Առնվազն 10 միլիարդ դոլար կապիտալիզացիայով ընկերություններից նախորդ շաբաթ ամենամեծ աճը գրանցել է թվային գովազդի պլատֆորմ տրամադրող ամերիկյան The Trade Desk ընկերությունը, որի բաժնետոմսերը անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 31.34%–ով։ Մեկ բաժետոմսի գինը հասել է 71.04 դոլարի։ Հաջորդը Hims & Hers Health–ն է: Առողջապահական ծառայություններ մատուցող ամերիկյան ընկերության բաժնետոմսերն անցած աշխատանքային շաբաթվա ընթացքում աճել են 27.29%–ով՝ հասնելով 51.96 դոլարի։ Հաջորդն անլար և լարային կապ ապահովող սարքավորումների արտադրությամբ զբաղվող Ubiquiti-ը՝ 20.64% աճով։ Ընկերության մեկ բաժնետոմսի գինը կազմում է 413.52 դոլար։

Անցած շաբաթ ամենամեծ կորուստը գրանցած՝ խոշոր կապիտալիզացիայով ընկերությունների եռյակը դեղագործական ընկերություններինն է։ Շարքը բացում է argenx SE ընկերությունը, որի բաժնետոմսերի գինը մեկ շաբաթում նվազել է 15.45%–ով և այժմ կազմում է 549.27 դոլար։ Հաջորդը Vertex Pharmaceuticals–ն է։ Ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 15.20%–ով և հասել 424.99 դոլարի։ Եռյակը եզրափակում է Summit Therapeutics–ը։ Ամերիկյան դեղագործական ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 14.12%–ով և կազմում է 23.96 դոլար։


Ուոլ Սթրիթը շաբաթն ավարտել է առանց էական փոփոխությունների, մինչ ներդրողները սպասում էին հանգստյան օրերին Շվեյցարիայում նախատեսված ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների արդյունքներին: Ուրբաթ S&P 500-ն աննշան նահանջել է՝ 0,07%-ով, Dow Jones-ը՝ 0,29%-ով, Nasdaq-ը գրեթե չի փոխվել։ Շաբաթվա կտրվածքով S&P 500-ը նվազել է 0,47%-ով, Nasdaq-ը կորցրել է 0,27%, Dow Jones-ը՝ 0,16%:


Շաբաթվա վերջին ներդրողներին ոգեւորել են ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցություններում առաջընթացի նշանները։ Արդեն կիրակի երեկոյան ամերիկյան բաժնետոմսերի ֆյուչերսները բարձրացել են: S&P 500–ի ֆյուչերսներն աճել են 1,3%-ով, Nasdaq-ինը՝ 1,6%-ով այն բանից հետո, երբ բանակցողները հայտնել են Շվեյցարիայում երկու օրվա հանդիպումների ընթացքում «զգալի առաջընթացի մասին»: ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են ԱՄՆ-ի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը նվազեցնելու վերաբերյալ «համաձայնության» մասին։


Առեւտրային լարվածության մեղմացման լավատեսությունը դրական է ազդել նաեւ եվրոպական ֆոնդային շուկաների վրա։ Ուրբաթ օրը գերմանական DAX ինդեքսը հասել է ռեկորդային բարձրակետի՝ աճելով 0,6%–ով, իսկ ընդլայնված եվրոպական STOXX 600 ինդեքսը բարձրացել է 0,4%-ով։ Եվրոպական բաժնետոմսերի աճը գլխավորել են էներգետիկ, ապա ավտոարտադրող ընկերությունների բաժնետոմսերը։


Անցյալ շաբաթ ներդրողները 16,2 միլիարդ դոլար են դուրս բերել ԱՄՆ բաժնետիրական ֆոնդերից։  Սա այս ֆոնդերից արտահոսքի չորրորդ անընդմեջ շաբաթն էր։ Ամենամեծ հարվածը ստացել են խոշոր կապիտալով ընկերությունների բաժնետմսերի ֆոնդերը՝ կորցնելով 13,6 մլրդ դոլար։ Հակառակ պատկերն է ԱՄՆ պարտատոմսերի ֆոնդերում։ Դրանք անցած շաբաթ ներգրավել են 3,5 միլիարդ դոլար՝ ամենաշատը վերջին ութ շաբաթվա ընթացքում։ Տարադրամի շուկայի ֆոնդերը նույնպես մեծ թռիչք են գրանցել՝ 28,4 միլիարդ դոլարի ներհոսքով, ինչն ամենաբարձրն է մարտի սկզբից ի վեր:


 Անցած ուրբաթ Pinterest-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 11%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը ներկայացրել է եկամուտների աճի կանխատեսում՝ ցույց տալով, որ համաշխարհային առևտրային լարվածությունը չի ազդում գովազդի շուկայի վրա: Pinterest-ը կայուն արդյունքներ է գրանցել՝ շնորհիվ արհեստական բանականության վրա աշխատող գովազդային գործիքների։ Բացի դրանից՝ հարթակի օգտատերերի թիվը մեկ ամսում աճել է 10%–ով՝  հասնելով 570 միլիոնի:


Tesla-ի բաժնետոմսերը ուրբաթ օրն աճել են 4,7%-ով՝ հասնելով փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Ընկերության բաժնետոմսերը վերջին երեք շաբաթվա ընթացքում աճել են գրեթե 15%-ով, ինչը պայմանավորված է ԱՄՆ-Չինաստան առևտրային բանակցությունների վերաբերյալ լավատեսական տրամադրություններով և նշաններով, որ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը նախատեսում է ավելի շատ կենտրոնանալ ընկերության, քան  Թրամփի վարչակազմում իր գործունեության վրա։ Չնայած այս հաջողություններին, Tesla-ն դեռևս բախվում է Եվրոպայում թույլ վաճառքների մարտահրավերին:


Դաշնային պահուստային համակարգը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 4,25%-ից մինչև 4,5%–ի սահմանում։ Որպես իր որոշման հիմնավորում՝ Կենտրոնական բանկը նշել է տնտեսության վերաբերյալ աճող անորոշությունը, ներառյալ գնաճի և դանդաղ աճի ռիսկերը, ինչը հնարավոր ստագֆլյացիայի նախազգուշական նշան է: ԱՄՆ-ի ՀՆԱ-ն առաջին եռամսյակում նվազել է 0,3%-ով, մինչդեռ գնաճը տատանվում է 2%-ից մի փոքր բարձր: Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելն ասել է, որ տնտեսությունը դեռևս «կայուն վիճակում է», սակայն մաքսատուրքերի և առևտրային քաղաքականության վերաբերյալ մտահոգությունները, հատկապես Չինաստանի հետ, կասկածներ են առաջացնում տնտեսության հեռանկարի շուրջ:


Անգլիայի բանկը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ մինչև 4,25 տոկոս։  Բանկը նշել է, որ նոր առևտրային խոչընդոտները, հավանաբար, կդանդաղեցնեն Մեծ Բրիտանիայի տնտեսությունը և ժամանակի ընթացքում կնվազեցնեն գնաճը: Բանկն այժմ ակնկալում է, որ Միացյալ Թագավորությունում գնաճն այս տարի կհասնի 3,5%–ի և կվերադառնա իր 2% նպատակային ցուցանիշին ավելի շուտ, քան սպասվում էր:


Հետաքրքրվա՞ծ եք ներդրումներով։ Բացահայտեք դրանց հնարավորությունները Apricot Capital-ի հետ։

Apricot Capital-ը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։