է գիտնականը։

Մաղաքյանի և Մովսիսյանի հայտնաբերած վերջին ֆուորը շատ ուշագրավ աստղ է, որն, ամենայն հավանականությամբ, ավելի պայծառ է դարձել առնվազն 200 տարի առաջ, դրա հատկություններն այդ ընթացքում զգալիորեն փոխվել են, մինչդեռ պայծառությունը մնացել է անփոփոխ: Այդ հայտնագործությունը ճանաչել և բարձր են գնահատել Միացյալ Նահանգների և այլ երկրների գործընկերները: Նմանատիպ աստղերի որոնումները շարունակելով՝ հայ աստղաֆիզիկոսները հայտնաբերել են, նրանց կարծիքով, շատ երիտասարդ աստղերի նոր ենթատեսակ, «որոնց սպեկտրներում անսովոր բաներ են երևում» և ներկայացրել են դա միջազգային համաժողովում։

«Տարբեր երկրներից՝ Հարավային Կորեայից, Չիլիից, Միացյալ Նահանգներից, Հունգարիայից և Ֆրանսիայից աստղագետների խումբը սկսել է համագործակցել և կազմել է բռնկվող էռուպտիվ աստղերի համատեղ կատալոգ, որը հրապարակվել է վեց ամիս առաջ: Ինձ բախտ է վիճակվել մասնակցելու այդ աշխատանքին և լինելու կատալոգի կազմողներից մեկը»,- պարզաբանում է գիտնականը։

Գիտնականները դիտարկումներ են կատարել Բյուրականի աստղադիտարանի երկու աստղադիտակների միջոցով՝ 1 մետրանոց և 2,6 մետրանոց աստղադիտակներով։ Անհրաժեշտության դեպքում նրանք դիմել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարանի գործընկերների օգնությանը, որոնց մոտ 6 մետրանոց աստղադիտակ է տեղադրված։ Նրանք նաև ժամանակ են ամրագրել Չիլիի աստղադիտարանում դիտման համար և սպասում են իրենց չիլիացի գործընկերների տվյալներին։

Գիտությունների Ազգային Ակադեմիայի մրցանակը շնորհվել է նոյեմբերի 10-ին՝ Հոնուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը։