Հայաստանի տուրիստական արդյունաբերությունը արդեն կարևոր դեր է խաղում տնտեսական աճի գործում և անգնահատելի է տարածաշրջանային զարգացման և աշխատատեղերի ստեղծման համար: Այս մասին այսօր՝ HIF Yerevan-2025 ֆորումի ժամանակ ելույթ ունենալով, հայտարարել է ՄԱԿ-ի Հայաստանի մշտական համակարգող Ֆրանսուազա Ժակոբը:
Հայաստանի կենսաբազմազանությունը՝ թերագնահատված ռեսուրս
Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի բնական ներուժի մասին հստակ և հասկանալի հաղորդակցության ձևավորումը: Ժակոբը ընդգծել է, որ Հայաստանը մտնում է կենսաբազմազանության 30 համաշխարհային կենտրոնների թվի մեջ: Նման փոքր երկրի համար այստեղ զարմանալիորեն բազմազան էկոհամակարգեր կան՝ շատ ավելի մեծ պետությունների մակարդակով: Ժակոբը ափսոսանքով նշել է, որ այդ փաստը բոլորին հայտնի չէ: «Երբ մեկ տարի առաջ ժամանեցի Հայաստան, ինձ պատմում էին քաղաքականության, տնտեսության, անվտանգության մասին: Բայց ոչ ոք չհիշատակեց երկրի բնական հարստության մասին», — նշել է Ժակոբը: Նրա խոսքով՝ քչերը գիտեն, որ Հայաստանի տարածքում կա ավելի քան հարյուր հանգած հրաբուխ, որ Սևանա լիճը աշխարհի ամենաբարձրադիր և խոշոր լճերից մեկն է, իսկ երկրի հարավն առանձնանում է եզակի չորային լանդշաֆտով:
COP կոնֆերանս. Հնարավորություն Հայաստանի և տուրիստական ոլորտի համար
Հիշեցնելով, որ մեկուկես տարի անց Հայաստանը կընդունի կենսաբազմազանության մասին COP կոնֆերանսը, Ժակոբը նշել է, որ այդ իրադարձությունը շատ ավելի լայն է, քան պարզապես երկշաբաթյա հանդիպումը: Այն ներառում է չորս հիմնական փուլ, որոնցից յուրաքանչյուրում կարող է մասնակցել հյուրընկալության ոլորտը: «Առաջին 18 ամիսները նախապատրաստական են: Հայաստանը պետք է ցույց տա, որ պատրաստ է դառնալ առաջնորդ կենսաբազմազանության պահպանման գործում և ինտեգրել էկոլոգիական սկզբունքները տնտեսության տարբեր ճյուղերում», — ընդգծել է Ժակոբը: Նրա խոսքով՝ տուրիստական ոլորտը կարող է ներդրում ունենալ արդեն այս փուլում՝ կայուն պրակտիկաների և իրազեկման միջոցով: Երկրորդ փուլը հենց կոնֆերանսի անցկացումն է: Հյուրընկալության ոլորտի մասնակիցներին պետք է ոչ միայն ապահովել կազմակերպումը, այլև ներկայացնել սեփական ծրագրերը ցուցահանդեսներում և հանրային հարթակներում: Երրորդ փուլը հետկոնֆերանսային է: Երկու տարվա ընթացքում Հայաստանը պարտավոր կլինի հետևել ընդունված համաձայնագրերի իրականացմանը: «Սա գրեթե չորս տարվա գործընթաց է, և տուրիստական ոլորտը դրանում կարևոր դեր է խաղում», — նշել է Ժակոբը: Հիմնական իրադարձություններից մեկը կարող է դառնալ այսպես կոչված Երևանյան նախաձեռնության մեկնարկը, որը կապված է կենսաբազմազանության և տեղական լուծումների հետ: Ինչպես ընդգծել է Ժակոբը, հյուրանոցային և տուրիստական բիզնեսը կարող է դառնալ այս նախաձեռնության խթանման կարևոր ալիք:
Տուրիզմ և կայունություն. ՄԱԿ-ի առաջարկած կոնկրետ միջոցառումներ
Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի Հայաստանի մշտական համակարգող Ֆրանսուազա Ժակոբը, ՄԱԿ-ը, համագործակցելով Տուրիզմի կոմիտեի և Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության հետ, մոտ ժամանակներս, հնարավոր է, կտրամադրի գրավոր առաջարկություններ հյուրընկալության ոլորտի համար: Իր ելույթում նա նշել է հիմնական ուղղությունները, որոնցով արդյունաբերությունը կարող է սկսել գործել արդեն հիմա: «Առաջինը՝ սննդի կորուստներն ու թափոնները կրճատել առնվազն 50%-ով: Մենք հաճախ մոռանում ենք, որ աշխարհում կենսաբազմազանության կորուստների 50%-ը կապված է հենց գյուղատնտեսության, այլ ոչ թե արդյունաբերության կամ շինարարության հետ: Որքան շատ սնունդ ենք մենք դեն նետում, այնքան մեծ վնաս ենք հասցնում բնությանը: Հետևաբար, կարևոր է ոչ միայն վերանայել գործընթացները, այլև աշխատել հաճախորդների հետ՝ փոխելով նրանց վերաբերմունքը սպառման և թափոնների նկատմամբ», — նշել է Ժակոբը՝ հավելելով, որ այս հարցը ուղղակիորեն վերաբերում է նաև Տնտեսության նախարարությանը, որի պատասխանատվության ոլորտում է գյուղատնտեսությունը:
Երկրորդ առաջնահերթությունը նա անվանել է մինչև 2026 թվականը միանգամյա օգտագործման պլաստիկից ամբողջությամբ հրաժարվելը: «Սա հասանելի նպատակ է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ անցումը հնարավոր է, եթե կա քաղաքական կամք և բիզնեսի պատրաստակամություն: Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ պայմաններ՝ կարգավորման և խթանների միջոցով: Բայց կատարումը կախված է հյուրանոցներից և օպերատորներից», — ընդգծել է Ժակոբը: Երրորդ ուղղությունը վերաբերում է ջրային ռեսուրսներին՝ ջրի սպառման օպտիմիզացմանը և կեղտաջրերի մաքրման համակարգերին: Նրա խոսքով, Հայաստանն արդեն բախվում է անապատացման և ջրի պակասի խնդիրներին, ուստի այս հարցը հատկապես արդիական է և պահանջում է համատեղ աշխատանք:
Բացի այս երեք առաջնահերթություններից, Ֆրանսուազա Ժակոբն առաջարկել է նաև լրացուցիչ գործողություններ ոլորտի համար՝ կայուն տուրիզմի միջազգային և ազգային սերտիֆիկացման համակարգերի ներդրում, տեղական մակարդակով բնապահպանական ծրագրերի աջակցություն, համայնքներում էկոտուրիզմի զարգացում, մատակարարներին կայուն պրակտիկաների անցման խթանում, անձնակազմի և հյուրերի էկոլոգիական իրազեկվածության բարձրացում: Ժակոբը նշել է, որ մինչև ամառվա վերջ Հայաստանի կառավարությունը ծրագրում է ներկայացնել Կենսաբազմազանության մասին ազգային ռազմավարություն և գործողությունների ծրագիր: Բոլոր ոլորտները, ներառյալ տուրիզմը, կստանան հստակ պարտականություններ և առաջնահերթություններ: Հատուկ ուշադրություն կդարձվի կայուն ներդրումներին, նախագծմանը, շինարարությանը և սպառողների էկոլոգիական կրթությանը: Քանի որ տուրիստական ոլորտը աճում է, կարևոր է, որ արդեն պլանավորման փուլում հաշվի առնվեն կլիմայական կայունության և էկոհամակարգերի պահպանման նպատակները: Այսօր ընդունվող որոշումները կձևավորեն երկրի տեսքը և նրա արտանետումների մակարդակը առաջիկա տասնամյակների ընթացքում», — ընդգծել է Ֆրանսուազա Ժակոբը:
HIF Yerevan ֆորումը Հայաստանում առաջատար մասնագիտական հարթակ է հյուրընկալության արդյունաբերության զարգացման և միջազգային ներդրումային համագործակցության ամրապնդման քննարկումների համար: Ֆորումի կազմակերպիչն է Stone Development ընկերությունը՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության նախարարության, Տուրիզմի կոմեի, Հայաստանի բանկերի միության, Հայաստանի շինարարների ասոցիացիայի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD), Համաշխարհային բանկի, GIZ-ի և առաջատար միջազգային բիզնես ասոցիացիաների աջակցությամբ:






